Երևանում ծնված 17-ամյա Սեմ Անտոնյանը ստեղծել է «Մաթեմատիկա բոլորի համար» յութուբյան ալիքը, որտեղ ներբեռնում է ուսումնական տեսանյութեր և լուծում տարբեր դժվարության խնդիրներ:
«Ես ներկայացնում եմ խնդիրներ, որոնք առաջարկվել են տարբեր մրցույթների ժամանակ և ցույց եմ տալիս դրանց լուծման տեխնիկան: Այսպիսով, ես մարդկանց ծանոթացնում եմ թե՛ խնդիրներին, թե՛ մրցույթներին: Իմ ուղերձը հստակ է․ ես ուզում եմ ոգեշնչել Հայաստանի «մաթեմատիկական համայնքի» բոլոր անդամներին՝ ավելի շատ ջանքեր գործադրել՝ երեխաների շրջանում մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրությունը խթանելու համար: Մաթեմատիկան հիմքն է Հայաստանում առաջնահերթություն ունեցող ցողունային ոլորտների համար: Մաթեմատիկայի նկատմամբ խորը հետաքրքրությունն ու գիտելիքները կարող են ապագայում ապահովել ավելի ուժեղ հասարակություն և գիտության վրա հիմնված տնտեսություն», – ասում է Սեմը։
2018-ին Սեմն ավարտել է Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցը։ Նույն տարում նրա մայրը պետք է կրթական տեխնոլոգիաների ոլորտում դոկտորական աստիճանի ուսումը սկսեր Ֆլորիդայի համալսարանում: Այդ ամառ Սեմը տեղափոխվեց ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Գեյնսվիլ քաղաք:
«Ես այժմ Գեյնսվիլի Բուխհոլցի ավագ դպրոցում եմ սովորում: Բախտավոր եմ, որ կարողացա այստեղ հայտնվել ու միանալ Բուխհոլցի մաթեմատիկական թիմին: Մեր մարզիչ պարոն Ուիլ Ֆրեյզերը, որը Ուոլ Սթրիթում պարտատոմսերի թոշակառու վաճառող է, այս ակումբը հիմնել է մաթեմատիկայի ազգային չեմպիոններ «ստեղծելու» նպատակով: Նրա նվիրվածության, ինչպես նաև թիմի անդամների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, 2007 թվականից ի վեր մեր թիմը երկար տարիներ զբաղեցրել է ԱՄՆ-ի Մու Ալ-Թետայի մաթեմատիկայի ազգային առաջնությունների առաջին հորիզոնականը»,- ասում է Սեմը:
17-ամյա երիտասարդը խոստովանում է, որ իր ճանապարհը Հայաստանից դեպի Բուխհոլցի մաթեմատիկական ակումբ հեշտ չի անցել: Լեզուն, մշակույթը, աշխատանքային էթիկան, կրթական համակարգն այն մարտահրավերներից են, որոնց նա սկզբում բախվել է:
«Իմ որդեգրած ամենահաջող ռազմավարություններից մեկը բաց ռեսուրսներից սովորելն էր, և մասնավորապես, առցանց մաթեմատիկական ուսուցողական տեսանյութերից: Դա ինձ օգնեց հետ չմնալ, զարգացնել անհրաժեշտ հմտությունները և կուտակել նոր գիտելիքներ: Ժամանակի ընթացքում ես ավելի ու ավելի էի գնահատում առցանց ռեսուրսները և սովորեցի դրանք արդյունավետ օգտագործել: Հետադարձ հայացք գցելով՝ ես հասկացա, որ իմ հայրենիքում հասակակիցներս կարող էին շատ ավելի մեծ հաջողությունների հասնել մաթեմատիկայում, եթե ավելի համակարգված մրցույթներ լինեին դպրոցական, տարածաշրջանային և պետական մակարդակներում: Նրանց նաև կարող էին հետաքրքրել ոչ ստանդարտ կամ դասագրքային թեմաներ և մաթեմատիկայի խնդիրներ: Եվ պարտադիր չէ, որ պահանջվեին հսկայական ֆինանսական միջոցներ և ջանքեր` ներկայիս տեխնոլոգիական դարաշրջանում այդպիսի ռեսուրսներ ստեղծելու համար», – նշում է Սեմը:
Նա կարծում է, որ իր մտքերը երբեք շոշափելի նախաձեռնության չէին վերածվի, եթե չլիներ կորոնավիրուսային համավարակը:
«Ես ուշադիր հետևում էի, թե ինչպես են Հայաստանում ուսանողներն ու ուսուցիչները պայքարում առցանց ռեսուրսների բացակայության պատճառով: Այդպես, ինձ մոտ միտք ծագեց՝ բացել իմ սեփական յութուբյան մաթեմատիկական ալիքը՝ հայերենով: Ես հասկացա, որ կարող եմ փոխել իմ դերը և պասիվ սպառողից վերածվել ակտիվ ներդրողի: Նաև գիտեի, որ սիրում եմ դասավանդել: Զգում եմ, որ աճում եմ`օգնելով ուրիշներին աճել: Ես ոգեշնչվեցի այս գաղափարով`օգնելու իմ համայնքին աճել»:
Ըստ Սեմի, յութուբյան ալիքի ստեղծումն ու առաջխաղացումը շարունակական գործընթաց է:
«Երբ ես նոր էի սկսել, մտածում էի ստեղծել թեմատիկ ուսուցողական տեսանյութեր: Կարծում էի, որ իմ հավանական թիրախը կլինեն հիմնականում միջին և ավագ դպրոցականներն ու նրանց ուսուցիչները: Այսպես, ես իմ ալիքը բացեցի երեք արդիական թեմայի շուրջ: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում, հիմնվելով սոցիալական ցանցերում մարդկանց արձագանքների և իմ լսարանի տարիքային խմբի վրա, ավելի շատ բան իմացա իմ լսարանի նախասիրությունների մասին:
Հիմա զգում եմ, որ նրանք ավելի շատ հետաքրքրված են տարբեր մաթեմատիկական խնդիրների լուծման տեխնիկայի մասին սովորելով։ Այժմ ես հիմնականում տեսանյութեր եմ ստեղծում, որտեղ լուծում եմ տարբեր խնդիրներ ամերիկյան մաթեմատիկական մրցույթներից և ուսումնասիրում դրանց լուծման հետաքրքիր տեխնիկաները», – պատմում է Սեմը։
Նա համար այժմ Յութուբի հետ կապված հստակ ծրագրեր չկան, բայց ասում է, որ կշարունակի տեսանյութեր ներբեռնել և շփվել բոլորի հետ, ովքեր մաթեմատիկայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում:
Հույս է հայտնում, որ իր նախաձեռնությունը կընդլայնվի, և մարդիկ իրենց սեփական յութուբյան ալիքները կբացեն, մաթեմատիկական նախաձեռնություններ կսկսեն ու կնպաստեն Հայաստանի մաթեմատիկական համայնքի բարգավաճմանը։
Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան