Ուսում՝ համավարակի օրերին․ ինչպե՞ս են աշխարհում վերաբացվել դպրոցներն ու համալսարանները

Աշխարհում կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանից շատ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, անցան ուսուցման հեռավար համակարգի: Սակայն այժմ, երբ մարդկությունը, կարծես, համակերպվել է իրավիճակին, ուսումնական տարվա մեկնարկին դրանք արդեն աստիճանաբար վերաբացվում են։ 

Հայաստանում ուսումնական տարին մեկնարկեց սեպտեմբերի կեսից միայն։ Դպրոցներում աշակերտները  դասերին մասնակցում են դիմակներով։ Դպրոցի մուտքի մոտ կատարվում է պարտադիր ջերմաչափում և ձեռքերի ախտահանում։ Աշակերտին կարող է ուղեկցել ոչ ավել, քան մեկ անձ: Ուղեկցողի մուտքը դպրոց արգելվում է՝ բացառությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների։

Հայաստանի սահմաններից դուրս՝ շատ երկրներ ոչ միայն արդեն վերաբացել են դպրոցներն ու համալսարանները, այլ նաև հակահամաճարակային կանոնների պահպանման կրեատիվ լուծումներ գտել։

Օրինակ՝ Մալազիայի Sunway համալսարանում ուսանողների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու համար լսարաններում ստվարաթղթե «մանեկեններ» են տեղադրել՝ հայտնի մարդկանց կերպարներով։ Դրանց թվում են Ալբերտ Էյնշտեյնը, Հարրի Փոթերի հեղինակ Ջեյ Քեյ Ռոուլինգը, Ուիլ Սմիթը և այլք։ 

Չինաստանում Կրթության նախարարությունը հրահանգել է դպրոցներում պարտադիր ջերմաչափում կատարել՝ տեղական հատուկ ծրագրի միջոցով։ Չինական դպրոցներում դիմակը հանել կարելի է միայն լանչի ժամանակ, իսկ դասերի ընթացքում երեխաներն իրարից առանձնացված են ապակե կամ պլաստիկ միջնորմերով։

Ճապոնիայի քաղաքներից մեկում  հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով երեխաների դասասեղանների վրա հատուկ պլաստիկ ծածկող շերտեր են ավելացրել՝ այնպես, որ երեխաներն անմիջական շփում չունենան։ Ճապոնական մեկ այլ դպրոցում՝ երեխաները բժշկական դիմակներով ու դիմավահաններով են դասերին մասնակցում։

Իսրայելի դպրոցներում դիմակ պարտավոր են կրել 7-ից բարձր տարիքի երեխաները՝ դասասենյակներում, և 4-րդից բարձր դասարանի երեխաները՝ ամենուր և ամբողջ օրվա ընթացքում։ 

Էստոնիայում յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում ինչպես պայքարել համավարակի դեմ։ Կրթության և առողջապահության նախարարությունները միայն խորհուրդ են տալիս օրվա ընթացքում հնարավորինս երկար մեկ դասարանը պահել միևնույն դասասենյակում, հերթափոխեր սահմանել և այլն։

Ուկրաինայի տարածաշրջանները, ըստ վարակվածության թվի, բաժանվում են կատեգորիաների՝ կանաչ, դեղին, նարնջագույն կամ կարմիր։ Եթե ուսումնական տարվա ընթացքում տարածաշրջանը հայտնվի «կարմիր գոտում», դպրոցներում կսահմանվի երկշաբաթյա կարանտին։ Եթե աշակերտի կամ ուսուցչի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա կարանտին կսահմանվի ամբողջ դասարանի կամ դպրոցի համար՝ կախված իրավիճակից։

Եվ նույնիսկ դպրոցների և համալսարանների վերաբացման պայմանները լավագույնը չեն, ինչ կարելի  է առաջարկել երիտասարդ սերնդին, այն ծառայում է անվտանգ միջավայրում գիտելիք ապահովելու կարևոր նպատակին: Կրթությունը գերակա խնդիր է, բայց մենք դեռ չենք հաղթահարել համավարակը, այդ իսկ պատճառով դեռ պետք է շարունակենք հաճախակի աշխատահանել ձեռքերը, դիմակ կրել և ֆիզիկական հեռավորություն պահել:

Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան