Ընտանիքը բոլորիս համար ամենաթանկ բանն է։ Այն մեզ ամենամոտ մարդկանց խումբն է, ովքեր գիտեն մեզ մեր կյանքի ամենասկզբից։ Յուրաքանաչյուր մարդ կյանքի որոշակի փուլում պետք է ընտրություն կատարի, և ճիշտ ճանապարհը ցուց տալու համար փորձառու մարդ է անհրաժեշտ։ Ցանկացած մարդու կյանքի ամենակարևոր բաներից մեկը կարիերա և մասնագիտություն ընտրելն է, քանի որ հենց դա է հաջողության և բարեկեցիկ կյանք ունենալու գրավականը։ Եվ ահա այստեղ է, որ մենք մեր ամենամոտ մարդկանց կարիքն ունենք, որպեսզի ճիշտ ընտրություն կատարենք։ Հաշվի առնելով հարցի նրբանկատ լինելը՝ DNA-ի թիմը որոշեց անդրադառնալ այս թեմային և է՛լ ավելի ընդգծել դրա կարևորությունը։
Ընտանիքի վատ ազդեցությունը իրենց երեխաների վրա
Երբեմն ծնողներն իրենց վարքով անգիտակցաբար ազդում են երեխաների հոգեբանության վրա՝ չմտածելով հետևանքների մասին։ Որոշ ընտանիքներ իրենց երեխաների կարիերայի և ապագայի հետ շատ հույսեր են կապում, սակայն արդյունքները տարբերվում են՝ կախված անհատից։ Որոշ երեխաներ իրենց ամբողջ կյանքը ծնողների կողմից վերահսկվում են և որոշումներ կայացնում են առանց իրենց հետաքրքրությունները, կարիքները, նպատակները և հնարավորությունները հաշվի առնելու։ Նրանք վախենում են, որ միգուցե իրենց ծնողները չեն հավանի նկարիչ, երաժիշտ, պարուհի դառնալու իրենց գաղափարը, քանի որ իրենց ամբողջ կյանքում ասել են, որ բժշկի կամ իրավաբանի մասնագիտությունը բարձր վարձատրվող է, և դրանցից մեկը ընտրելու դեպքում նրանք անկասկած հաջողակ կլինեն։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Դեռահասը մի կողմ է դնում իր երազանքները, սպասումներն ու գաղափարները և սկսում է իր ողջ ներուժը օգտագործել սովորելու և քրտնաջան աշխատելու համար, որպեսզի պարզապես գոհացնի իր ծնողներին։
Ես կցանկանայի բերել նման մի օրինակ։ Իմ ամենամոտ ընկերներից մեկը ցանկանում էր դառնալ նկարիչ, և նա իսկապես հիանալի նկարում էր, սակայն ծնողները ցանականում էին, որ նա դառնա ուսուցչուհի, քանի որ, ըստ նրանց, դա ամենահարմար մասնագիտությունն է հայ աղջկա կամ կնոջ համար։ Եվ այժմ նա ուսուցչուհի է, ով կապ չունի մանկավարժության կամ ուսուցչության հետ, սակայն սիրում է նկարել։
Ծնողների հարաբերականորեն լավ ազդեցությունը իրենց երեխանորի վրա
Ես նաև կցանկանայի խոսել կարիերայի ընտրության հարցում ընտանիքի ազդեցության մեկ այլ տեսակի մասին, որն առաջինի պես բացասաբար չի ազդում։ Այս դեպքում ծնողները նրբանկատորեն անում են նույն բանը, սակայն ոչ թե ստիպելով, այլ զգուշացնելով իրենց երեխաներին ապագա կարերայի հնարավոր բարդությունների և դժվարությունների մասին։ Նրանք իրենց երեխաներին թույլ են տալիս լինել ազատ իրենց որոշումներում, իսկ կյանքում՝ ինքնուրույն։
Ես կցանկանայի բերել իմ ընտանիքի օրինակը։ Իմ ծնողները բժիշկներ են, և ես նույնպես ցանկանում էի ընտրել ծնողներիս մասնագիտությունը։ Վերջիներս ինձ խորհուրդ տվեցին այդպիսի որոշում չկայացնել, քանի որ բժիշկ լինելը ամենապատասխանատու և, ինչու ոչ, ամենավտանգավոր մասնագիտությունն է։ Լսելով նրանց խորհուրդը՝ ես ավելի մեծ ուշադրություն սկսեցի դարձնել այս մասնագիտության հետ կապված դժվարություններին։ Եվ այժմ վստահորեն կարող եմ ասել, որ առանց նրանց տված խորհրդի ես չէի ընդունի, որ բժշկի մասնագիտությունը ինձ համար չէ։ Եվ հիմա ես իմ ճիշտ որոշման համար շնորհակալ եմ նրանց։
Այսպիսով կարող եմ ասել, որ մասնագիտություն ընտրելը կյանքի կարևոր փուլերից է , որն էլ կանխորոշում է մեր ապագան։ Բոլորն էլ ծնողների խորհուրդների և քաջալերումների կարիքն ունեն իրենց ընտրություններում և որոշումներում։ Ծնողի ազդեցությունը շատ կարևոր է, որովհետև նրանք են մեր կյանքի ուսուցիչները, այդ իսկ պատճառով նրանք պետք է օգնեն իրենց երեխաներին բացահայտել բոլոր մասնագիտությունների գաղտնիքները, զարգացնել գիտելիքները, ուժեղ լինել և չվախենալ դժվարություններից։ Ուստի շատ կցանկանայի, որ գար մի օր, երբ բոլոր ծնողները կառաջնորդեն, այլ ոչ թե կստիպեն իրենց երեխաներին, կօգնեն՝ առանց հսկելու, կքաջալերեն, այլ ոչ թե կզրկեն նրանց երազանքներից։
Այս թեմայի կարևորությունը շատ մեծ է, և եթե Դուք հետաքրքրված եք նմանատիպ կրթական կամ այլ թեմաներով, հետևք DNA -ի էջին և տեղեկացված եղեք մեր բոլոր հետաքրքիր հայտարարություններին։
Հեղինակ՝ Չովուշյան Սոնա