Հանգիստը Հայաստանում․ ու՞ր գնալ, եթե սահմանները փակ են, բայց հանգստանալ եք ուզում

Ի՞նչ անել, եթե օդային ու ցամաքային սահմանները փակ են, բայց դրսում ամառ է, հրաշալի եղանակ ու հանգստի համար ամենաճիշտ ժամանակը։ Մինչ Հայաստանը պայքարում է կորոնավիրուսի դեմ, Հայաստանի քաղաքացիներն արտերկրում հանգիստը փոխարինող այլընտրանքային՝ տեղական տարբերակներ են փնտրում։ Մեր այս հոդվածում առանձնացրել ենք 5 վայր, ուր այս ամառ արժի այցելել։ Նաև փորձել ենք ներկայացնել, թե ինչ է այնտեղ փոխվել կորոնավիրուսից հետո։

Ծաղկաձոր

Հայաստանում հանգստի լավագույն վայրերից է՝ ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային սեզոնին։ Գեղեցիկ բնությունից ու զով եղանակից բացի՝ այստեղ նաև կարելի է փորձել 1․4 կմ երկարություն ունեցող ճոպանուղին, որի տևողությունը մոտ 19 րոպե է։ Ճոպանուղին 1967 թվականից է գործում։ Կորոնավիրուսի օրերին այստեղ գրեթե ոչինչ չի փոխվել՝ բացի գնից։ Սովորաբար այն 1500-1800 դրամի շրջանակում էր։ Այժմ, երբ զբոսաշրջիկների հոսքը քչացել է և այցելուները միայն տեղացիներ են, ճոպանուղու արժեքը 2000 դրամի է հասել։

Ենոքավան

Գնվում է Տավուշի մարզում, հենց սարերում: Երևանից հեռու չէ. ընդամենը 143 կմ: Այստեղ փորձել են միավորել բոլորին, ովքեր սիրում են արկածներ, բնություն ու ակտիվ հանգիստ: Սա նաև միակ ուղղությունն է, որտեղ մեկ վայրում միավորվում են մի շարք սիրված արկածներ՝ թռիչքներ զիփլայնով և պարապլանով, պարանների այգի, հորիզոնական ժայռամագլցում, զորբինգ, փեյնթբոլ, ձիով արշավներ և արտաճանապարհային երթևեկության տուր՝ Yell Truck-ով: Օրինակ Զիփլայնից օգտվելու համար Ձեզ այստեղ մինչև 15 հազար դրամ պետք կգա։ Այն կտևի գրեթե 1․5 ժամ։

Տաթև

Հայաստանի ժամանանակակից տեսարժան վայրերի թվում պետք է նշել 2010 թվականին բացված «ՏաԹևեր» ճոպանուղին։ Այն աշխարհի ամենաերկար ճոպանուղին է, որը շարժվում է առանց կանգառի և որի երկարությունը 5․700 մետր է։ Այն կապում է Տաթևի վանքը Հալիձոր գյուղի հետ։ Կորոնավիրուսի օրերին ճոպանուղուց օգտվելիս պետք է դիմակ կրել, քանի որ շարժական փակ խուցը փոքր է և 1․5 մետր սոցիալական հեռավորություն պահելը, 3-ից ավելի ուղևորի դեպքում դժվար է դառնում։

Խնձորեսկ

Սա ամենագեղեցիկ ու ամենատարբերվող կամուրջն է, որը Հայաստանում կտեսնեք։  Խնձորեսկի կախովի կամուրջը կապում է Հին Խնձորեսկը` Հայաստանի ամենախորհրդավոր վայրերից մեկը, ժամանակակից բնակավայրի հետ։ Առաջ անհնար էր հասնել այդ բնակավայրը, քանի որ այն գրեթե կտրված էր աշխարհից։ Այցելուները ստիպված էին միայն հեռվից վայելել բնապատկերները։ 100 մետր երկարությամբ կախովի կամուրջը միացրել է 63 մետր խորությամբ կիրճի երկու կողմերը։ Կորոնավիրուսը այստեղ, կարծես, չի հասել։ Անվտանգության համար պետք է ոչ թե դիմակ կամ ալկոգել վերցնել ձեզ հետ, այլ պարզապես վստահ լինել, որ կամուրջը գերբեռնված չէ։

 Սևանա լիճ

Դե էլ ինչ հայկական հանգիստ՝ առանց Սևանա լճի։ Համեղ ձուկը ճաշակելիս ու լողալիս դիմակ պետք չէ, սակայն լճի ափին հանգստանալիս պարտադիր է կամ դիմակով լինելը կամ սոցիալական հեռավորություն պահելը։ Սա աշխարհի ամենաքաղցրահամ լիճն է, այնպես որ, կորոնավիրուսի շնորհիվ, հնարավորություն կա գոնե մեկ ամառ «զերծ մնալ» ծովերի ու օվկիանոսների աղի ջրից։ Բացի այդ, Սևանա լճի քաղցրահամ ջուրը բազմաթիվ բուժիչ հատկություններ ունի։ Այնպես որ այս դեպքում հանգիստը նաև առողջարար կլինի։

Որ վայրն էլ ընտրեք, կարևորը մի մոռացեք ժպտալ ու վայելել Ձեր հանգիստը, քանի որ, անկախ կորոնավիրուսից, կյանքը դեռ շարունակվում է և այն հիասքանչ է։

Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան