Մանիպուլյացիայի դեմ պայքարի մեթոդներ

Հավանաբար մեզանից շատերը ինչ-որ ժամանակ ենթարկվել են մանիպուլյացիայի։
Ի՞նչ է այն իրականում և ինչպե՞ս խուսափել մանիպուլյացիայի ենթարկվելուց։

Մանիպուլյացիան սոցիալական ներգործության տեսակ է, որի նպատակն է ազդել
դիմացինի վրա և փոխել նրա վարքագիծն ու տեսակետը՝ օգտագործելով կեղծ, բռնի և մոլորեցնող գործողություններ։ Հայտնի են տեղեկատվական, հոգեբանական և գիտակցության մանիպուլյացիաների տեսակներ։

Մանիպուլյացիայից խուսափելու ամենակարևոր կետը սեփական իրավունքներին
իրազեկ լինելը և դրանց հանդեպ բռնության չհանդուրժելն է։ Հարգալից
վերաբերմունք ստանալը, խղճի և մտքի ազատությունը, տարակարծիք լինելը,
վճարածի դիմաց համապատասխան արդյունք ստանալը, առանց մեղավոր զգալու
<<ոչ>> պատասխանելը մեր հիմնական իրավունքներից մի քանիսն են։
Մանիպուլյատորները հիմնականում հաշվի չեն առնում նմանատիպ իրավունքները և փորձում են
զոհին օգտագործել ըստ իրենց շահի։

Խուսափելու կետերից է նաև հեռավորության պահելը այնպիսի մարդկանցից, ովքեր պարբերաբար դրսևորում են շատ տարբեր վարքագծեր՝ կախված միջավայրից և մարդկանց ներկայությունից։ Օրինակ, եթե տվյալ անհատը ինչ-որ մեկի հանդեպ չափազանց քաղաքավարի է, իսկ մյուսի հանդեպ շատ կոպիտ, ինչ-որ պահի անօգնական է, իսկ մյուսին՝ նյարդային, ապա փորձեք նրանից պահել առողջ հեռավորություն՝ խուսափելու համար վտանգներից։

Մանիպուլյատորները փորձում են բացահայտել և օգտվել ձեր թույլ կողմերից, ուստի նրանց հետ շփումը կարող է հանգեցնել սեփական ինքնավստահության թուլացման, ինքնամեղադրման և խնդիրը ձեր մեջ փնտրելու։ Այսպիսի իրավիճակներում կարևոր է գիտակցել, որ խնդիրը ձեզանից կախված չէ և ավելի ուշադիր ուսումնասիրել մանիպուլյատորի հետ ձեր հարաբերությունը։

Երբ զգում եք, որ ենթարկվում եք մանիպուլյացիայի, փորձեք տալ քննադատական
հարցեր, որոնք կօգնեն ժամանակ շահել՝ ձեր հետագա անելիքը որոշելու և
իրավիճակը վերլուծելու համար։ Հարցերի օրինակներ են․ <<Այս ամենը քեզ
խելամի՞տ է թվում>>, <<Դու ինձ խնդրու՞մ ես, թե՞ պարտադրում>>, <<Ի՞նչ ես
սրանից ակնկալում>>, <<Ես կարո՞ղ եմ որոշիչ դեր ունենալ այս հարցում>> և այլն։

Հաճախ մանիպուլյատորները կարող են ձեզանից պահանջել այնպիսի բաներ, որոնք դուք չեք ցանկանում անել։ Նմանատիպ դեպքերում մի վախեցեք ասել <<ոչ>> և պարզապես մերժեք նրան, քանի որ ձեր արժեքներին ու ցանկություններին դեմ գնալը ոչ մի լավ երևույթի չի կարող հանգեցնել։

Մանիպուլյատորներին հատուկ է նաև գովեստներ շռայլելը, հատկապես այն դեպքում, երբ դա վաստակելու համար ոչինչ չեք արել։ Բոլորիս էլ հաճելի է ստանալ գովեստներ, հատկապես առանց ջանքեր գործադրելու։ Այս մեխանիզմով մանիպուլյատորները փորձում են լավ ազդեցություն թողնել։ Նման դեպքում կարելի է հայտնել շնորհակալություն և քաղաքավարի բացատրել, որ չեք կարծում՝ վաստակել եք այն։
Մի վախեցեք բարձրաձայնել ձեր զգացմունքների մասին և միշտ պայքարեք ձեր
իրավունքների ոտնահարման դեմ։

Հեղինակ՝ Անուշ Մարգարյան։