ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՐԵԼ ԱՌԱՆՑ ԹԱՓՈՆՆԵՐԻ. ՈւՂԵՑՈՒՅՑ՝ ՍԿՍՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հասարակությունը պարտավոր է կառավարել իր թափոնները: Եվ չնայած երկար ժամանակ է հարկավոր ընտելանալու առանց թափոնների ապրելու գաղափարին, դա չի նշանակում, որ դուք չեք կարող ապրել լիարժեք կյանքով, այլ պարզապես նշանակում է ավելի գիտակցված մոտեցում ձեր՝ որպես սպառող, ընտրություններին: Դրանով դուք մոլորակին հսկայական օգուտ կտաք:

Այսպիսով, ի՞նչ է առանց թափոնների կամ, այլ կերպ ասած, zero-waste ապրելակերպը: Նախ, կարևոր է իմանալ թափոնների կառավարման հինգ R-երը. հրաժարվել, կրճատել, վերաօգտագործել, վերամշակել և վերաիմաստավորել (refuse, reduce, reuse, recycle, repurpose):

Հրաժարվել (refuse). Հրաժարվել սովորելը միանգամից հեշտ չի տրվում, սակայն դա թափոնները նվազագույնի հասցնելու ամենաարդյունավետ միջոցն է: Գնումների ժամանակ ավելի խելացի որոշումներ կայացնելը հեշտացնում է թափոններից հրաժարվելու գործընթացը: Օրինակ, կարող եք խուսափել պլաստիկ տոպրակներից: Ամեն տարի մարդիկ ամբողջ աշխարհում դեն են նետում հարյուր միլիոնավոր պլաստիկ մթերային տոպրակներ: Այսպիսով, իրավիճակը բարելավելու համար սկսեք օգտագործել գնումների համար նախատեսված պայուսակներ, որոնք պատրաստված են կտորից, ցանցից կամ վերամշակված/վերամշակվող պլաստիկից: Սրանք սուպերմարկետների մեծ մասում կարող եք ձեռք բերել շատ ցածր գնով:

Կրճատել (reduce). Թափոնների կրճատումը ամենակարևոր բանն է, որ մենք կարող ենք անել: Նվազեցնելով թափոնները, մենք խուսափում ենք ռեսուրսների՝ նյութերի, էներգիայի և ջրի ավելորդ օգտագործումից: Դա նշանակում է, որ կառավարելու համար ավելի քիչ թափոններ կան: Օրինակ՝ փաստաթուղթը տպեք երկկողմանի՝ ձեր թափոնները կիսով չափ կրճատելու համար, լանչը վերցրեք բազմակի օգտագործման տարայի մեջ, ընտրեք ապրանքներ, որոնք ավելի քիչ փաթեթավորում են պահանջում: Սա նաև նշանակում է, որ հնարավորության դեպքում պետք չէ նոր ապրանք գնել, ինչը խնայում է գումար, ինչպես նաև այն էներգիան և ռեսուրսները, որոնք պետք է օգտագործվեին նոր ապրանք ստեղծելու համար:

Վերաօգտագործում (reuse). Հաջորդ կարևոր բանը, որ կարող ենք անել, թափոնների վերաօգտագործումն է: Այդ կերպ այն չի հայտնվում աղբանոցում:

Ինչպե՞ս կարող եք վերաօգտագործել թափոնները: Օրինակ՝ պահեստավորման համար օգտագործեք հին տարաներ, գնումներ կատարեք second-hand խանութներում կամ օգտագործեք առցանց առևտրային կայքեր՝ ուրիշների կողմից այլևս չօգտագործվող իրեր գնելու համար, հիվանդանոցներին կամ դպրոցներին փոխանցեք Ձեր կողմից չօգտագործվող խաղալիքները, հագուստը կամ գրքերը:

Վերամշակում (recycle). Սա թափոնների հետ աշխատանքի էկոլոգիապես ավելի մաքուր եղանակն է, երբ որ արդեն իրագործել եք մնացած R-ը: Օրինակ, կարող եք առանձնացնել ձեր թափոնները, ջարդոնները, սննդի մնացորդները, այգու թափոնները և վերամշակման պիտանի նյութերը: Անհրաժեշտ է հիշել, որ հիմնական արտադրանքը, որը հնարավոր է վերամշակել, թուղթն է, ստվարաթուղթը, ապակին, ալյումինը, թիթեղը և պլաստմասե տարաները:

Վերաիմաստավորում (repurpose). Յուրաքանչյուր ապրանք, որից հնարավոր չէ հրաժարվել, որը հնարավոր չէ կրճատել, վերաօգտագործել կամ վերամշակել, կարելի է վերաւմաստավորել: Երբեմն դա պահանջում է ստեղծարար մոտեցում, բայց չպետք է մոռանալ, որ հնարավորություններն անվերջ են: Օրինակ՝ օգտագործեք արդեն օգտագործված փաստաթղթերը սևագրի համար, ստվարաթղթե արկղերը՝տարատեսակ պարագաներ պահելու համար, ամրացնող սեղմակները՝ էլեկտրական լարերն ու լիցքավորիչներն իրենց տեղում պահելու համար: Նաև գրիչները և մատիտները պահելու համար կարող եք օգտագործել տարաներ, սուրճի գավաթներ և թիթեղյա տարաներ:

Հուսով ենք, որ այս հոդվածը կօգնի ձեզ մտածել թեմայի շուրջ և միգուցե մոտ ապագայում սկսել զրոյական թափոններով ապրելակերպ վարել:

Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան