Մենթորներ․ ովքե՞ր են նրանք և ի՞նչ դեր են խաղում մեր կյանքում

Ներկայիս զբաղված աշխարհում շատերը վարձում են մենթորների կամ մարդկանց, որոնք օգնում են կազմակերպել իրենց աշխատանքն ու ժամանակը: Մենք փորձել ենք առավել մանրամասն անդրադառնալ թեմային՝ զրուցելով պրոֆեսոր Միքայել Քուչակջյանի հետ: Նա ՀԱՀ Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջում դասավանդում է կառավարում և ձեռներեցություն։

– Պարո՛ն Քուչակջյան, նախ փորձենք հասկանալ՝  ի՞նչ է մենթորը:

Մենթորինգը շատ կարևոր ու ճկուն հասկացություն է։ Այն տարբեր սահմանումներ ունի։ Շատերը մենթոր ասելիս մտածում են մեկի մասին, որը մասնագիտական աջակցություն է ապահովում։ Սակայն մենթորի իմ բնորոշումն ավելի լայն է: Ինձ համար այն ընդգրկում է կյանքի և զարգացման բազմաթիվ այլ ոլորտներ: Մենթորը հեշտացնում է տեղեկատվության, գիտելիքների, փորձի փոխանցումը մարդկանց և սերունդների միջև․ ուսուցչից աշակերտ, ծնողից կամ ընտանիքի մեկ այլ անդամից՝ երեխա, ղեկավարից կամ գործընկերոջից՝  աշխատակից։  Այսպիսով, մենթորն ավելի բանիմաց և փորձառու մարդու համար միջոց է՝ առաջնորդելու մեկին, որը պակաս բանիմաց կամ փորձառու է:

– Ի՞նչ դեր են խաղում մենթորները մարդկանց կյանքում: Ո՞րն է նրանց կարևորությունը:

Մենթորի ազդեցությունը կարող է լինել հեռահար և հետևողական, քանի որ մենթորը  կարող է օգնել և առաջնորդել անձնական, մասնագիտական աճի հարցում, ինչպես նաև, շփումներ ստեղծել, դռներ բացել, նոր հնարավորություն ընձեռել: Մենթորները կարող են օգնել արագացնել, զարգացնել կամ, նույնիսկ, վերակենդանացնել նպատակները, դրդապատճառները և ոգևորությունը: Մենթոր ունենալը լավ բան է: Առանց դրա էլ կարելի է հաջողության հասնել, բայց լավ մենթորությունը կարող է ավելին ապահովել:

– Արդյոք բոլորը մենթորի կարիք ունեն։

Հաճախ դժվար է լավ մենթոր գտնելը: Դա մենթորից էլ է ջանքեր պահանջում։ Կարևոր է երկուստեք փոխըմբռնում, այսպես կոչված՝ «քիմիա» ունենալը: Ինչպես ցանկացած հարաբերությունների դեպքում, այստեղ էլ երկու կողմերը պետք է ներդրում ունենան, «սնուցեն» այդ հարաբերությունները։ Դա հեշտությամբ չի ստացվում: Այսպիսով, ես կարծում եմ՝ բոլորը կարող են օգուտ քաղել մենթորներից: Մենթոր ունենալ ցանկալի է, բայց հաճախ մարդիկ ի վիճակի չեն լինում նման մեկին գտնել։

– Ո՞ր ոլորտներում է մենթորների կարքին ամենաշատը զգացվում։ 

Մենթորները հաճախ ասոցացվում են մասնագիտական զարգացման, կարիերայի առաջընթացի և առաջխաղացման հետ: Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշեցի, լավ մենթորը կարող է շատ ավելին ապահովել: Ես մենթորներին ավելի լայն ձևով եմ ընկալում։ Նրանք կարող են օգնել որոշակի ոլորտներում կամ, ընդհանրապես, կյանքում:

 – Ինչպե՞ս կարելի է մենթոր դառնալ:

Մենթորները պետք է ունենան գիտելիք, փորձ և իմաստություն`այն կիսելու ցանկությամբ և համբերատարությամբ: Կան մարդիկ, որոնք ցանկություն ունեն կիսվել իրենց իմացածով: Կան մարդիկ, որոնք բարի են ու մտածող: Հենց նրանք են դառնում լավագույն մենթորները, լավագույն ուսուցիչներն ու լավագույն ուղղություն ցույց տվողները:

 – Կարո՞ղ է մարդն ինքն իր մենթորը դառնալ։

Մենթոր գտնելը, այն էլ՝ լավ մենթոր, հեշտ չէ։  Մարդիկ խոսում են, հաղորդակցվում, կիսվում․ ահա այսպես է նրանց միջև «քիմիան« ձևավորվում: Դա մի բան է, որին երկու կողմերը՝ մենթորը և նա, ում հետ նա աշխատում է, պետք է հետևեն: Սահմանված բանաձև չկա: Ամեն ինչ կարող է ինքնաբերաբար ստացվել։

 – Որտե՞ղ կարելի է (հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների համար) լավ մենթոր գտնել:

Երիտասարդ սերնդին առաջարկում եմ փնտրել մարդկանց աշխատավայրում, դասարանում, սոցիալական շրջանակներում, որոնք ինչ-որ կերպ իրենց հետաքրքրում են, այնուհետև փորձել նրանց հետ ծանոթանալ, շփվել և, ի վերջո, կապ հաստատել:  Դա ժամանակ  և ջանքեր է պահանջում։

– Կպատմե՞ք ձեր նախագծի՝ EPIC-Ի մասին: Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց սկսել այն։

Epic-ը տեղ է մարդկանց համար, որոնք ցանկանում են նոր գործերով զբաղվել, ընդլայնել իրենց հորիզոնը, գնալ իրենց երազանքների հետևից: EPIC- ն ունի բազմաթիվ ծրագրեր և զբաղմունքներ, որոնք մարդկանց օգնում են աճել, սովորել իրենց մասին և իրենց նոր ոլորտներում փորձել: Մենք խրախուսում ենք մարդկանց ռիսկի դիմել, նոր բաներ փորձել, հարմարավետության գոտուց դուրս գալ:

 – Ինչպե՞ս կարող է «EPIC»-ին մասնակցությունը փոխել երիտասարդների կյանքը։

Այն ամենը, ինչ մենք անում ենք ՀԱՀ-ում և EPIC- ում, կենտրոնացած է մարդկանց կյանքի փոփոխության վրա: Սա դեր է, որը կրթական հաստատություններն ու համալսարանները խաղում են հասարակության կյանքում: Հատկապես այս առումով ՀԱՀ-ը գրավիչ վայր է, քանի որ այստեղ շատ մոտիվացված ու ոգևորված մարդիկ են՝ տարբեր պատմություններով: Հենց դրանով են համալսարանները հիասքանչ: ՀԱՀ-ում մենք փորձում ենք ընդգծել այն միտքը, որ դասի գնալուց և դասագրքեր ընթերցելուց բացի՝ նոր բան սովորելու շատ այլ եղանակներ կան։

Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան