Ուսանողը՝ Համալսարանի Անփոխարինելի Մասնիկ

Դպրոց-համալսարան անցման շրջանի կարևորության, մոտիվացիայի աղբյուրների և երազանքի համալսարանի մասին DNA-ը խոսել է Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Թանթուշյանի (Ս․Թ․) և Երևանի պետական համալսարանի ուսանողուհի Անի Մկրտչյանի (Ա․Մ․) հետ։

Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել դպրոցհամալսարան անցումը

Ս․Թ․ «Առաջին կարևոր փուլը՝ ապագա համալսարանի կրթական համակարգի, մեթոդաբանության, դասախոսների և արժեքների հետ ծանոթացումն է։ Ամեն համալսարան ունի իրեն հատուկ արժեհամակարգ, որին համապատասխանելու դեպքում արդեն ուսանողը հստակ որոշում է կայացնում՝ դիմել տվյալ համալսարան, թե ոչ։ Երկրորդ փուլը իրենից ենթադրում է աշակերտին, , ով պատրաստվում է դառնալ ուսանող, ներկայացնել համալսարանի որոշ հիմնական կետեր։ Դրանք կարող են լինել էական հմտություններ և հասկացություններ, ինչպես օրինակ՝ քննարկումներ վարելու հմտությունը, քննությունների ընթացքում արտագրելու վատ կողմերը, նմանօրինակ աշխատանքների ներկայացման բացահայտման կանխատեսելիությունը և այլն»։

Ա․Մ․ «Հիմնվելով իմ անձնական փորձի վրա՝ կասեմ, որ տվյալ համալսարանն ավարտած ուսանողների հետ զրուցելը, հետաքրքրվելը տվյալ ֆակուլտետի առավելություններով ու թերություններով, հնարավոր բարդությունների հետ ծանոթանալն ու սեփական ունակությունները ճիշտ գնահատելն է, որ մեզ ուղղորդում է այն համալսարան և ֆակուլտետ, որն իսկապես մեզ համապատասխանում է»։

Սովորելու ընթացքում որտե՞ղ փնտրել մոտիվացիա

Ս․Թ․ «Շատ մեծ նշանակություն ունի ոչ միայն ուսանողի, այլ նաև դասախոսի դերը համալսարանական կյանքը մոտիվացված դարձնելու գործընթացում։ Դասախոսն ինքն իր կերպարով պետք է մոտիվացիայի աղբյուր դառնա ուսանողի համար։

Ուսանողին տալով տարբեր հմտություններ՝ (թիմային աշխատանք, գրելու, լսելու), կարելի է զարգացնել նրա ուժեղ կողմերը և թույլ չտալ կոտրվել։

Գնահատման համակարգի ճիշտ կազմումը ևս կարող է խթանել մոտիվացիայի առաջացմանը։ Ուսանողին մեծ նախագծերի մեջ ներառելով՝ կարելի է ցույց տալ դասավանդվող առարկաների գործնական նշանակությունն ու ավելի մեծ հետաքրքրքություն առաջացնել առարկայի նկատմամաբ»։

Ա․Մ․ «Ուսանողին մոտիվացնում են իր հետ կողք կողքի սովորող ուսանողները, և մշտական մրցակցությունը։ Տեսնելով, որ կողքինդ անում է ամեն ինչ՝ իդեալական արդյունքի հասնելու համար, քո չափանիշները ևս փոխվում են։ Մարդկային տարբեր տեսակների հետ շփվելով՝ մոտիվացվում ես անգամ անկումներից ու վայրէջքներից, երբ հասկանում ես, թե ինչ իրավիճակների մեջ կարող ես հայտնվել իրական կյանքում։ Այնուամենայնիվ, ուսանողին մոտիվացնող ամենահզոր ձևը՝ իր աչքի առաջ, ժամանակի հետ քայլող դասախոսների օրինակ ունենալն է»։

Երազանքների համալսարանը

Ս․Թ․ «Ուսանողների երազանքների համալսարանը, կարծում եմ, այդքան էլ անհնար չէ ստեղծելը։ Այն պահանջում է բաց դռների ու դասերի կազմակերպում՝ ավելի արդյունավետ ձևով ներկայացնելով համալսարանի իրական դինամիկան, մենթորների և հրավիրյալ դասախոսների ներգրավածությունը, ինտեգրացիոն ծրագրերի մշակումն ու ծանոթացում համապատասխան ոլորտի մեծ ընկերությունների հետ՝ ցույց տալով, թե ինչպիսին է կյանքը աշխատավայրում»։

Ա․Մ․ «Կիրառելի առարկաների դասավանդումը, նոր մեթոդների կիրառումը, տեխնոլոգիական առաջընթացի հետ ծանոթացումը ցանկացած ոլորտում կստեղծի այդքան երևելի համալսարանի մոդելը։

Ուսանողը հաճույքով է սովորում 3 դեպքում․ երբ իրեն տրվող նյութը հետաքրքիր է, երբ տեսնում է տրված նյութի գործնական կիրառելիությունը, երբ տրված նյութը բարձրացնում է ընդհանուր զարգացվածության մակարդակը։ Նույն ինֆորմացիան տարիներ շարունակ լսելուվ՝ ուսանողը հոգնում է և չի ծանոթանում տվյալ ոլորտի ժամանակակից գործիչներին ու գործածություններին»։

Խորհուրդ դասախոսին և ուսանողին

Ա․Մ․ «Դասախոսներին խորհուրդ կտամ՝ փորձել հասկանալ ուսանողին և ընդունել նաև նրա կարծիքը․ գուցե ուսանողը նույնպե՞ս կարող է ճիշտ մտքեր հայտնել։)

Ուսանողներին խորհուրդս կլինի՝ սիրել ընտրած ոլորտը՝ անկախ ընթացքում առաջացած դժվարությունների, և սեր դնել ցանկացած ընթացիկ գործի մեջ»։

Ս․Թ․ «Դասախոսներին խորհուրդ կտամ՝ մշտապես նորարար մոտեցումներ օգտագործել, ժամանակի հետ շարժվել և ուսանողի հետ իրենց հավասար դասել։

Ուսանողներին խորհուրդ կտամ՝ ցանկացած հարցում լինել քաջ, մաքսիմալ հարցերով «քամել դասախոսին», երբեք չզբաղվել ինքնախաբեությամբ, ընտրած ուղղությամբ չհետաքրքրվելու դեպքում՝ պարտադիր քայլեր ձեռնարկել այն փոխելու համար»։

Հեղինակ՝ Հեղինե Նավասարդյան