Արթնացա, վերցրի հեռախոսս ու, սովորականի պես, սկսեցի համացանցում ինչ-որ բան կարդալ։ Հանկարծ տեսա, որ Գուգլ որոնողական համակարգն իր տարբերանշանը փոխել է։ Պարզվեց՝ այսօր Երկիր մոլորակի օրն է։ Տեղեկություն գտա, որտեղ ներկայացվում էին մանրամասները․
«Ամեն տարի ապրիլի 22-ին տոնում ենք Երկրի օրը: Այսօր արդեն՝ 50-րդ անգամ։ Այս տարի Երկրի օրվա թեման կլիմային է վերաբերում։ Կլիմայական փոփոխության առաջացրած հսկայական մարտահրավերը, որը նաև լայն հնարավորություններ է տալիս, դարձել է Երկրի օրվա 50 տարիների ամենահրատապ հարցը։ Կլիմայի փոփոխությունը մարդկության ապագայի և աշխարհը կենսունակ դարձնող համակարգի ամենամեծ մարտահրավերն է։ Եվ այս համատեքստում՝ Երկրի օրը միասնական պատասխանն է՝ ուղղված այս ճգնաժամին»։
«Իսկ ինչպե՞ս է սա սկիզբ առել»,- մտածեցի ես։
Պարզվեց՝ Երկրի օրն առաջին անգամ նշվել է 1970-ին։ Հենց այդ ժամանակ ԱՄՆ-ում ընդունվել են շրջակա միջավայրին վերաբերող մի շարք օրենքներ․ մաքուր օդի, մաքուր ջրի, վտանգված բուսական կամ կենդանական տեսակների մասին։ Հետագայում՝ այլ երկրներում նույնպես նման օրենքներ են ընդունվել։
«1970-ի ապրիլի 22-ին 20 միլիոն ամերիկացի, որն այն ժամանակ երկրի բնակչության 10%-ն էր, հարյուրավոր քաղաքաներում փողոց դուրս եկավ և բողոքի ակցիա իրականացրեց՝ ընդդեմ շրջակա միջավայրի հանդեպ անտարբերության և Երկիր մոլորակի նկատմամբ նոր վերաբերմունքի պահանջով։
Երկրի օրն այսօր էլ շարունակում է միջազգային նշանակություն ունենալ։
Այս կարևոր օրը մենք պետք է օգտագործենք բոլոր գործիքները և քայլ անենք՝ մեծ կամ փոքր, որպեսզի փոխենք ինչպես մեր կյանքը, այնպես էլ աշխարհը՝ ոչ թե մեկ օրով, այլ ընդմիշտ։ Եվ կապ չունի, թե որտեղ ես, Դու ևս կարող ես ինչ-որ բան փոխել։ Դու մենակ չես, քանի որ միասին կարող ենք պահպանել Երկիր մոլորակը»,- ասում էր հոդվածի մեջ։
«Օրվա հրաշալի սկիզբ էր»,- մտածեցի ես ու բացեցի պատուհանը։
«Շնորհավո՜ր տոնդ, Երկիր»,- բարձրաձայն ասացի՝ վայելելով թարմ օդն ու ծաղկած բալենիների քաղցր բույրը։
Ի դեպ, «Դի Էն Էյ»-ը 2019-ին կազմակերպել է առաջին հայկական պատվիրակությունը աշխարհի ամենամեծ բնապահպանության և կայուն զարգացման կոնֆերանսին EarthX-ին (www.earthx.org), ով ստեղծել է նաև Երկրի օրը: Միջոցառմանը մասնակցում են կազմակերպություններ աշխարհի տարբեր ծայրերից և ավելի քան 200000 մարդ։ Հպարտ ենք նշել, որ DNA-ը հայաստանյան առաջին պատվիրակությունն է, որը մասնակցում է Երկրի օրվան նվիրված միջոցառմանը։ Ու թեև այս տարի, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, բոլորս պետք է հեռավորություն պահպանենք, դա մեզ չի կարող ստիպել մոռանալ հոգ տանել բնության, շրջակա միջավայրի ու Երկիր մոլորակի մասին։ Միջոցառումն այս տարի կանցկացվի առցանց հարթակում և DNA-ը նույնպես իր մասնակցությունը կունենա EarthX 2020-ին։ Այնպես որ, շարունակե՛ք հետևել մեզ։
Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան