Ճամփորդական խորհուրդներ DNA-ից․ ուղևորվում ենք Նյու Յորք
Հարմար տեղավորվեք, կապեք ամրագոտիները և հետևեք DNA-ի ճամփորդական խորհուրդների շարքին: Այսօր Վահագն Վարդումյանի հետ ուղևորվում ենք Նյու Յորք՝ կաթսա, որը լի է աշխարհի բոլոր մշակույթներով։
Նյու Յորքը համարվում է Միացյալ Նահանգների ամենախիտ բնակեցված քաղաքը, ընդ որում, բնակիչների մեծ մասը տեղացիներ չեն։ Այն քաղաք է, որի կողքով անտարբեր անցնելն ուղղակի անհնար է։
Կարևոր է իմանալ նախքան մեկնելը
- Քաղաքում նախընտրելի է և մատչելի ուղևորվել հեծանիվով։ Հեծանիվը ամենահարմար տրանսպորտային միջոց չհամարողների համար մատչելի տարբերակ է մետրոն, որի մասին ավելի մանրամասն կգտնեք հաջորդ ենթավերնագրում։
- Ցանկալի է ապրել Բրուքլինում՝ Մանհեթենի փոխարեն․ այն հարմար է գնային առումով, հեռու է աղմուկից և մոտիկ է քաղաքի տեսարժան վայրերին։
- Սնունդը մատչելի է պատրաստել տանը, իսկ մթերքը ձեռք բերելու համար կարելի է օգտվել սուպերմարկետներից։
- Վճարովի թանգարաններ այցելելուց հետո չմոռանաք անվճար թանգարանների մասին, որտեղ կարող եք ցանկության դեպքում թողնել թեյավճար։ Թանգարաններին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ shorturl.at/uGQT2 :
Տրանսպորտային համակարգը
Բացի հեծանիվից, մարդիկ նախընտրում են նաև մետրոն, որը տեսքով նման է եվրոպական մետրոյին՝ ցածր առաստաղով և գեղեցիկ աղյուսե պատերով։ Այն հազվադեպ է ուշանում։ Այնտեղ մարդաշատ է, որոշ ժամերի՝ նաև պիկային։
Մետրոյից հաճախակի օգտվելու դեպքում առաջարկվում է ձեռք բերել 1 շաբաթյա կամ 1 ամսվա օգտագործման քարտեր։
Մետրոյում հանդիպում են երաժշտական խմբեր, լինում են անգամ սիմֆոնիկ համերգներ, որոնք աշխույժ են պահում քաղաքի մթնոլորտը։ Քաղաքային իշխանությունները կարևորում են մետրոյի մշակութային դերը, այդ պատճառով այնտեղ նվագել ցանկացողները պետք է անցնեն հատուկ քննաշրջան։
Հանգստի տևողությունը
Հանգստի մեկնելու համար օրերի նվազագույն քանակը, որը իր մեջ չի ներառում թռիչքի տևողությունը, 15 օր է։ Այն բավական է ժամային գոտու փոփոխություններին հարմարվելուց հետո ձեր հանգիստը լիարժեք ձևով կազմակերպելու համար։ Նյու Յորքի բոլոր տեսարժան վայրերը բացահայտելու համար առաջարկվում է հանգստին հատկացնել 1 ամիս։
Ամբողջ տարվա ընթացքում կա մշտական քամի․ գարնանը և աշնանը տեղում է մանր անձրև, իսկ ամռանը խոնավությանն ավելանում է նաև շոգը։
Թոփ 5 այցելության վայրեր՝
- Ատլանտյան օվկիանոս
Վայր, որը կհետաքրքրի «օվկիանոսին դիպչելու» ցանկություն ունեցողներին։
- Dumbo թաղամաս
Իդեալական թաղամաս քայլելու և տեսարժան վայրերով հիանալու համար, որը գտնվում է Բրուքլինի ու Մանհեթենի կամուրջների արանքում։
- Promenade
Ափամերձ տարածքներ՝ հարմարեցված զբոսնելու և հեծանիվ վարելու համար։
- Ազգային փոքրամասնությունների թաղամասեր(օր․ Little Italy, China town)
Թաղամասերում կան համապատասխան երկրին բնորոշ ցուցանակներ, ճաշացանկ, ոճ և մշակույթ։
- Երկնաքերեր
Քաղաքային ճարտարապետությամբ հիանալու և անմոռանալի արևածագեր կամ մայրամուտներ դիմավորելու համար հարմար կլինեն ամենուրեք սփռված երկնաքերերը։
Հետաքրքիր փաստեր Նյու Յորքի մասին
- Սկզբնական շրջանում անհրաժեշտ իրեր չունենալու դեպքում կարելի է դրանք վերցնել շենքերի պատերի տակից, որտեղ տեղացիները դնում են իրենց օգտագործած իրերը, որոնք որակապես բավականին լավն են և կարող են դեռ երկար ժամանակ պիտանի լինել։
- Այստեղ աղտոտվածությունը ասոցացվում է նաև աղմուկի (լռության բացակայություն), լույսի (մթության բացակայություն) և տեսադաշտի բացակայության հետ (շենքերը միշտ փակում են երկինքը)։
- Ամեն տեղ կարելի է տեսնել եվրոպայի երանգներ (օր․ մետրո, շենքեր, ապրելաոճ)։
- Ամենատարօրինակ հագուստներով մարդիկ անգամ լավ են ընդունվում հասարակության կողմից։
- Լուսանկարվելիս պետք է զգույշ լինել, որպեսզի կադրում պատահաբար նյույորքցի չլինի, քանի որ նրանք չափազանց կարևորում են իրենց անձնական տարածքը։
- Նյույորքցու հետ հանդիպմանը առանց նախազգուշացնելու ուշանալիս պետք է կանխատեսել, որ հնարավոր է նա այլևս չուզենա հանդիպել ձեզ հետ։
- Եթե ուզում եք իմանալ քաղաքի ամենաթաքնված մասերը, կարող եք ներբեռնել Spotted By Locals հավելվածը։
- Ցանկության դեպքում կարող եք պայմանավորվել համապատասխան ոլորտի մասնագետների հետ, ովքեր ձեզ կտան հնարավորություն որպես ազատ ունկնդիր կամ դասընթացավար մուտք գործել Նյու Յորքի համալսարաններ։
- Նյույորքցիները շոյվում են, երբ դուք նրանց նվիրում եք ձեր ազգային խորհրդանիշներից։
Հեղինակ՝ Հեղինե Նավասարդյան