Տանը՝ ձանձրացած կամ փողոցում քայլելիս, վստահաբար, շարունակ Ձեր մտքին հաջորդ ճամփորդությունն է։ Հատկապես նրանց համար, ովքեր նոր վայրեր բացահայտելու սիրահար են, կորոնավիրուսային պանդեմիան իսկական մղձավանջ կարող է թվալ։
Իսկ եթե անկեղծ՝ բոլորս էլ անպայման նորից ճամփորդելու ենք։ Պարզապես մեր հաջորդ ճամփորդությունը նախորդներին նման չի լինելու։ Եվ երբ սահմանները բացվեն, առողջության և անվտանգության նոր համակարգերը պարտադիր կդառնան։
Նախ, սկսենք նրանից, որ աշխարհի բնակչության 90%-ն այժմ ապրում է ճամփորդական սահմանափակումների պայմաններում։ Սա նշանակում է, որ «ճամփորդական դեպրեսիայի» մեջ Դուք մենակ չեք։ Ավիաընկերությունները, ճամփորդական ընկերությունները և, առհասարակ, զբոսաշրջության ոլորտն այս շրջանում ամենատուժածներից են։ Մոտավոր հաշվարկներով՝ ավիացիայի ոլորտում 25 միլիոն և զբոսաշրջության ոլորտում 100 միլիոն աշխատատեղ այժմ վտանգված է։ Եվ որպեսզի ոլորտը վերականգնվի, ճանապարհորդողների առողջությունն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինի։
Պանդեմիան մեծագույն մարտահրավեր է ինչպես ճանապարհորդողների, այնպես էլ ճամփորդական ընկերությունների համար։ Փորձենք հասկանալ՝ ինչպիսի՞ն կլինի հետկորոնավիրուսյան ճամփորդությունն ամենամոտ ապագայում։
Անհպում ճամփորդություն
Ամենաշուտ տեղի ունեցող փոփոխությունը կլինի հետևյալը․ զբոսաշրջային ողջ ոլորտում անցում կլինի մեքենայացված համակարգի։ Այսինքն՝ անձի նույնականացման ստուգումը, օրինակ, մատնահետքերի միջոցով, կփոխարինվի այլ ավտոմատ համակարգով։ Դրանցից կլինի, օրինակ, դեմքի նույնականացումը՝ ավտոմատ համակարգի միջոցով։
Եվ անգամ խիստ հսկվող մաքրության պայմաններում, փաստաթղթերի փոխանցումը և օդանավակայանում, գրանցում անցնելիս, որոշակի մակերեսներին դիպչելը կշարունակի վտանգավոր համարվել։
Դիմակահանդես
Հաջորդ անգամ, երբ Ձեր ինքնաթիռը թռիչքի կպատրաստվի, դիմակները նորաձև կլինեն։ Եվ երբ ինքնաթիռում Ձեր տեղը կզբաղեցնեք, ստիպված կլինեք միայն մտովի պատկերացնել բորտուղեկցորդների ժպիտները, քանի որ նրանք դիմակով կլինեն։ Միգուցե ցանկանաք ժպտալ նրանց, բայց, ամենայն հավանականությամբ, Դուք ինքներդ էլ դիմակով կլինեք։ Սա էլ ճամփորդական նոր օրենքների «դաժան» կողմերից մեկը կլինի։
Այսպիսով, արդեն պլանավորու՞մ եք Ձեր հաջորդ ճանապարհորդությունը։ Եթե դեռ մտածում եք՝ ո՞ր երկիրն է լինելու հաջորդը, հետևե՛ք DNA-ին, քանի որ մենք բազմաթիվ հետաքրքիր միջազգային ծրագրեր ենք ունենում, որոնք հնարավորություն կտան ոչ միայն նոր հմտություններ զարգացել, անմոռանալի հիշողություններ ու փորձ ձեռք բերել, այլ նաև ընդլայնել մտահորիզոնը՝ ճամփորդելու միջոցով։
Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան