Իմ և կորոնայի անսպասելի հանդիպումը 2020 թ-ին

Երբևէ կմտածե՞իք, որ այն ինչ տեսնում եք ֆիլմերում կամ ընթերցում եք գրքերում իրական կյանքում էլ է տեղի ունենում: Երկիր մոլորակը շատ արագ վարակվեց թագավարակով: Մեկ ակնթարթում և շատ անսպասելի իրական շփումները, առօրյա կյանքը, նույնիսկ մեր շատ սիրելի աշխատանքը, կամավորությունը, գրեթե ամեն բան, տեղափոխվեց վիրտուալ հարթակ: Սկզբում փոքր-ինչ դժվար էր ամեն ինչ տեխափոխել օնլայն հարթակ,  հատկապես ուսումը: Ես և ինձ նման մի շարք ուսանողներ օր ու գիշեր աշխատում էինք մեր ավարտական աշխատանքների վրա՝ ջանալով լավագույնս ներկայանալ: Իհարկե, մեզանից յուրաքանչյուրն իրեն պատկերացնում էր ամբիոնի առջև՝ դիպլոմային աշխատանքը պաշտպանելիս, բայց երբևէ մեր մտահորիզոնը չէր կանխատեսում, կամ նույնիսկ մտածում ավարտական աշխատանքը պաշտպանել մեզ բոլորիս հարազատ դարձացած Zoom հարթակում: Այնուամենայնիվ, հաղթահարեցի նաև այդ փուլը, և աստիճանաբար սկսեցի լեզու գտնել վիրտուալ միջավայրի հետ՝ գալով այն համոզման, որ գուցե ամենից բարին այս է, և պետք չէ բացասական լիցքերով ներարկել ինքդ քեզ, այլ լինել համբերատար և զգոն:

Կորոնան և իր հետ առաջացած հետևանքները առանձնանում են և՛ լավ, և՛ վատ կողմերով, առավելություններով ու թերություններով: Ինձ համար լավ կողմն այն է, որ վիրտուալ հարթակում ավելի լայն հնարավորություններ են ստեղծվել և ստեղծվում ոչ-ֆորմալ կրթությունը ապահովելու համար. ընդամենը հարկավոր է հարմարավետ աշխատասենյակ, համակարգիչ, փափուկ բազմոց, և բազմատեսակ օնլայն կրթական հարթակներ, ու մկնիկի մեկ քլիքով կարող ես նվաճել աշխարհը: Այս ամենը մի կողմից հեշտացնում է շատ բան, կառավարում է ժամանակը, բայց մյուս կողմից ունի բացասական ազդեցություն, քանի որ երկար ժամանակ օնլայն հարթակում գտնվելը հոգնեցուցիչ է և, իհարկե, առողջական խնդիրներ են առաջանում:

Կորոնայի տարածումով սկսեցինք ապրել կյանքի նոր ձևաչափով, նոր ռիթմով: Ցավոք, ավելի քիչ են շփումները. ընկերների հետ տեսազանգով կամ նամակագրությամբ ենք հաղորդակցվում: Սակայն, անկախ ամեն ինչից, կյանքը շարունակվում է, չենք տրտնջում․ երկիր մոլորակն իսկապես ուժեղ է և գեղեցիկ հենց հիմա, նույնիսկ 3 րոպե հետո, 24 ժամ անց, 365 օր:

Հեղինակ՝ Անուշ Մկրտչյան