Ճանաչե՛նք մեզ շրջապատող աշխարհը․ ինչպե՞ս DNA-ը կարանտինի ընթացքում առցանց դասընթաց կազմակերպեց

Մինչ աշխարհը զբաղված է COVID-19-ի դեմ պայքարով, DNA-ի թիմն աշխատում է ավելի ժրաջան, քան երբևէ։ Դրա ապացույցն է հանրապետությունում հայտարարված ինքնամեկուսացման խիստ ռեժիմի պայմաններում շրջակա միջավայրի վերաբերյալ անվճար առցանց դասընթացի կազմակերպումը։ Այն երեխաներին հնարավորություն տվեց ուսումնասիրել շրջակա միջավայրին վերաբերող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են աղտոտվածությունը, վերամշակումը, բնական աղետները և մտածել դրանց հնարավոր լուծումների շուրջ։ 5-շաբաթյա դասընթացը վարում էին DNA-ի փորձառու և հմուտ կամավորները։
Դասընթացավարներից Սոֆյան մանրամասներ է պատմում ընթացքից․

«Դասընթացը նախատեսված էր 7-9 և 10-12 տարեկան երեխաների համար։ 5 շաբաթվա ընթացքում մենք քննարկեցինք այնպիսի թեմաներ, ինչպիսիք են շրջակա միջավայրը, էկոհամակարգը, աղտոտվածությունը, թափոնների տեսակավորումն ու վերամշակումը։ Ծրագիրը կազմել էինք՝ հաշվի առնելով երեխաների հետաքրքրություններն ու տարիքային առանձնահատկությունները՝ փորձելով խուսափել ուսուցման «դասարանային» համակարգից և հանդիպումներն անցկացնելով ինտերակտիվ ձևով»։
Սոֆյան ընդգծում է․ տեղեկատվությունը, որը երեխաները ձեռք են բերել դասընթացի ընթացքում, ամբողջությամբ տարբերվում է այն ամենից, ինչ նրանք դպրոցում են անցնում։
«Հոգատարության ու պատասխանատվության զգացումի, ինչպես նաև բնության նկատմամբ սիրո ձևավորումը մեր դասընթացի առաջնահերթությունն էր։ Նրանք ուսումնասիրել են տարբեր մոտեցումներ՝ ուղղված էկոլոգիական աշխատանքների իրականացմանը, շրջակա միջավայրի հարցերին առնչվող բացթողումներին, որոնք կան Հայաստանում, ինչպես նաև մշակել եղանակներ, որոնք կօգնեն բարելավել իրավիճակը»,- ասում է Սոֆյան։
Նա խոստովանում է․ երեխաներից ստացած դրական էներգիան և էմոցիաները անսահման են։ Դրանք հրաշալի հիշողություններ կդառնան։


11-ամյա Էմման պատմում է, որ դասընթացն իրեն հնարավորություն է տվել խորությամբ ուսումնասիրել շրջակա միջավայրի ներկայիս վիճակը։


«Սովորեցի, որ մեր թողած յուրաքանչյուր փոքր թափոն, վերջում, կարող է Երկիրը քաոսային վայրի վերածել։ Զարմացած էի, երբ իմացա, որ մեկանգամյա օգտագործման պլաստիկ բաժակները բնությանն այդքան մեծ վնաս կարող են հասցնել։ Դասընթացից հետո այս թեմայի մասին ավելի տեղեկացված եմ, այնպես որ, վստահաբար, կոչ եմ անելու բոլորին դադարեցնել պլաստիկի օգտագործումը և այն փոխարինել ապակով կամ թղթով։ Շատ մտահոգված եմ շրջակա միջավայրի հարցերով, քանի որ եթե չլինի բնությունը, չի լինի նաև մարդկային կյանքը»,- ասում է Էմման։
Նա նշում է, որ դասընթացի շնորհիվ գիտելիքներ է ձեռք բերել նաև առողջ սննդակարգի մասին։ Այժմ էլ նոր հնարավորություններ է փնտրում, որպեսզի շրջակա միջավայրի մասին ավելի շատ բան սովորի։
«Անպայման նմանատիպ այլ դասընթացների կդիմեմ։ Տարիներ անց էլ կցանկանամ ինքս մասնակցել նման դասընթացների կազմակերպմանը»,- եզրափակում է 11-ամյա աղջնակը։
Դասընթացի մեկ այլ մասնակցի՝ Հովակիմի կարծիքով էլ շրջակա միջավայրին վերաբերող ամենակարևոր խնդիրները օդի, հողի և ջրի աղտոտվածությունն են։


Հովակիմն անկեղծանում է․
«Դասընթացն ինքնին շատ տպավորիչ ու յուրատեսակ էր, բայց ամենահիշարժան մասը սեփական ձեռքերով որոշակի իրեր պատրաստելու գործընթացն էր։ Այժմ ես գիտեմ՝ ինչպես «օգնության ձեռք մեկնել» բնությանը, երբ նա դրա կարիքն ունի։ Դասընթացն ինձ հնարավորություն տվեց իմ մեջ բացահայտել բազմաթիվ օգտակար հմտություններ, որոնք ապագայում կօգտագործեմ»։

Եթե Դուք էլ եք հետաքրքրված՝ ստանալու շրջակա միջավայրի մասին հետաքրքիր ու օգտակար գիտելիքներ, ապա չմոռանա՛ք հետևել DNA-ին՝ հետագայում նմանատիպ դասընթացների մասին առաջինը տեղեկացված լինելու համար։

Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան