Նոր հայացք ուսանողական կյանքին

Մոտենում է նոր ուսումնական տարին, իսկ ուսանողների աչքերով համալսարանն ու ակադեմիական կրթությունն այլ է: Կարևորելով ուսանողներին որպես ապագա մասնագետ՝ DNA-ը այս անգամ զրուցել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ուսանող՝ Իրինա Բադալյանի, ՀԱԱՀ Տեխնոլոգիական ֆակուլտետի ուսանող՝ Անի Ղազարյանի և Հայ-ռուսական համալսարանի ՄՌԿ բաժնի մագիստրոս Տիգրան Ղուշչյանի հետ:

Ուսանողական կյանքը մինչ  COVID-19

Տ. Ղ. ‹‹Մինչ համավարակն ընկած ժամանակահատվածն ուսանողական կյանքն առավել աշխույժ էր, և առկա էին ազատ ժամանակի կազմակերպման լայն հնարավորություններ։ Այժմ յուրաքանչյուր կարևոր գործընթացի հիմքում ընկած է համացանցի գործոնը, որը, շատ դեպքերում, որոշիչ դեր է ունենում։

Ուսանողների համար կիսասթրեսային իրավիճակ առաջացրեց անցումը առցանցի, բայց սթրեսը կարճատև էր, քանի որ նրանք աստիճանաբար հարմարվեցին դասերի այսպիսի ֆորմատին։

Այս ամենը սովորեցրեց կարևոր մի բան․ կյանքը փոփոխական է ու լի անակնկալներով՝ լավ և վատ, հաղթանակած և պատվով դուրս գալու համար պետք է լինել ճկուն, կայուն՝ փոփոխությունների նկատմամբ և երբեք չպետք է դադարել սովորել, ինչ էլ որ պատահի››։

Ակնկալիքներ նոր ուսումնական տարվան ընդառաջ

Տ. Ղ. ‹‹Սպասելիքները շատ մեծ են, քանի որ յուրաքանչյուր նոր կրթական միջավայր մեզ գիտելիքից զատ տալիս է նաև նոր ընկերներ, ծանոթություններ և կապերի ձեռքբերման հնարավորություն››:

Ա. Ղ. ‹‹Այս տարի ավելի քան կարևոր է մասնագիտությունների արդիականությունը, իսկ ես, որպես պարենամթերքի փորձագետ, այն համարում եմ  ազգային անվտանգությանը հավասարազոր հարց››:

Ուսանող լինելու առավելություններն ու թերությունները

Ի. Բ. ‹‹Ուսանողական կյանքը ամենակարևոր ժամանակահատվածն է, երբ շրջապատված ենք ընկերներով, դասախոսական կազմով և նրանց հետ հաղորդակցումը հանգեցնում է նոր գաղափարների  առաջացմանը: 

Որպես թերություն՝ հաճախ ժամանակը չի բավականացնում որևէ այլ բանով զբաղվելու››: 

Ա. Ղ. ‹‹Մասնագիտական առումով համալսարանը գործնական գիտելիքներ չի տալիս, իսկ հեռակա ուսուցման դեպքում հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր մասնագիտություն››:

Ուսանողական կյանքի ազդեցությունն անձնային աճի վրա

Ի. Բ. ‹‹Ակադեմիական կրթությունը մեզ  դարձնում է ավելի պատասխանատու, ճշտապահ, ճանաչում ենք շրջապատին, ձևավորվում է անձի անհատականությունը, սովորում ենք լինել ինքնուրույն››:

Ա. Ղ. ‹‹Մարզերի ուսանողների դեպքում՝ կապերի շրջանակն ընդլայնելն ու զարգացումը տարիների ընթացքում նպաստում են պրոգրեսիվ աճին››:

Ուսանողի կյանքում առկա խնդիրներ

Տ. Ղ. ‹‹Ժամանակակից ուսանողի կյանքը լեցուն է նորանոր ձեռքբերումներով և հաղթանակներով, սակայն դրանց հասնելու ճանապարհին բախվում ենք բազում խոչընդոտների և խնդիրների։

1.Ուսման վարձ, որը վճարելու հնարավորություն, ցավոք, ոչ բոլորն են ունենում։ Սակայն այժմ ունենք ընտրության հնարավորություն հանճախել մասնավոր դասընթացների և կարճ ժամանակում ձեռք բերել նոր մասնգիտություն:

2. Սոցիալականացման խնդիր. հաճախ նոր ընդունված ուսանողները դժվար են ինտեգրվում նոր միջավայրին, ինքնահաստատվում և սեփական իմիջը ձևավորում։ 

3.Կարևոր է նաև քնի ռեժիմի պահպանումը, քննաշրջանները՝ իրենցից բխող սթրեսներով, ազատ ժամանակի ու ժամանցի ճիշտ կազմակերպումը և այլն››։

Խորհուրդ ուսանողին

Տ. Ղ. ‹‹Ժամանակակից ուսանողին խորհուրդ եմ տալիս լինել սթրեսադիմացկուն, կայուն բնավորությամբ, իմանալ, որ համալսարանն ավարտելուց հետո գիտակցելու եք, որ ստացած գիտելիքները բավարար (նաև արդիական) չեն միանգամից աշխատանքի տեղավորվելու համար։ Այդ պատճառով պետք է ուսանողական տարիներն օգտագործել մասնագիտական արդի գրականության, տենդենցների ուսումնասիրության և, ինչու ոչ, բազմակողմանիորեն զարգանալու համար››։

Ա. Ղ. ‹‹Քանի որ շատ մասնագիտություններ այսօր վերացման վտանգի տակ են, ապագայի մասնագետները պետք է  չկենտրոնանան միայն մեկ մասնագիտության վրա և  կսահմանափակեն իրենց հնարավորությունները››:

Հեղինակ՝ Անի Խաչատրյան