Կանանց նկատմամբ բռնությունը, հատկապես ինտիմ գործընկերների կողմից և կանանց նկատմամբ սեռական բռնությունը, հանրային առողջապահության լուրջ խնդիր է և մարդու իրավունքների խախտում:
Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ՀԱԿ) տվյալների
ամբողջ աշխարհում հարաբերությունների մեջ գտնվող կանանց 30% -ը հայտնում է, որ ամբողջ կյանքի ընթացքում իրենց զուգընկերոջ կողմից ենթարկվել են ֆիզիկական կամ սեռական բռնության:
Ցավոք, բայց շատ հաճախ կինը դառնում է բռնության զոհ իր ընտանիքի ներսում, բռնության է ենթարկվում իր ամուսնու կողմից: Ընտանեկան բռնությունը ուսումնասիրելը բարդ է: Քանի որ, բռնությանը ենթարկված կանայք, վախենալով փչացնել ընտանիքի հեղինակությունը և ոչնչացնել երևակայական բարեկեցության տեսքը, երկմտում են օգնություն հայցել ոչ միայն պետական մարմիններից, այլև ընկերներից, հարազատներից և մտերիմներից:
Փորձենք պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում ընտանեկան բռնությունը:
Իր ամենատարածված ձևով բռնությունը սահմանվում է, որպես ինչ-որ մեկի վրա հարկադրանքի ազդեցություն:
Գոյություն ունեն բռնության տարբեր տեսակներ՝
ֆիզիկական բռնությունը դա ապտակներն են, բռունցքով հարվածներն են, ծանր առարկաների, զենքի և արտաքին այլ իրերի օգտագործումն է, ինչը հանգեցնում է ցավի և վնասվածքների;
սեռական բռնությունը դա ցանկացած սեռական արարքն է, կամ այդ արարքը կատարելու փորձը և անձի սեռականության դեմ ուղղված այլ գործողություններ, որոնք արվում են անձի կամքին հակառակ և հարկադրաբար;
հուզական կամ հոգեբանական բռնությունը դա անձի նկատմամբ կիրառվող հոգեբանական ճնշումն է, որը արտահայտվում է հետևյալ տեսքով՝ վերահսկողություն, խանդ, անձի ամբողջ ազատ ժամանակը վերահսկելու
ցանկություն, անձի սոցիալական շփումները սահմանափակելու ցանկություն, երկակի ստանդարտներ (Ես կարող եմ՝ դուք չեք կարող), ճնշում և պարտադրանք կատարել հատուկ գործողություններ, մեղքի զգացողության ներշնչում և
այլն:
Ընտանեկան բռնությունը տարածված է ամբողջ աշխարհում և բնակչության բոլոր հատվածներում: Ընտանեկան բռնության մասին կարող ենք խոսել այն դեպքերում, երբ դաժան և վատ վերաբերմունքի փաստերը պատահական չեն, և կրում են կանոնավոր, համակարգված բնույթ և անընդհատ կրկնվում են: Հաճախ բռնության զոհերը չեն խզում հարաբերությունները ագրեսորի հետ, քանի որ ունեն պատրանք, որ բռնությունը այլևս չի կրկնվի: Դժբախտաբար, շատ դեպքերում դա այդպես չէ: Ժամանակի հետ բռնությունը ուժեղանում և հաճախանում է: Ընտանեկան բռնության ամենատարածված հետևանքներն են հոգեբանական տրավման, սթրեսը, վատթարացող առողջությունը:
Հաճախ բռնության զոհը, չհասկանալով իր նկատմամբ կիրառվող դաժանության պատճառները, սկսում է մեղադրել կամ դատապարտել ինքն իրեն՝ իր մեջ փնտրելով բռնության պատճառները:
Ընտանեկան բռնության հետևանքներն են հոգեբանական մակարդակում՝ քնի խանգարումներ, մղձավանջներ, կենտրոնացման դժվարություն, անհանգստության
և տագնապայնության բարձրացում, հիպերակտիվություն, հարաբերությունների խանգարում, հասարակության մեջ թշնամության զգացողություն;
ֆիզիոլոգիական մակարդակում՝ օդի պակասի զգացողություն, ստամոքսում տհաճության զգացողություն, ներքին ցավեր, գլխացավեր, սեռական հարաբերությունների նկատմամբ հետաքրքրության նվազում;վարքային մակարդակում՝ ինքնավնասում, ինքնասպանության փորձեր կամ մտքեր, ալկոհոլի կամ թմրանյութերի չարաշահում, սննդի հետ կապված խնդիրներ (բուլիմիա կամ անորեքսիա):
Հեղինակ՝ Անի Բուդաղյան