Հաճախ հարցազրույցների ժամանակ մեզ հարցնում են, թե որտեղ ենք մեզ պատկերացնում 10 կամ 20 տարի անց։ Շատ դեպքերում բոլորս տալիս ենք զուտ մասնագիտական պատասխան՝ ելնելով այն ոլորտից, որը ներկայացնում ենք։
Իսկ երբևէ փորձե՞լ եք պատկերացնել, թե 20 տարի անց ինչպիսին կլինի աշխարհը, որը շրջապատում է ձեզ, ինչպիսին կլինեն մարդիկ, բնությունը և տարատեսակ երևույթներ, որոնց առնչվում ենք ամեն օր։ Եթե ոչ, ապա մեր հերոսը կօգնի ձեզ պատկերացնել։ Այս անգամ DNA-ը խոսել է մի հերոսի հետ, ով եկել է ապագայից։
«Արևային ակնոցները աչքերիդ, դուրս ես գալիս տնից՝ ցրվելու համար առօրյա միօրինակ աշխատանքից։ Առաջին քայլդ դնելուն պես վայելում ես օդը ու հենց այդ պահին, երբ գտնվում էիր քո ստեղծած հեքիաթի խոստումնալից սկզբնակետում, ինչ-որ ծանր իր ընկնում է ուղիղ գլխիդ։ Գլուխդ բարձրացնում ես վեր և հիշում, որ մոռացել ես պաշտպանիչ գլխարկդ վերցնել։ Արդեն մի քանի ամիս է, ինչ պարտադիր է դարձել պաշտպանիչ գլխարկ կրելը ու դու կրկին մոռանում ես այն դարակումդ։ Ախր, այդ թռչունները արդեն նորագույն միջոցներով են պատրաստում իրենց բները։ Մարդիկ հասցրել են վարժեցնել թռչուններին։ Թռչունները իրենց մեջքին կրում են ծանր սարքեր, որոնց օգնությամբ և՛ պատրաստում են տեխնիկապես հզոր բներ, և՛ բուժում են իրենց վերքերը ինքնուրույն, և՛ հավաքում են իրենց ստեղծած աղբը։ Եվ ահա, այդ սարքերից մեկը ընկնում է հենց քեզ վրա։ Երևի, թե հարստության նշան է, այդպես են ասում մեր օրերում։)
Իսկ հիմա պետք է շարունակել ճանապարհը։ Զգում ես, որ դրսում ամեն ինչ տարբեր է քո տան կրկնվող պատերից, այստեղ կարծես յուրօրինակ մի բան կա, կարծես մարդիկ էլ են տարբերվում քեզնից, նույնիսկ տեսքով։ Չնայած, որ քեզ պատել էին փիլիսոփայական մտքերը, բայց դա ընդհանրապես հետաքրքիր չէր ռոբոտներին, ովքեր հրապարակի մեջտեղում պարում էին տարբեր երկրների պարեր՝ փողոցի անցորդների ուշադրությունը ամբողջովին իրենց վրա կենտրոնացնելով։ Հենց այն պահին, երբ քո ուշադրությունը ևս շեղվեց նրանց կողմ, նրանք ձեռք ձեռքի տված պարում էին քոչարի, այնպիսի ոգևորությամբ, որը դժվար էր չնկատելը։ Պարողների մեջ, կարծես, ինչ-որ հարազատ բան կար։ Եվ այդ պահին, երբ մտածում էիր, թե ինչն է քեզ այդքան հարազատ նրանց մեջ, ուշադրությունդ կրկին շեղվում է։ Այս անգամ գեղեցիկ սիրահար զույգն է շեղում քո ուշադրությունը։ Տղան ու աղջիկը քայլում էին կողք կողքի, հայացքները մերթընդմերթ խաչելով, բայց երբեք չբաժանվելով, նույնիսկ իրար չնայելու ժամանակ։ Աղջկա գրկին կար փոքրիկ ռոբոտ։ Աննկարագրելի նման էր իր ծնողներին։ Երևի, թե զույգի առաջնեկն էր։
Ընտանիք ունենալը կյանքում ամենաէական փուլերից մեկն է, որը հաջողելը շատ կարևոր է։ Սա էր հերթական միտքը, որը պիտի դառնար քո մտորումների առարկան։ Իհարկե, տվյալ մտքի մտորումը ևս կիսատ մնաց, երբ պատահաբար նկատեցիր իր տեսքով տարբերվող սուպերմարկետ։ Այն երևի մնացել էր նախորդ տասնամյակից։ Զարմանալիորեն այնտեղ աշխատում էին մարդիկ, պատասխանում էին հաճախորդների բազմատեսակ հարցերին ու սովորական քարտի փոխարեն, վճարումները կատարում էին ինչ-որ անհասկանալի տեսքի թղթերով ու փոքրիկ կլոր մետաղներով։ Տարբերվող սուպերմարկետ էր, ինչ խոսք։ Կարծես, տարիները փոխել են նաև տարբերվող երևույթների չափանիշները, հետաքրքիր է։
Նայում ես ժամին, նկատում, որ ուշանում ես օնլայն ժողովից ու շտապում ես տուն։ Նույն տեմպերով տուն հասնելու դեպքում կուշանաս ժողովից, կարելի է օդային տաքսիով տուն ուղևորվել, նամանավանդ օդային խցանումները այդքան էլ շատ չեն այսօր։ Ձեռքիդ վրա գտնում ես դեղին սլաքի նշանը, որը քեզ համար պատվիրում է օդային տաքսի։ Տաքսին երեք րոպերից արդեն տեղում էր։ Նստում ես և մեկ ժամվա ոտքի ճանապարհը, անցնում ընդամենը 5 րոպեում։ Վարորդը կարծես, թե նրբանկատ էր ու զգաց, որ շտապում ես։ Օդային տաքսիների առավելություններից մեկն էլ վարորդների առկայությունն է, որը բացակայում է ցամաքային տաքսիների դեպքում։
Արդեն տանն ես։ Մինչ ժողովը դեռ կես ժամ կա, կարելի է մի փոքր լիցքավորվել։ Դարակիցդ գտնում ես լիցքավորմանդ լարերը, միացնում համապատասխան շրջանակին, պառկում բազմոցին ու մեկ տասնամյակ առաջ գործող լեզվով՝ հանգստանում)»։
Ո՞վ է մեր հերոսը։ Առաջին հայացքից կարծես դժվար է հասկանալ։ Գուցե մեր հերոսը ռոբո՞տ է, ում արդեն հատուկ են մտածելու, զգալու, վերապրելու, ձգտելու ու պայքարելու հատկանիշները։ Իսկ գուցե նա մա՞րդ է, ում կյանքը տարիների ընթացքում ռոբոտացվել է ու ով հանգստանալու ժամանակը խնայելու նկատառումներով, արդեն ունի հնարավորություն ինքն իրեն լիցքավորելու։
Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց երբեմն մենք կարիք ենք ունենում նայել ետ, հետո առաջ ու փորձել եզրակացություններ անել փոփոխվող արժեքների ու չափանիշների մասին։ Այն, ինչ երեկ թվում էր անհնար, այսօր արդեն իրականություն է։ Արհեստական բանականությունը օր օրի նոր մեթոդներ է որոնում ու բացահայտում նոր ճանապարհներ՝ մարդկությանը զարգացվածության նոր մակարդակի հասցնելու համար։ Տվյալ տեխնոլոգիական ճանապարհին երբեմն փոխվում են մարդկային տարբեր արժեքներ․ որոշ գծեր մոռացվում են, որոշները՝ ստեղծվում։
Ժամանակը հզոր ուժ ունի։ Այն միշտ շտապում է, վազում է շատ արագ, կոտրում է շատ պատեր ու դրանց միջով նույնպես սլանում՝ երբեմն մեզ չթողնելով մտածել փոփոխվող արժեքների մասին։ Եկե՛ք, վազենք ժամանակի հետ, փորձենք այս խառնաշփոթը դարձնել մի խաղ, որտեղ հենց մենք կստիպենք ժամանակին՝ վազել մեր ետևից:
Հեղինակ՝ Հեղինե Նավասարդյան