Մեկ քայլ՝ DNA-ից միջազգային կամավորություն

Կամավորությունն, առհասարակ, ինքնարտահայտվելու, ինքնազարգանալու լավագույն հարթակներից է, սակայն միջազգային և տեղական կամավորություններն իրենց բնույթով շատ տարբեր են, որի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր 21-րդ դարի հմտությունները նյութում։

Այսօր DNA-ը պատրաստել է միջազգային կամավորության փորձի մասին հետևյալ նյութը՝ խոսելով երկու կամավորների՝  Մերի Կարապետյանի (Մ.Կ.) և  Անահիտ Սերոբյանի (Ա.Ս.) հետ:

Միջազգային կամավորության մոտիվացիան և նախընտրելի ՀԿ-ն

Ա.Ս. ‹‹Ես մինչ այդ կամավորությունը DNA-ին չէի ճանաչում: Հանդիպեցի, ծանոթացա, և ծրագիրն ինձ անչափ դուր եկավ: Ծրագրին դիմելու մոտիվացիան կայանում էր այլ մշակույթի հետ ծանոթանալու և սեփական մշակույթով կիսվելու ցանկությունը››:

Մ.Կ. հավելեց, որ նրան հարազատ էր DNA-ի տեսլականը, ինչը շատ մոտիվացնող էր միջազգային ծրագրի դիմելու համար:

Կամավորների կատարած գործառույթները

Մ.Կ. ‹‹DNA-ի միջոցով  մասնակցել եմ Ռումինիայի և Իտալիայի կամավորական ծրագրերին, որտեղ ես, որպես հայաստանյան ներկայացուցիչ, իմ ներդրումն եմ ունեցել կազմակերպվելիք կոնֆերանսի կայացման գործում: Մասնակցել եմ նաև սեմինարների, որտեղ մենք ստանում էինք ոչ ֆորմալ կրթություն տարբեր ոլորտներից››:

Միջազգային կամավորության առավելությունները, տպավորություններն ու զգացողություները

Ա.Ս. ‹‹Կամավորության առաջնային առավելությունը ինքնամոտիվացվելն է՝ առանց գումարային ակնկալիքների: Բացի դրանից, այն օգնում է ճանաչել, սովորել, ավելի լայն ուսումնասիրել Երկիր մոլորակի մյուս բնակիչներին: Դա շատ գրավիչ է, երբ դու կարող ես շփվել մեկ այլ մշակույթի ներկայացուցիչների հետ:

Հոլանդիայի իմ փորձից տպարվորվել է, որ մարդիկ չափազանց մաքրասեր էին և խնամքով էին վերաբերվում ամեն ինչին, ինչպես նաև ունեին արագ կողմնորոշվելու ունակություն: Ես շատ կցանկանայի, որպեսզի մեզ մոտ բոլորը հնարավորություն ունենային տեսնելու և սովորելու այդ ամենը››:

Հայ կամավորներն արտերկրում. Հայաստանը օտարերկրացի կամավորների աչքերով

Մ.Կ. ‹‹Ես ինքս շատ ընկերներ ունեմ Ֆրանսիայից և Իտալիայից, ովքեր մեծ հյուրընկալության են արժանացել Հայսատանում, հնարավորություն են ունեցել մասնակցելու հայոց լեզվի դասընթացների, շրջագայելու և դասավանդելու իրենց մայրենի լեզուն: Նրանք միշտ շատ ոգևորված էին վերադառնում Հայաստանից:

4 տարբեր երկրներում միջազգային կամավոր եմ եղել և նույնպես արժանացել եմ  պատշաճ ընդունելության. այնտեղ հարգված են բոլորի իրավունքները, և դու քեզ շատ ապահով ես զգում: Հարկ է նշել, որ միջազգային կամավորության ժամանակ բոլոր ազգերի՝ անգամ կոնֆլիկտային պետությունների, ներկայացուցիչների միջև պահպանվում է հարգանք և համերաշխություն››:

Հայ կամավորներն ու միջազգային փորձը

Ա. Ս. ‹‹Եթե համեմատենք Հայաստանից և այլ երկրներից միջազգային կամավորության դիմողների քանակը, ապա կտեսնենք, որ մեզ մոտ այդքան էլ տարածված չէ կամավորություն անելը. մարդիկ չգիտեն՝ ու՞ր դիմել, որտե՞ղից սկսել:
Օտարերկրյա կամավորներն իրենց երկրում ավելի ակտիվ են ներգրավված տարբեր կամավորական ծրագրերում և հնարավորություն ունեն անվճար կամ զեղչված տարբերակով ձեռք բերել թանգարանների ու միջոցառումների տոմսեր, որը շատ մեծ առավելություն է››:

Կամավորությունն՝ ինտելեկտուալ զարգացման գործոն

Մ. Կ. ‹‹Բոլոր այն դեռահասներն ու երիտասարդները, ովքեր  ցանկանում են կրթվել, ինքնազարգանալ ու նոր աշխարհներ բացահայտել, պետք է անպայման դիմեն կամավորությանը: Արդյունքում ձեռք կբերեն ընկերներ ինչպես Հայաստանից,  այնպես էլ այլ երկրներից, և կզինվեն ամենատարբեր գիտելիքներով: Կամավորությունը հանգեցնում  է ինտելեկտուալ զարգացմանը, որը 21-րդ դարի կարևորագույն գործոնն է››:

(Խմբագրի կողմից) Եղե՛ք տեղեկացված տեղական և միջազգային կամավորական ծրագրերի մասին՝ DNA-ի պաշտոնականկայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով :


Հեղինակ՝ Անի Խաչատրյան