Ծանոթություն DNA-ի հոգեբանի հետ

1.Ողջույն, հարգելի Անի։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հարցազրույցի հրավերը ընդունելու համար։ Կխնդրեմ միփոքր պատմել Ձեր մասին։

Նախևառաջ, շնորհակալ եմ հրավերի համար: Ես երիտասարդ հոգեբան եմ, ներկայումս սովորում եմ Հայ-Ռուսական Համալսարանի ասպիրանտուրայում, որտեղ զուգահեռ դասավանդում եմ: Նաև հանդիսանում եմ խմբավար:Ո՞րն է Ձեր ամենամեծ ուժը՝ որպես հոգեբան։ Իմ ամենաուժեղ կողմը համարում եմ ինքս ինձ և ինձ շրջապատող իրականության ադեկվատ և օբյեկտիվ ընկալումը:

2. Ձեր կարծիքով ի՞նչ կարողություններ և հմտություններ են անհրաժեշտ հաջողակ հոգեբան լինելու համար։

Իմ կարծիքով չկա այդպիսի ոսկե ստանդարտ, թե որ հմտություններով օժտված հոգեբաններն են հաջողում: Կան որոշակի ընդհանուր հատկանիշներ, ինչպիսիք են ապրումակցման կարողությունը, սեփական հույզերի կառավարումը, անալիտիկ մտածողությունը, անընդհատ նոր գիտելիքներ ձեռք բերելու կարողությունը, հանգստությունը, համբերությունը, բարյացկամությունը, որոնք երբեք ավելորդ չեն հոգեբանի համար:

3. Ինչու՞ որոշեցիք ուսումնասիրել հոգեբանությունը։

Հոգեբանության նկատմամբ իմ սերը սկսվել է դեռևս դպրոցական վաղ տարիներին: Ես հասկացա, որ ինձ շատ են հետաքրքրում մարդկային հարաբերությունները, հույզերը, կոնֆլիկտները ու շատ էի ցանկանում հասկանալ դրանց բնույթը:

4. Որո՞նք են ձեր ուժեղ և թույլ կողմերը, ինչպե՞ս եք փորձում հաղթահարել թուլությունները։

Իմ վերոնշյալ ամենամեծ ուժը ինձ միշտ օգնում է տեսնել և հասկանալ իմ ուժեղ և թույլ կողմերը և հենց այդ ընկալումն էլ ինձ օգնում է հաղթահարել թուլությունները՝ փոխարինելով դրանք նոր հմտություններով կամ դրանցից բոլորովին ձերբազատվելով:

5. Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են իրենց կարիերան շարունակել այս ոլորտում։

Նախևառաջ, կարծում եմ, որ պետք է ստանալ մասնագիտական բարձրագույն կրթություն, սակայն ժամանակակից պայմաններում անհրաժեշտ է նաև ֆունդամենտալ և տեսական գիտելիքները անընդհատ լրացնել պրակտիկ հմտություններով, ուստի խորհուրդ կտամ բոլոր սկսնակներին ընտրել և հաճախել հետաքրքիր, որակյալ պրակտիկ կուրսեր և թրեյնինգներ:

6. Դուք գրեթե ամեն օր առնչվում եք տարբեր մարդկանց և նրանց խնդիրների հետ։ Ի՞նչն է ձեզ ամենից շատ անհանգստացնում մեր հասարակությունում։

Մարդկանց խնդիրները շատ անհատական են և տարբեր և ընդհանրացնել դրանք, կարծում եմ, սխալ է: Այնուամենայնիվ, կնշեմ մեր հասարակության մեջ առկա մի քանի հիմնական խնդիրներ՝ հավաքական անպատասխանատվություն, որը առավելապես նկատելի է վերջին շրջանում, սոցիալական անհավասարություն: Սակայն ուրախ եմ նշել, որ առկա է սեփական հոգեկան առողջությանը հետևելու դրական տենդենց:

7.Ինչու՞ որոշեցիք միանալ DNA-ի Women’s Empowerment ծրագրին։

Կարծում եմ, որ կանանց իրավունքների պաշտպանության խնդիրը արդիական և կարևոր է մեր հասարակության մեջ: DNA-ի
այս նախագծի շրջանակներում ինձ համար տեսնում եմ օգտակար լինելու և մասնագիտական փորձս հարստացնելու
հնարավորություն: