Սոցիալական ձեռներեցություն․ աշխարհն ավելի լավը դարձնելու նոր տենդենցը

Քանի՞ անգամ եք մտածել թանկարժեք մեքենայի, լողավազանով տան ու երկնաքեր հիշեցնող գրասենյակում աշխատանքի մասին։ Վստահ եմ՝ շատ։ Մի հարց էլ․ ինչի՞ հետ եք վերևում թվարկածներն ասոցացնում։ Իհարկե, մարդու, որը շա՜տ գումար ունի։ Բայց արդյոք ամեն բան փողի հետ է կապված։ Հիմա մտածեք այն ճանապարհի, այն ընթացքի մասին, որի միջով մարդն անցնում է՝ այս ամենին հասնելու համար։

Մեկը սկսում է զրոյից, մինչդեռ մյուսը ծնվում է ամեն ինչով։

Այն մեկը, որը ծնվել է ամեն ինչով, բավականաչափ բախտավոր է՝ վայելելու կյանքը։ Իսկ այն մե՞կը, որ ծնվել է ոչնչով, բայց ուզում է ամեն ինչ։ Գտնել լավ վարձատրվող աշխատա՞նք։ Աշխատել  24 և յո՞թ։ Գուցե բիզնե՞ս սկսել։ Քանի՞ անգամ եք մտածել վերջինի մասին և քանի՞ պատճառ է Ձեզ կանգնեցրել այն սկսելուց։  Եթե սեփական բիզնեսը սկսելու, սոցիալական ձեռներեց դառնալու մոտիվացիայի պակաս կա, ուրեմն ճիշտ տեղում եք հայտնվել։ Մենք այստեղ ենք՝ Ձեզ հետ կիսելու մեր գաղափարները։

Նախ հասկանանք, թե ի՞նչ է սոցիալական ձեռներեցությունը։

Այն անհատների, խմբերի, սկսնակ ընկերությունների կամ ձեռնարկատերերի կողմից մոտեցում է, որի ընթացքում նրանք մշակում, ֆինանսավորում և իրագործում են լուծումներ՝ սոցիալական, մշակութային կամ բնապահպանական խնդիրների վերաբերյալ:

  • Առաջինը և ամենակարևորը․ սոցիալական ձեռներեց դառնալը կզարգացնի համայնքն ու շրջակա միջավայրը գնահատելու Ձեր կարողությունները, ինչպես նաև Ձեր մասնակցությունը՝ քաղաքական, սոցիալական ու շատ այլ գործընթացների։ Այն նաև կօգնի Ձեզ՝ կայուն նպատակների ուղղությամբ աշխատելու հարցում։
  • Հենց սկսեք, ընթացքը կոգեշնչի Ձեզ՝ ինչ-որ նոր ու լավ բան ստեղծել և մասնակցել կոնկրետ հարցերի շուրջ կազմակերպված ձեռնարկատիրական գործընթացների, ինչպես, օրինակ՝ շրջակա միջավայրի պահպանությունն է։
  • Եթե թեման բերենք աշխարհի ներկայիս դրությանը, ապա սոցիալական ձեռներեց դառնալը Ձեզ թույլ կտա գտնել տարբեր ճանապարհներ՝ հաղթահարելու COVID-19-ի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը։
  • Դուք կգոգեշնչեք Ձեզ պես երիտասարդների, որոնք, գուցե, վախենում են սկսել, առաջին քայլն անել սոցիալական ձեռնարկատիրության աշխարհում։
  • Դուք կարող եք օգտագործել Ձեր էներգիան՝ լուծելու որևէ կարևոր հարց, ինչը կնպաստի մեր հասարակությանը և շրջակա միջավայրին:
  •  Երիտասարդությունը կյանքի և առաջնահերթությունների հանդեպ այլ մոտեցում ունի, այնպես որ վստահ եղեք՝  եթե շարունակեք մեծ եռանդով աշխատել, շուտով ավելի մեծ ձեռնարկատերերի կողմից աչքի կընկնեք։
  • Ձեր սոցիալական առաքելությունը կարող է աշխարհն ավելի լավը դարձնել, և շուտով դրամական եկամուտը Ձեզ համար կդառնա պարզապես գործիք` աշխարհն ավելի լավը դարձնելուն ուղղված նպատակներն իրագործելու համար։
  • Սոցիալական ձեռներեցությունն ավելին է, քան պարզապես տնտեսական գործունեությունը, քանի որ այն տալիս է դրական և աշխարհում փոփոխություններ բերող լուծումներ այն ժամանակ, երբ մենք դրանց կարիքն ունենք:
  •  Սոցիալական ձեռներեցությունը կարևոր է, քանի որ այն առավելագույնի է հասցնում սոցիալական շահը: Եվ դա անելու համար երիտասարդությունը պետք է յուրատեսակ ճանապարհներ գտնի՝ ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական խնդիրներին կայուն լուծումներ տալու համար։

Եվ հիշե՛ք․ միայն ֆինանս ստեղծելը բավարար չէ։ Որպես մարդ՝ յուրաքանչյուրը պետք է աշխարհը ևս մեկ կարևոր արժեքով ավելացնի։

Ահա թե ինչու՝ մենք այստեղ ենք։ DNA-ը Ձեզ կօգնի համագործակցել համայքնների, կառավարական մարմինների, մասնավոր սեկտորի, ինչպես նաև աշխարհի շատ այլ կազմակերպությունների հետ՝ աշխարհը վերափոխելու և համայնքային կայունություն հաստատելու համար։

Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան