Ճամփորդական խորհուրդներ DNA-ից. ուղևորվում ենք Իսլանդիա

Հարմար տեղավորվեք, կապեք ամրագոտիները և հետևեք DNA-ի ճամփորդական խորհուրդների շարքին: Այսօր Մարիամ Մուրադյանի հետ ուղևորվում ենք Իսլանդիա՝ աշխարհի թոփ ամենաթանկ եռյակի երկրներից մեկը:

Իսլանդիան համարվում է ոչ ստանդարտ ճամփորդական երկիր: Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ խմբային տուրերին: Հայաստանում դեռևս զարգացած չէ նմանատիպ երկրներ ճամփորդելը, սակայն փորձելու դեպքում մարդիկ ավելի վառ հիշողություններով և տպավորություններով են վերադառնում:

Մշակութային առանձնահատկությունները

Իսլանդիան մշակույթով շատ նման է Նորվեգիային և Դանիային, քանի որ հայտնաբերվել է վիկինգների կողմից: Երիտասարդները և, առհասարակ, ողջ բնակչությունը շատ մարդամոտ են. կարող են մոտենալ անծանոթին և ինչ-որ բան հյուրասիրել, շփվել, ծանոթանալ: Եթե դուք օգնության կամ ծանոթության կարիք ունենաք, ապա մարդիկ այստեղ միշտ պատրաստակամ են:

Իսլանդիան բնության երկիր է, իսկ մարդիկ՝ շատ մաքրասեր: Փողոցում կամ այլ վայրերում երբեք աղբ չեք տեսնի, իսկ անխնամ վայրեր գրեթե չկան:

Իսլանդիան պասիվ և արկածասեր հանգիստը նախընտրող մարդկանց համար

Պասիվ հանգիստ նախընտրողները ճամփորդում են մասնավորապես ամռանը և սեփական մեքենայով շրջում են գլխավոր ճանապարհի վրա գտնվող տեսարժան վայրերով:

Արկածային հանգստի սիրահարները վերցնում են իրենց վրանները և գնում հատուկ ճամբարային հատվածներ, որտեղ գները համեմատաբար մատչելի են, շրջում ամենհյուսիսային հատվածներով և հայտնաբերում ավելի գեղեցիկ վայրեր:

Հանգստի մեկնելու հարմար ամիսները

Ամռանը զբոսաշրջիկներն ավելի շատ են, իսկ գները՝ համեմատաբար թանկ: Որպես առավելություն կարող ենք նշել սպիտակ գիշերների առկայությունը, ինչը թույլ է տալիս ավելի շատ տեղեր այցելել:

Մեղմ եղանակը նախընտրողներին խորհուրդ է տրվում այցելել հոկտեմբեր կամ մարտ ամիսներին, երբ գները զեղչված են, և հնարավոր է տեսնել բևեռափայլը (հյուսիսափայլը): Հաշվի առեք, որ երեկոյան ժամը 18:00-ից հետո մութ է և հնարավոր են 100 կմ ժ արագությամբ քամիներ:

Հանգստի տևողությունը

Եթե գնում եք 3 օրով, ապա կարող եք տեսնել մոտակա վայրերը, իսկ 5-7 օրով գնալու դեպքում խորհուրդ է տրվում հարավը և վերադարձ մայրաքաղաք:

10-15 օրով գնալու դեպքում կարող եք տեսնել ողջ Իսլանդիան:

Ֆինանսական ծախսերի նվազագույն չափը

Ավիտոմս՝ մոտավորապես 500 դոլար 1 անձի հաշվով

Գիշերակաց՝ ցանկալի է մնալ հյուրատներում

Սնունդ՝ նախընտրելի է օգտվել խանութներից, որովհետև օրինակ՝ ռեստորաններում 1 գարեջրի գինը սկսվում է 15 դոլարից

Ընդհանուր գումար՝ առավելագույնը 3000- 3500 ԱՄՆ դոլար (1 անձի համար),որի մեջ մտնում է նաև հետաքրքիր և ժամանցային տուրերը:

Անհրաժեշտ պարագարներ

Անհրաժեշտ է անպայման վերցնել տաք հագուստ՝  քամուց պաշտպանվելու համար, ջրակայուն և հաստ կոշիկներ, ձեռնոց, գլխարկ, լողազգեստ՝ Blue Lagoon այցելելու համար: Սովորաբար տեղում կանխիկ գումար անհրաժեշտ չի լինում, քանի որ բոլոր գործարքները կարելի է կատարել անկանխիկ: 

Տրանսպորտային համակարգը

Իսլանդիայի տրանսպորտային համակարգը կարելի է ասել, որ կատարյալ է աշխատում, իսկ երկրում բացակայում է մետրոն: Երեք տարբեր տեսակի և գների ավտոբուսները պարբերաբար շարժվում են օդանավակայանից դեպի քաղաքի կենտրոն, որի հեռավորությունը մոտ մեկ ժամ է: Ի դեպ, օդանավայակայանում հնարավոր է ձեռք բերել Sim քարտ և չօգտվել Roaming-ից, քանի որ թանկ է:

Քաղաքի ներսում տեղաշարժվելու համար օգտվեք հստակ գրաֆիկով աշխատող ավտոբուսներից: Տրանսպորտային ծախսերը նվազեցնելու նպատակով՝ գիշերակացը կազմակերպեք կենտրոնին հնարավորինս մոտ: Քաղաքների միջև ճամփորդելիս խորհուրդ է տրվում մեքենա վարձակալել և չօգտվել խմբային տուրերից, որոնք գրեթե եռակի թանկ են: Հայաստանում տրված վարորդական վկայականներն Իսլանդիայում նույնպես վավեր են:

Թոփ 5 այցելության վայրեր՝

– Gljufrabui անունով ջրվեժ

Գտնվում է ամենահայտի ջրվեժներից մեկի՝ Seljalandsfoss-ի կողքին: Այստեղ հասնելու համար պետք է անցնել ջրվեժի միջով:

– Haifoss ջրվեժ՝ 122 մ երկարությամբ, ուր բավականին բարդ է հասնելը:

– Սառցե քարանձավներն ու սառցաբեկորների վրայով քայլարշավներ

 Glacier-ները կազմում են Իսլանդիայի տարածքի 11%-ը, որոնցից ամենամեծը՝ Vatnajokull-ն է: Վերջինիս մակերեսը 8300 ք/մ է: Այն գրեթե Լյուքսեմբուրգի երեք չափն է:

– Հրաբխային քարանձավներ

Վերջիններս ձևավորվել են հազարավոր տարիների ընթացքում՝ փոքր հրաբխային պայթյունների հետևանքով:

 – Ադամանդե ափ

 Իսլանդիայում հանդիպում են հրաբխային ավազներ և հալվող սառցաբեկորներ, որոնք նման են ադամանդների:

Հետաքրքիր փաստեր Իսլանդիայի մասին՝

  • Այստեղ բացարձակ մոծակներ չկան։
  • Բնակչությունը 362.000 հոգի է, բայց 432.000 գլուխ ոչխար կա։
  • Մարդիկ մինչև հիմա հավատում են տրոլերի գոյությանը և այժմ էլ կան նրանց հավատքի մասին վկայող պահպանված վայրեր։
  • Իսլանդիան համարվում է աշխարհի ամենաապահով երկրներից մեկը ու համեմատվում է Տոկիոյի հետ: Օրինակ՝ մարդիկ այստեղ կարող են տան դռները բաց թողնել ու գնալ, իսկ ոստիկանները զենք չեն կրում։
  • Իսլանդացիները համարվում են աշխարհի ամենաբարձր կենսակերպ ունեցող մարդիկ. երկրում չկա գողություն կամ շատ ցածր մակարդակի վրա է։
  • Հաճախ շատ եվրոպացիներ գալիս են այստեղ աշխատելու, քանի որ Իսլանդիան սոցիալական պետություն է. մարդիկ ապահովված են աշխատանքով և վարձատրվում են բավականին բարձր։
  • Իսլանդիայում է գտնվում աշխարհի ամենամեծ սառցաբեկորներից մեկը։

Հեղինակ՝ Անի Խաչատրյան