Կանայք ՏՏ ոլորտում
Այս անգամ DNA-ը կատարել է ուսումնասիրություն հայ կանանց և աղջիկների շրջանում, ովքեր ընտրել են ՏՏ-ն՝ որպես զարգացման և առաջխաղացման ոլորտ։ Աշխարհում կանանց տոկոսային հարաբերությունը, ովքեր աշխատում են և ստեղծագործում ՏՏ ոլորտում ՝ 20% է, իսկ Հայաստանում` 30% (ըստ itis.am-ի հոդվածի)։ Համալսարաններում նույնպես աղջիկները չեն զիջում տղաներին ո՛չ քանակով, ո՛չ գիտելիքով ։
Այս ընդգրկուն թեմայի վերաբերյալ ավելի լայն պատկերացում կազմելու համար խոսել ենք տարբեր համալսարանների ու տարբեր տարիքի ուսանողների ( Մարգարիտա Զարգարյան(Մ․Զ․), Հեղինե Նավասարդյան(Հ․Ն․), ՏՏ ոլորտում արդեն երկար տարիների փորձ ունեցող Տաթևիկ Գարանյանի(Տ․Գ․) և այլ ոլորտից ՏՏ ոլորտ անցում կատարած Գայանե Հովհաննիսյանի(Գ․Հ․) հետ։
Առանձնահատկություններ, որով օժտված են աղջիկները
Տ․Գ․ «Աղջիկները կազմակերպված են, աշխատասեր և իրենց գործում ավելի «ոչ թափթփված», ի տարբերություն տղաների, ովքեր բնատուր են օժտված տեխնիկական գիտելիքներով»։
Գ․Հ․ «Երբ կանայք նկատում են խնդիրը, ցուցաբերում են ավելի մանրակրկիտ մոտեցում, քան տղամարդիկ»։
Երազանք, թե՞ հաշվենկատ ընտրություն
Տ․Գ․ «Դեռ դպրոցական տարիներից գիտեի, որ իմ ուղեղի տիպը մաթեմատիկական է և մաթեմատիկան դեռ փոքրուց իմն էի համարում։ Սակայն չեմ կարող չնշել, որ մասնագիտական կողմնորոշման ընթացքում դասախոսներիցս մեկին հանդիպելն էր, որ շրջադարձային եղավ և հասկացա, որ հենց ծրագրավորումն է դառնալու այն ճանապարհը, որով շարժվելու եմ»։
Մ․Զ․ «Փոքր տարիքում մտածում էի, որ արվեստի հետ կապ ունեցող մասնագիտություն եմ ունենալու։ Սակայն «Համակարգչային գիտություններ» բաժնի արդեն 4-րդ կուրսում սովորելով, հասկացել եմ, որ ծրագրավորման մեջ էլ կա մեծ տարածք ստեղծագործելու համար։ Այն ունի յուրօրինակ գեղեցկություն, որն օրեցօր ավելի է մեծացնում ցանկությունս՝ ոլորտը լիովին բացահայտելու»։
Հ․Ն․ «Մինչ համալսարան ընդունվելս կասեի, որ ինձ տեսնում եմ յուրաքանչյուր ոլորտում, բացի ՏՏ-ից, սակայն մաթեմատիկան բավականաչափ ուժեղ գտնվեց և իմ փոխարեն որոշեց ապագա մասնագիտությունս»։
Գ․Հ․ «Մասնագիտությամբ էրգոթերապիստ եմ։ Աշխատում էի հատուկ կարիքներով երեխաների հետ և հանդիպեցի խնդրի, որի լուծումը կարող էի տալ ՏՏ ոլորտ մտնելով։ Կար թերապևտների և հնարավորությունների պակաս, որը հնարավոր էր լրացնել միայն այս ոլորտում աշխատելով»։
Ուզում եմ դառնալ ՏՏ ոլորտի ներկայացուցիչ
Տ․Գ․ «Ոլորտ մուտք գործելու համար նախ խորհուրդ կտամ լուծել շատ տրամաբանական խնդիրներ։ Գործիքակազմը սովորելը, իրականում, ամենահեշտ մասն է, իսկ բազային գիտելիքներ հավաքելը, որոնք կօգնեն բուն ծրագրավորման մեջ քեզ լավ զգալու համար, հանդիսանում է տվյալ ոլորտի ամենաշատ ջանք ու եռանդ պահանջող մասը»։
Գ․Հ․ «Ոլորտ մտնելու կարևոր նախապայմաններից են՝ մոտիվացիան, նորը պրպտելու ցանկությունը և հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ»։
Ցանկացած գործ պետք է շատ լավ անել
Հ․Ն․ «Անկասկած բարդ է լինել այս ոլորտում ու չշարժվել, չուզենալ նորը բացահայտել ու ուսումնասիրել։ Ուղղակի պետք է հասկանալ, որ ոչինչ հեշտ չի տրվում ու ցանկացած նպատակի հասնելու համար տքնաջան աշխատանք է պահանջվում։ Համալսարանը տալիս է այն ամուր բետոնե շերտը, որի հիմքի վրա կառուցում ենք մեր տունը»։
Տ․Գ․ «Կարևոր է տեսական գիտելիքներն ամրապնդել գործնականում։ Համալսարանում մենք սովորում ենք ալգորիթմներ, քայլերի հաջորդականություն, որը գործնականում արդեն օգտագործում ենք մեծ նախագծերի վրա աշխատելիս»։
Մ․Զ․ հավելեց, որ անկասկած պետք է կարևորել համալսարանից ստացած գիտե-լիքները և ուշադրություն դարձնել տեսական նյութին (որը հիմնականում այդքան էլ օգտակար չենք համարում), քանի որ մեծ ընկերությունները նաև դա են ստուգում։
Ծրագրավորումն ու անձնային հատկանիշները
Տ․Գ․ «Քանի դեռ ներդաշնակ եմ զգում՝ իմ մասնագիտության մեջ, չեմ կարծում, որ ինքն է ինձ փոխել։ Շատ հարցերում սկսում է աշխատել համակարգված մոդել՝ քայլերի հաջորդականություն, ճշգրտություն, որը սկիզբ է առնում ծրագրավորման (նաև մաթեմատիկայի) կանոնակարգված լինելուց»։
Գ․Հ․ «Ոլորտ մտնելով, ամենաառաջինը նկատել եմ մարդկանց անպատասխանատու լինելը»։
Մ․Զ․ «Դարձել եմ ավելի կազմակերպված ու կարևորություն եմ տալիս մանրուքներին»։
Հ․Ն․ «Ոչ թե ծրագրավորումը, այլ ավելի շատ մաթեմատիկան է ձևավորել բնավորությանս որոշ գծեր, որոնք առաջ չեմ ունեցել․ սկսել եմ խիստ դատել կյանքում յուրաքանչյուր հարց և ինչ-որ գործ անելուց ձգտել բացարձակ կատարելության»։
Խորհուրդներ սկսնակներին
Մ․Զ․ «Մանր անհաջություններից հիասթափվելով չեք հասցնի նկատել ոլորտի ամբողջ հմայքն ու գեղեցկությունը։ Զարգացող ոլորտին զուգընթաց շարժվեք, պատրաստ եղեք դժվարությունների, մշտապես ինքնակրթվեք»։
Գ․Հ․ «Ասում են, պետք է շարունակես հենց այն ուղղությամբ, որից ամենաշատն ես վախենում։ Հենց ձախողվելով ես սովորում, որ այլ ճանապարհ չկա․ պետք է վեր կենալ և գործել»։
Տ․Գ․ «Մի՛ վախեցեք ինչ-որ բաներ չիմանալուց և հարցեր տալուց։ Պետք է վախենալ միայն այն ժամանակ, երբ որոշեք, որ ամենախելացին եք, որի արդյունքում չեք ունենա անձնային աճ»։
Հ․Ն․ «Սիրեք, այն ինչով զբաղվում եք, եղեք չափազանց աշխատասեր, վստահ քայլերով գնացեք առաջ»։
Հեղինակ՝ Հեղինե Նավասարդյան