Ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս. 3 մասնագիտություն, որ դեռ երկար ժամանակ թրենդային կմնան

«Ի՞նչ ես դառնալու, երբ մեծանաս»։ Վստահ եմ՝ այս հարցը շատ եք լսել, երբ փոքր էիք։ Բոլորս ենք լսել։ Իսկ ի՞նչ էր Ձեր մտքին գալիս, երբ այս հարցն էին տալիս։ Կարծում եմ՝պատասխանները տարբեր են եղել. մի օր ցանկացել եք թենիսիստ դառնալ, հենց հաջորդ օրը՝ նկարիչ, իսկ մեկ օր անց՝ երաժիշտ։
Դրսում 2020 թվականն է եւ, չնայած այն ամենին, ինչ հիմա աշխարհում կատարվում է, որոշ մասնագիտություններ շարունակելու են թրենդային համարվել՝ նույնիսկ հետհամավարակային իրականության մեջ։
Ուսումնասիրենք դրանք։


Սպասարկում (զբոսաշրջության ոլորտում)
Այս ոլորտի մասնագիտությունները «մշտադալար» են։ Զբոսաշրջությունը կա դեռ այն ժամանակից, երբ մարդիկ սկսեցին մի կետից մյուսը տեղափոխվել։ Այնպես որ, զբոսավարի, տուր մենեջերի եւ տուր օպերատորի մասնագիտությունները մշտապես թրենդային են։ Զբոաշրջության ոլորտում աշխատելու համար 3 հիմնական հատկանիշ է պետք՝ օտար լեզուների տիրապետում, հետաքրքրասիրություն եւ էնտուզիազմ։ Ոլորտին առնչվող
մասնագիտությունների շարքում են նաեւ հյուրանոցի ընդունարանի աշխատակիցն ու հյուրընկալը։


Ուսուցիչ (առցանց)
Ուսուցիչն ամենահին եւ, իհարկե, ամենակարեւոր մասնագիտություններից է։ Միայն թե այսօր այն վերածվել է մի նոր ու հետաքրքիր աշխատանքի։ Եվ եթե տարիներ առաջ «տնից աշխատել» եւ «ուսուցիչ» բառերն անհամատեղելի էին, ապա այսօր սա նոր թրենդ է։
Աշխարհում մեծաթիվ մարդիկ ավարտում են աշխարհի լավագույն համալսարան- ները՝ առանց տնից մեկ քայլ անգամ անելու։ Այնպես որ, ինչու՞ չդառնալ առցանց ուսուցիչ եւ մոտիվացնել մարդկանց՝ որեւէ նոր բան սովորել՝ առանց տան հարմարավե- տությունից դուրս գալու։


Բլոգեր/վլոգեր

Ավելի քան վստահ եմ, որ ամեն օր Ինստագրամ կամ Յութուբ եք մուտք գործում՝ տեսնելու, թե ինչով են զբաղված Ձեր սիրելի «վիրտուալ էակները»։
Իսկ ի՞նչ կլինի, եթե Դուք ինքներդ նրանցից մեկը դառնաք։ Քանի որ «influencer marketing»-ն (անգլ. influencer- ազդեցություն գործող) օրեցօր ավելի է զարգանում, համացանցում որոշակի «ազդեցություն» ունեցող լինելն ավելի թրենդային ու շահութաբեր է դառնում։ Կարող եք օգտագործել սոցիալական մեդիայի Ձեր հարթակները եւ մի ամբողջ «վիրտուալ կայսրություն» ստեղծել, ինչը հետագայում կարող է դառնալ Ձեր եկամտի աղբյուրը։ Եվ եթե մանկուց երազել եք հայտնի դառնալու մասին, այսպես Ձեր վաղեմի երազանքն էլ իրականություն կդարձնեք։

Հուսով ենք, որ ինչ-որ կերպ օգնեցինք Ձեզ՝ ապագա մասնագիտության ընտրության հարցում։ Ի վերջո, պետք է միշտ հիշել, որ ինչ մասնագիտություն էլ ընտրեք, կարեւոր է, որ այն սիրով ու հաճույքով կատարեք։ Այդ դեպքում, ասում են, երբեք աշխատելու կարիք չեք ունենա։

Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան