Շատերը իրենց ամառը չեն պատկերացնում առանց ճանապարհորդությունների, բայց այս տարի Covid2019-ով պայմանավորված իրավիճակը կասկածի տակ է դնում անգամ ներքին տուրիզմի իրականացումը: Ըստ Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության՝ այս տարի ամբողջ աշխարհում զբոսաշրջության թիվը կնվազի 20-30%-ով: Օրինաճ՝ «euronews»-ը գրում է, որ Բրյուսելի՝ «Մետրոպոլ» հյուրանոցը, սկասած1985 թվականից ունեցել է զբոսաշրջիկների մեծ հոսք, իսկ այսօր 129 հյուրանոցի աշխատատեղ մնացել է առանց աշխատողների, իսկ հյուրանոցը փակման եզրին է: Համաշխարհային տուրիզմի կենտոնններից մեկը հանդիսացող Իսպանիայի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Յոլանդա Դիասը հայտարարեց, որ Իսպանիայում տուրիստական գործունեությունը մինչև տարվա վերջ չի վերականգնվի: Իտալիայի և Իսպանիայի նման երկրների համար, որոնք ամենից շատ են տուժել կորոնավիրուսի արդյունքում՝ զբոսաշրջության ներդրումը տնտեսության մեջ կազմում էր 13-14% – ից ավելին
Տուրիզմը Հայաստանում
Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը «armenpress.am» -ում ունեցած հարցազրույցի ժամանակ ասել է, որ տուրիստական գործունեության ակտիվությունը կարող է վերսկսել միայն 2021 թվականի ապրիլից հետո: Ենթադրելի է, որ անգամ արտակարգ իրավիճակի դադարից հետո, մեր հայրենակիցները կարող են խուսափել արտերկրում հանգստանալուց: Սակայն սա լավ հնարավորություն կարող է դառնալ` երկրի ներսում հանգիստը կազմակերպելու և սեփական երկիրը ավելի լավ ճանաչելու համար:
Ներգնա տուրեր կազմակերպող Հայկ Կոստանդյանը, ասում է, որ «500 կմ Հայաստանում» անվանումով նախաձեռնություն են սկսել: Չնայած ակտիվ նախապատրաստական աշխատանքներով զբաղվելուն՝ հույսեր չունի, որ այս տարի կկարողանան իրագործել նախագիծը:
«Ապրիլից պետք է ունենայինք տուրիստներ, բայց ամենը խառնվեց իրար: Այս հարվածը, ճիշտ է, շատ է ճնշել, բայց հաղթահարելի է: Ամենից շատ տուժել են զբոսավարները և վարորդները: Չեմ կարծում լինի այնպիսի իրավիճակ, որ վախենանք ինչ-որ երկրից տուրիստ հյուրընկալել: Ինձ մոտ հիմնականում Լիբանանից և Ռուսաստանից են տուրիստները»,- ասաց Հայկ Կոստանդյանը:
Այս ճգնաժամային իրավիճակին զուգահեռ, Հայկը լավատեսորեն է տրամադրված և ադեն օգոստոս ամսին պլանավորում է իրականացնել վրանային ճամբար՝ Բաթումիում և Սևանում:
Դրսում գտնվող հայրենակիցներ
Այս ժամանակահատվածում, երբ անվտանգության պահպանման համար պարտադիր է՝ երկրից չբացակայելը, մեր որոշ հայրենակիցներ, տարբեր իրավիճակներից դրդված, գտնվում են վարակի էպիկենտրոն հանդիսացող երկրներում: Օրինակ՝ ուսումնական ծրագրերով արտերկիր մեկնած երիտասարդները:
Արևիկ Միքայելյանը ուսումնառության մեկ կիսամյակ իր երեք հայրենակցի հետ անցկացնում է Գերմանիայում: Թեև ետ վերադառնալու տարբերակի մասին մտածել էր, բայց կարծում է, որ ճանապարհին վարակվելու հավանականությունը նույնպես մեծ էր:
«Սկզբում ամեն ինչ շատ լավ էր, եվրոպական գույներով քաղաքը շատ ջերմ ընդունեց ինձ ու ես ինձ զգում էի հեքիաթում։ Քաղաքը շնչում էր մարդկանցով ու կյանքը ընթանում էր բնականոն հունով։ Իհարկե, իրավիճակը, որում հայտնվեցի դուրս էր բոլոր հնարավոր պատկերացումներից։ Ունեի իմ ճամփորդական քարտեզն ու երազանքի ուղղությունները, բայց երբեմն կյանքն ինքն է թելադրում խաղի կանոնները։ Երբ վիրուսը սկսեց տարածվել ու ընդգրկել Եվրոպան, երկրները մեկը մյուսի ետևից հայտարարում էին արտակարգ դրություն ու փակում էին սահմանները։ Փողոցները դատարկ էին, խանութների ու սրճարանների ցուցափեղկերը ամեն քայլափոխի հիշեցնում էին, որ կյանքը կանգ է առել։ Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ քաղաքում խուճապային մթնոլորտ չկար, կարծում եմ դա պայմանավորված է քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակով և առողջապահական համակարգի նկատմամբ մեծ վստահությամբ»- պատմում է Արևիկը։
Տեսնելով Գերմանիայում տիրող իրավիճակը, նա կարծում է, որ ազատ զբոսաշրջություն իրականացնելը մոտ ժամանակներս անհնար կլինի և ֆիզիկական այցերին կարող են փոխարինել վիրտուալները:
Կրթական ծրագրի միջոցով, մեկ այլ հայրենակցուհի՝ Անի Հարությունյանը, գտնվում է Հունգարիայում: Անին նույնպես նշում է, որ չնայած երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարված, սակայն խուճապային տրամադրություն չկա:
«Փակվել են բոլոր տեսակի խանութները բացառությամբ սուպերմարկետների: Սուպերմարկետ երիտասարդները կարող են այցելել միայն ժամը 12:00-ից հետո, քանի որ 9:00-12:00 միայն տարեց մարդիկ կարող են այցելել: Մոլեր չեն գործում: Առհասարակ թույլատրվում է տանից դուրս գալ միայն առաջին անհրաժեշտություն ապրանքներ և սնունդ ձետք բերելու համար: Հասարակական տրանսպորտ թույլատրվում է մուտք գործել միայն բժշկական դիմակներով: Եվ շատ ուժեղ վերահսկողություն է սահմանված ամենուրեք ոստիկաններ են, որոնք վերահսկում են, որպեսզի մարդիկ չխմբավորվեն միևնույն տարածքում»,- նշեց Անին:
Անին ասաց, որ թեկուզ վիրուսը նահանջի, լավ կլինի որոշ ժամանակ անցնի ճանապարհորդելու համար:
Ըստ հոգեբան Նաիրա Հարությունյանի, շատ ստրեսային կարող է լինել, երբ ամբողջ տարի ճանապարհորդություն ես պլանավորում և պարզվում է, որ դա անհնար է իրականացնել:
«Մոտ ժամանակներս շատ բան կարող է փոխվել, բայց մարդիկ ամեն ինչին էլ կարող են համակերպվել: Մեր հոգեկանը և մարմինը երկար ժամանակ չեն կարող լարված իրավիճակում գտնվել, քանի որ դա տանում է մեծ էներգիա: Ժամանակի հետ մեր ներքին պաշտպանական մեխանիզմները ադապտացվում են ստեղծված իրավիճակին: Մարդիկ գիտակցելով իրավիճակը՝ կգտնեն շատ այլ տարբերակներ իրենց հանգիստը կազմակերպելու համար: Խրախուսելի է ամռանը փոքրիկ խմբերով կազմակերպել պիկնիկներ բնության գրկում, բարձրանալ սարեր, մասնակցել տարբեր արշավների Հայաստանի ներսում»,- ավարտեց հոգեբանը:
Հեղինակ՝ Մարգարիտա Հարությունյան