Տարբերվող սելֆիներ, լուսանկարների մշակում ու մուտք՝ վիրտուալ իրականություն․ այս ամենը հնարավոր է, եթե հետևում եք հայկական ծագում ունեցող հավելվածների զարգացմանն ու օգտվում դրանցից։ DNA-ը Ձեզ համար առանձնացրել է մի քանի հայկական հավելված, որոնք կյանքն ավելի հարմարավետ ու հետաքրքիր կդարձնեն։
Հասարակ սելֆիից մինչև նկարազարդում
Ի՞նչ անել, եթե սելֆի ունեք, սակայն ցանկանում եք, որ այն ավելի գունեղ, տարբերվող ու գրավիչ լինի։ Հայկական ծագում ունեցող Dzook հավելված արհեստական բանականության շնորհիվ գեներացնում է լուսանկարի իլյուստրացիոն տարբերակը: Պետք է ընդամենը բացել Dzook-ի կայքը և ընտրել լուսանկարը, կամ հեռախոս ներբեռնել համապատասխան հավելվածը։
«Մարդիկ կարող են այդ իլյուստրացիաները պատվիրել տարբեր իրերի վրա․ օրինակ՝ case-երի, շապիկների։ Մենք երկուսից ավել տարի աշխատում էինք նվերների ոլորտում և հասկացանք, որ պատվերները շատ են, չենք կարողանում այդքանը ձեռքով նկարել։ Որոշեցինք պատրաստել մի ալգորիթմ, որն անում է մեր աշխատանքը»,- ասում է հավելվածի համահիմնադիր Ագաթան։
Մուտք՝ վիրտուալ իրականություն
Եթե տարիներ առաջ նկարի մեջ հայտնվել օգնում էին միայն թիթեռները, ինչպես հայտնի «Գտնված երազ» մուլտֆիլմում, ապա այսօր նման հնարավորություն կա, այն էլ՝ հայկական ծագման։ 2008 թվականից ինովացիոն լուծումներ առաջարկող X-Tech ընկերության ստեղծած ARLOOPA հավելվածն առաջարկում է կտրվել իրականությունից և հայտնվել վիրտուալ տարածության մեջ:
Վերջերս հավելվածն օգտագործվել էր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Բջջայինում ներբեռնելով հավելվածը և գտնվելով հավելվածի քարտեզում նշված վայրերից մեկում (օրինակ՝ Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Ա. Խաչատրյանի հուշարձան, Ա. Խաչատրյան փողոց և այլն)` կարելի էր վայելել կոմպոզիտորի 10 ստեղծագործություններից որևէ մեկը:
Արվեստ՝ լուսանկարների միջոցով
Հայկական արմատներով, բայց համաշխարհային հայտնիությամբ Picsart հավելածը նրանց համար է, ովքեր հասարակ լուսանկարն ուզում են իսկական արվեստի վերածել։
Լուսանկարների մշակման հայկական հավելվածը 2019-ի դեկտեմբերի սկզբին Apple-ի app store-ի ամենահաճախ ներբեռնված հավելվածների մեջ երկրորդն էր՝ առաջ անցնելով Youtube-ից, Instagram-ից, Snapchat-ից ու Facebook-ից, և զիջելով միայն չինական Tik-Tok-ին։ Հայկական PicsArt-ը նաև 2019 թվականի ընթացքում աշխարհի 14-րդ ամենաներբեռնված հավելվածն էր։ Ամսական 130 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող հայկական այս հավելվածով ամեն վայրկյան հայկական 600-ից ավելի մշակում է արվում։
«PicsArt-ը որպես օրինակ կարող է ոգևորիչ լինել ապագա սերնդի համար, որ կարելի է լինել միջազգային հարթակում, բայց նաև մնալ Երևանում կամ համայնքում։ Կարծում եմ՝ մարդկանց համար ավելի ստեղծագործ լինելու հնարավորությունն ընդլայնելը նրանց թույլ կտա, որ կարողանան իրենց պատմությունը պատմել»,- ասում է PicsArt-ի կորպորատիվ գործառույթների ղեկավար Մադլեն Մինասյանը։
Լուսանկարների մշակման հայկական ընկերության շուրջ 550 աշխատակցից 51%-ը կանայք ու աղջիկներ են։ Այս փաստը ոգևորել էր ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին, որը Հայաստան իր վերջին այցի ընթացքում հասցրել էր նաև PicsArt-ի գրասենյակում լինել։ 2015 թվականին հայկական հավելվածը ճանաչվել է Ֆորբսի աշխարհի լավագույն 5-րդ ստարտափ մրցանակը:
Զանգ՝ աղմկոտ միջավայրում, բայց «լռության» մեջ
Ի՞նչ անել, եթե կարևոր տեսազանգի կամ առցանց քննարկման եք մասնակցում, սակայն շուրջբոլորն աղմուկ է։ Հայկական ծագման հերթական հավելվածը՝ Krisp-ը, հենց այս նպատակով է ստեղծվել։ Զանգի ընթացքում հավելվածը երկու կողմից էլ հեռացնում է շրջապատի աղմուկն այնպես, որ թե զանգահարողը, թե մյուս կողմում գտնվողը լսում են բացառապես զրուցակցի ձայնը։
Krisp-ից օգտվել կարելի է Skype, Zoom, Viber, Whatsapp և մինչև 800 այլ հավելվածների միջոցով տեսազանգեր կամ զանգեր կատարելիս։ Այն աշխատում է Windows, Mac և IOS համակարգերում։ Նախագծի համահիմնադիր Արտավազդ Մինասյանի խոսքով՝ COVID-19-ի օրերին պահանջարկը կտրուկ մեծացել է։ Մեկ տարվա ընթացքում հայկական ծագման հավելվածը 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել` տարեկան շրջանառությունը հասցնելով մինչև 4 միլիոն դոլարի։ Նման արագությամբ զարգացող հայկական ստարտափի մասին անգամ հեղինակավոր «Ֆորբս» ամսագիրն է գրել՝ այն համարելով 2020-ի՝ արհեստական բանականությամբ զբաղվող 50 ամենախոստումնալից ընկերություններից մեկը։
Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան