Բիզնեսմեն, Microsoft-ի նախագահ, բարերար ու գրքասեր Բիլ Գեյթսը հերթական անգամ գրքեր է խորհուրդ տվել՝ այս անգամ 2020-ի ամռանն ընթերցելու համար։ DNA թիմն ընտրել է դրանցից 4-ն ու առաջարկում է այս ամռանը բաց չթողնել միլիարդատիրոջ խորհրդով շարժելու հնարավարությունը։
«Ընտրություն» (The Choice) – Էդիթ Էվա Էգեր
«Այս գիրքը կիսով չափ հուշագրություն է, կիսով չափ՝ տրավմատիկ փորձը ղեկավարելու ուղեցույց։ Էգերն ընդամենը 16 տարեկան է եղել, երբ ընտանիքի հետ իրեն ուղարկել են Օսվենցիմ (նսցիստական գերմանիայի համակենտրոնացման ճամբար)։ Վերապրելով այդ անասելի սարսափը՝ նա ԱՄՆ է մեկնել և դարձել թերապևտ։ Այդ յուրահատուկ փորձը նրան տվել է զարմանալի խորաթափանցություն։ Կարծում եմ, որ շատ մարդիկ կարող են սփոփանք գտնել նրա տողերում այն մասին, թե ինչպես հաղթահարել դժվար իրավիճակները»,- կարծում է Գեյթսը։
«Ամպե ատլաս» (Cloud Atlas) – Դևիդ Միտչել
«Սա այն վեպն է, որ կարդալուց հետո դեռ երկար եք քննարկելու։ Գրքի սյուժեն փոքր-ինչ բարդ է բացատրել, քանի որ կազմված է 6 փոխկապակցված պատմությունից, որոնք տեղի են ունենում տարբեր ժամանակներում։ Այդ գծերից մեկն առանձնահատուկ եմ սիրել․ այն պատմում է ամերիկացի բժշկի մասին, ով 19-րդ դարի կեսին աշխատում է Խաղաղ օվկիանոսի նավերից մեկի վրա։ Եվ եթե տրամադրված եք կարդալու համոզիչ պատմություն մարդկային վատագույն և լավագույն որակների մասին, ապա գիրքը կկլանի ձեզ, ինչպես ինձ էր կլանել», – գրել է միլիարդատերը։
«Ուղևորություն կյանքի ընթացքում» (The Ride of a Lifetime) – Ռոբերտ Այգեր
«Սա բիզնես-գրականության լավագույն գրքերից է, որ կարդացել եմ վերջին մի քանի տարում։ Այգերը հրաշալի աշխատանք է կատարել՝ բացատրելով, թե ինչ է նշանակում լինել գլխավոր տնօրեն՝ մեծ ընկերությունում։ Եթե փնտրում եք գործնական գաղափարներ կամ պարզապես հետաքրքիր ընթերցանություն, կարծում եմ, այն ձեզ դուր կգա», – ասել է Գեյթսը։
«Լավ տնտեսություն՝ ծանր ժամանակների համար» (Good Economics for Hard Times) – Աբհիջիտ Բաներջի և Էսթեր Դյուֆլո
«Բաներջի և Դյուֆլո ամուսիններն Ալֆրեդ Նոբելի անվան տնտեսագիտության մրցանակի դափնեկիրներ են, մեր ժամանակների ամենախելացի տնտեսագետներից։ Հուրախություն մեզ՝ նրանք շատ լավ են պատմում տնտեսության մասին՝ պարզ լեզվով։ Նրանց նոր գիրքը նվիրված է անհավասարությանն ու քաղաքական անհամաձայնություններին», – պատմել է Գեյթսը։
Նոր գրքերը կարող են փոխել ձեր մտքի ընթացքն ու բացահայտել բոլորովին նոր որակներ ձեր մեջ։ Գիրքն ընտրեք խնամքով, կարդացեք սիրով։
Հեղինակ՝ Անահիտ Հակոբյան