Քանի դեռ մարդիկ շարունակում են տանը փակված մնալ՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով, Երկիր մոլորակը դանդաղ վերականգնվում է։ Սա հենց այն ժամանակն է, երբ նրանք կարող են տեսնել՝ որքան մեծ և ուժեղ է իրենց ազդեցությունը բնության, կենդանական աշխարհի ու շրջակա միջավայրի վրա։
Սա այն ժամանակն է, երբ մարդիկ գիտակցում են, որ իրենք էլ այդ միջավայրի մի մասն են, և իրենց ամեն քայլը կարող է լավ կամ վատ կերպով ազդել բնության վրա։
Այսպիսով, ի՞նչ է կորոնավիրուսային պանդեմիան փոխել շրջակա միջավայրում։
Գեղեցիկ ճարտարապետություն և հարուստ մշակույթ ունեցող Իտալիան, որը կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից է, շրջակա միջավայրում փոփոխություններ է ունեցել․ բարեբախտաբար, դեպի լավը։
Օրինակ, վերջին տարիներին առաջին անգամ՝ Վենետիկի ջրանցքներում ձուկ, մեդուզա և այլ ջրային կենդանիներ են հայտնվել, քանի որ տարածքն այլևս զբոսաշրջիկներով լցված չէ։ Այս ընթացքում Վենետիկի ջրանցներում նաև ավելի քիչ նավակներ են լողում։
1․3 միլիարդ բնակչություն ունեցող Հնդկաստանը հայտնի է որպես աշխարհում ամենաաղտոտված օդն ունեցող երկրներից մեկը։ Այժմ, երբ կորոնավիրուսի պատճառով տեղացիները ստիպված են տանը մնալ, շրջակա միջավայրը զգալիորեն փոխվել է։
Վերջին մի քանի տասնամյակում առաջին անգամ՝ Հնդկաստանում կարելի է տեսնել Հիմալայները, քանի որ օդի աղտոտվածության մակարդակը նվազել է։
Նույնը տեղի է ունեցել այլ խոշոր քաղաքներում․ Լոս Անջելես, Նյու Յորք, Միլան, Բարսելոնա, Լոնդոն, Մոսկվա։ Քաղաքներում, որտեղ օդի աղտոտվածությունն ամենաբարձր մակարդակի վրա էր, այժմ 60%-ով մաքրվել է։
Սկզբում Չինաստանում, ապա Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում և տասնյակ այլ երկրներում, ածխաթթու գազի և ազոտի երկօքսիդի մակարդակն օդի մեջ նվազել է մոտ 40%-ով՝ մեծապես բարելավելով օդի որակը և նվազեցնելով ասթմայի, սրտի կաթվածի և թոքերի հիվանդությունների ռիկսը։
Օդի աղտոտվածության մակարդակի իջեցմամբ, վայրի կենդանիներն էլ սկսում են դուրս գալ իրենց «հարմարավետության գոտուց» և շրջել քաղաքներում։ Համավարակի շրջանում, հետաքրքիր կերպով, նրանք, կարծես, մարդկանց դերն են ստանձնել։
Այս ամենից զատ, կորոնավիրուսային դրության հետևանքով աշխարհն այժմ ավելի քիչ է շարժվում, քանի որ երկնքում թռչող ինքնաթիռները քչացել են։ Նվազել է նաև ծուխը, որն արտադրվում էր ինքնաթիռների շարժիչից։
Տասնամյակներ շարունակվող ճնշումից հետո մարդկային ազեցությունը Երկիր մոլորակի վրա թեթևացել է։ Հենց այդ պատճառով էլ մոլորակը խաղաղվել և այժմ «բուժվում է»։
Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան