Այսօր կանայք զբաղեցնում են տարբեր պաշտոններ, կատարում են զանազան տեսակի աշխատանք, վարում են մեքենա և թվում է, թե դա նորմալ է և ինչու պետք է խոսենք դրա մասին: Պետք է խոսենք, որովհետև բացի այն, որ այդ ամենը միշտ չէ, որ այդպես է եղել կամ եղել է <<նորմալ>> և բնական, այլ նաև նույնիսկ հիմա, 21-րդ դարում, 2020 թվականին կանայք կրկին հանդիպում են խտրական վերաբերմունքի:
Կանանց իրավունքների խտրականության վառ օրինակներ մենք կարող ենք տեսնել նույնիսկ ԽՍՀՄ-ի ժամանակների հայկական ֆիլմերում, օրինակ՝ երբ <<Խոշոր շահում>> ֆիլմում Գառնիկի (Մհեր Մկրտչյան) կինը՝ Աշխենը (Լյուդմիլա Հովհաննիսյանը), փորձում է շահած մեքենան վարել, և բոլոր տղամարդիկ քննադատում են իրեն ասելով՝
<<Աշխե՜ն, չես ամաչու՞մ՝ մեքենա ես վարում, հետ ու առաջ ես տալիս>>:
Եվ չնայած շատ ժամանակ է անցել, այդուամենայնիվ, մեր օրերում մենք կրկին ունենք այդ խնդիրը, իսկ շատ կանայք նույնիսկ չգիտեն իրենց իրավունքների մասին․ չէ՞ որ միշտ միայն պարտականությունների մասին են լսել:
Այստեղ հարկ է անդրադառնանք իրավական կարգավորումներին, որոնց մասին պետք է իմանա ցանկացած կին:
1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան: Դա ևս մեկ քայլ էր դեպի կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորման բացառման, ազգային օրենսդրությամբ տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքի ամրագրման և երաշխավորման պարտավորությունները:
Հայաստանը կանանց իրավունքների պաշտպանության բնագավառում վավերացրել է նաև այնպիսի կարևոր միջազգային փաստաթղթեր, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի «Կանանց քաղաքական իրավունքների մասին», Եվրոպայի խորհրդի «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին», «Համարժեք աշխատանքի դիմաց տղամարդկանց եւ կանանց հավասար վարձատրության մասին», «Ամուսնացած կնոջ քաղաքացիության մասին», «Աշխատանքի եւ զբաղվածության մասին» կոնվենցիաները և այլն:
ՀՀ վարչապետի կողմից 2000 թվականին ստեղծվեց Վարչապետին կից կանանց հարցերով խորհուրդ, որի նպատակն էր հասարակական, քաղաքական և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև պետական և հանրային կառավարման բոլոր մակարդակներում կանանց կարգավիճակի բարձրացմանն ու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմանը նպաստելը: Խորհուրդը ՀՀ կառավարության 2010թ.-ի փետրվարի 11-ի թիվ 5 արձանագրային որոշմամբ ընդունեց Գենդերային քաղաքականության հայեցակարգը:
Գենդերային հայեցակարգի նպատակն է հավասար պայմանների ստեղծումը, սեռի հատկանիշով խտրականության բոլոր ձևերի հաղթահարումը, աշխատանքի շուկայում և զբաղվածության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և տնտեսական ռեսուրսների հավասար մատչելիության ստեղծումը, հասարակության մեջ ժողովրդավարական քաղաքական մշակույթի և հանդուրժողականության գենդերային երկխոսության ձևավորումը` կյանքի բոլոր ոլորտներում գենդերային չափանիշի ներառման միջոցով:
Կարևոր է, որ ՀՀ կանայք գիտակցեն այն փաստը, որ թվարկված իրավական ակտերը դեռ մի մասն են կազմում այն փաստաթղթերի, որոնք պաշտպանում են իրենց իրավունքները, որոնց մեջ ամրագրված են, և/կամ արտացոլվում են այնպիսի հիմնարար հասկացություններ և սկզբունքներ, ինչպիսիք են, օրինակ՝ հավատը մարդու հիմնարար իրավունքների, մարդկային անհատի արժանապատվության ու արժեքի և տղամարդկանց ու կանանց իրավահավասարության նկատմամբ, խտրականության անթույլատրելիության սկզբունքը և հռչակումը, որ բոլոր մարդիկ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով ծնվում են ազատ ու հավասար, և որ յուրաքանչյուր ոք օժտված է Հռչակագրում ամրագրված բոլոր իրավունքներով ու ազատություններով՝ առանց որևէ տարբերակման, այդ թվում նաև առանց սեռի հիմքով տարբերակման։ Կանանց նկատմամբ խտրականությունը խախտում է իրավահավասարության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքները, խոչընդոտում է տղամարդկանց հետ հավասար պայմաններով կանանց մասնակցությանն իրենց երկրների քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքին, անհամատեղելի է հասարակության ու ընտանիքի բարեկեցության աճին և ավելի է դժվարացնում կանանց հնարավորությունների լիակատար դրսևորումը՝ ի շահ իրենց երկրների, մարդկության և այլն:
Հեղինակ՝ Լիլիա Սիմոնյան