Ուրիշի փողերը հաշվելով․ բիզնեսի 3 ծաղկող դաշտ աշխարհում՝ մինչ մենք կարանտինում էինք

Ճգնաժամային իրավիճակներն ու կորոնավիրուսի պանդեմիան տարբեր կերպ են ազդել ու ազդում բիզնեսի տարբեր ոլորտների «առողջության» վրա։ Մարտի սկզբից՝ աշխարհում ալկոգելի ու բժշկական դիմակի արտադրությունից բացի, զարգացան ու աճեցին նաև այլ ոլորտներ՝ հաստատելով՝ ճկուն «մտքերի դեմ» ոչ մեկ մեկի դեռ չի հաջողվել իմունիտետ ձեռք բերել․ կան բիզնեսներ, որոնք աճել են, աճում են ու, հնարավոր է, աճեն։

DNA-ի փորձել է 3 տարբերակ գտնել 3 տարբեր ոլորտներից, ու ծաղկաքաղ անել՝ որ ոլորտում ինչ փոխվեց, աճեց, զարգացավ։

Պանդեմիայի ժամանակ, կարանտինի մեջ, բայց հայացքը դեպի պայծառ /ապագան/Netflix-ը

«Գիրք կկարդամ, կմարզվեմ, նոր լեզու կամ ասեղնագործություն կսովերեմ» պլանների գլխավոր խառնողներից մեկը հենց Netflix-ն է՝ իր մեդիաարտադրանքով, սերիալներով։ Ըստ տվյալների՝ ամերիկյան առաջատարի հոսքային ծառայությունները կարանտինի ընթացքում աճել են 12%-ով։
 2020-ի առաջին եռամսյակում ընկերությունը ստացել է $709 մլն, ինչը երկու անգամ ավելին է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Netflix-ի ակցիաները Ուոլ Սթրիթում աճել են ռեկորդային  4,8%-ով։ Ընկերությունն ակնկալում է, որ հաջորդ եռամսյակում $800 մլն-ի եկամուտ կունենա։ Ու սա այն դեպքում, երբ ընկերությունը մարտի երկրորդ կեսից արդեն դադարեցրել էր որոշ սերիալների նկարահանումները։

Netflix-ի սերիալների դիտողականության վրա չի ազդել (կամ դրական է ազդել) անգամ Miami Ad School գովազդային դպրոցի ուսանողների արշավը՝ փողոցները սերիալների սփոյլերներով պատել, որ մարդիկ տնից դուրս չգան։ 

Ռեստորանը՝ կարանտինում, կարանտինը՝ ռեստորանում

Սոցիալական հեռավորություն պահելու պահանջը գլխավորներից ու կարևորներից է, համարյա՝ ինչպես սնվելունը։ Ու չնայած կարանտինին ռեստորան ու սրճարան գնալ հնարավոր չէր, բայց բիզնեսն արդեն վաղուց «առաքում» կոճակով էլ է աշխատում։

Ոչ առաքմամբ ու ոչ էլ ավանդական տարբերակով․ բոլորովին վերջերս շվեդ մի զույգ մեկհոգանոց ռեստորանի գաղափար է մշակել ու մայիսի 10-ից այն կբացի։ Bord för En (շվեդերենից թարգմանաբար՝ «սեղան մեկի համար») ոչ սովորական ռեստորանը տեղակայված է Ռանսեթեր քաղաքին հարակից մարգագետնում և, ըստ կոնցեպտի` կարող է օրը միայն մեկ հաճախորդի ընդունել։

Լինդա Կարլսոնի և Ռասմուս Փերսսոնի մոտ ռեստորանի միտքը ծագել է՝ տարեց ծնողների անակնկալ այցից։ Զույգը որոշել է հետևել սոցիալական հեռավորություն պահելու բոլոր կանոններին, իսկ նախկին շեֆ խոհարար Փերսսոնը պատրաստած ուտեստները պատուհանից փոխանցել է հարազատներին։

Բաց դաշտի մեջ գտնվող ռեստորանում կա մեկ ճաշասեղան ու աթոռ, և չկա մատուցող․ ուտեստը խոհանոցից այցելուի սեղանին է հասնում պարանին կապված զամբյուղով։

Զույգը պլանավորում է ռեստորանն աշխատեցնել մինչև օգոստոսի 1-ը, դեռ հայտնի չէ, թե ինչ հաջողություն կունենա այս «մարգագետնային բիզնեսը», բայց աշխարհում հայտնի փաստ է՝ շվեդական սեղանների հանդեպ սերը, թաքցնելու ու պահելու բան չէ՝ մանավանդ գուրմանների համար։

Բրիֆինգ թիմով ու Zoom-ով

Տնտեսական վնասը՝ վնաս, սակայն կան նաև մասնագիտություններ, որոնք ճկուն են հաջողակ բիզնեսմենի պես և միշտ արդիական՝ դասական նորաձևության նման․ IT աշխարհը, մաքրեթինգի, PR-ի ոլորտն ու նույնիսկ դպորցներն ու համալսարանները պանդեմիայի ժամանակ անցան հեռավար գործ ու դասի։ Արդյունքում  տեսակոնֆերանսների Zoom ծառայության հիմնադիր Էրիկ Յուանը $2 մլրդ վաստակեց կարանտինի ժամանակ։ Նա հայտնվել է աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց թվում՝ $5.6 մլրդ եկամտով, որից 2 մլրդ-ը վաստակել է 2020-ին։ Միայն մարտի վերջին ընկերության ակցիաներն աճել էին 30%-ով։ Շատ երկրներում ու բազմաթիվ ոլորտներում արդեն սովորություն ու սովորական է դարձել նաև հեռավար աշխատանքը, դասն ու քննարկումը։ Եվ ուրեմն, կանխատեսենք, Յուանն ամենահարուստների ցանկից հեշտ դուրս չի գա։


Չնայած դժվարություններին ու սահմանափակումներին՝ մեզնից յուրաքանչյուրը գոնե մի միտք ու գաղափար ունի, որի մասին մտածելիս կամ խոսելիս սիրտը տեղից թռչելու փորձեր է անում «առողջապահական արգելքներով», թե առանց դրանց՝ մենք ևս կարող ենք սրտի ուզած գործն անել՝ այս անգամ արդեն հաշվի առնելով՝ նույնիսկ ծաղկող բիզնեսին Պլան B է պետք ու ճկուն ուղեղներ։

Անահիտ Հակոբյան