Զարմանալի է, սակայն մինչ այսօր «զոհ» հասկացության հստակ սահմանում չկա:
Հիմնականում զոհը այն ֆիզիկական անձն է, որին ուղղակիորեն վնասում են:
Զոհը նաև այն անձն է, ով կորցրել է իր համար նշանակություն ունեցող արժեքները մեկ այլ անձի կամ խմբի, որոշակի իրադարձությունների կամ հանգամանքների ազդեցության արդյունքում:
Միջազգային աղբյուրներում զոհերին անվանում են վիկտիմ:
Այսօր մեր հոդվածում ավելի շատ կանդրադառնանք ընտանեկան բռնության զոհերի հոգեբանական հատկանիշներին:
Սովորաբար, եթե ընտանիքում բռնություն է գործադրվում կնոջ նկատմամբ, ապա կինը.
- իրեն զգում է անօգնական և ավելորդ;
- վախենում է իր զուգընկերոջից;
- զգում է իրեն միայնակ;
- միայն իրեն է մեղադրում ամեն ինչի համար;
- հրաժարվել է ինքն իրենից և ապրում է միայն պարտավորվածության զգացողությամբ:
Բռնության զոհերի մի քանի ընդհանուր բնութագիր կա՝ պասիվություն, հնազանդություն, անվստահություն, ցածր ինքնագնահատական, մեղքի զգացում, որոնք, մի կողմից, ընտանեկան բռնության առաջացման պայմաններ են, մյուս կողմից՝ այս հատկությունները բռնության արդյունքում կարող են արտահայտվել և սրվել:
Հաճախ կինը, չհասկանալով իր նկատմամբ առաջացած դաժանության ծագումը, սկսում է մեղադրել ինքն իրեն՝ իր մեջ փնտրելով բռնության պատճառները: Այդ երևույթը կոչվում է «զոհի դատապարտություն», այդ տենդենցը տարածված է նաև հասարակության մեջ:
Ընտանեկան բռնության պարագայում, շատ դեպքերում, կնոջ մոտ բռնության նկատմամբ առաջանում է կախվածություն: Կարելի է ասել, որ հենց այդ կախվածությունն է բռնությունը դարձնում մշակութային նորմ: Սովորաբար այս կախվածության արմատներն ընկած են ծնողական ընտանիքում. երեխաները սովորում և կրկնում են ծնողների ամուսնական մոդելները:
Ընտանեկան բռնության պայմաններում կնոջ մոտ կա նաև ամուսնու կողմից բռնության կիրառման գիտակցական ընդունում և սպասում, երբ կինը հավատում է, որ տղամարդը, իր բնույթով և սոցիալական դերով, հակված է վիրավորանքի և իր զուգընկերոջը վախի մեջ պահելու, և, հետևաբար, պետք է հանգիստ և «փիլիսոփայորեն» նայել բռնությանը:
Բռնության հավանական զոհերը հաճախ ցուցադրում են վարքային հետևյալ հատկանիշները.
- վախ ունեն զուգընկերոջ նկատմամբ;
- հաճախ զիջում են իրենց զուգընկերոջը `իրենց զգացմունքները վիրավորելու կամ զայրույթ հրահրելու վախից;
- զգում են զուգընկերոջը «փրկելու» ցանկություն, երբ նա հայտնվում է տհաճ կամ ծանր իրավիճակում;
- արդարացնում են զուգընկերոջ դաժանությունը;
- հանդուրժում են զուգընկերոջ նյարդայնացած և զայրացած լինելը, հարվածները, հրումները, ցնցումները և ուժի գործադրման այլ դրսևորումները;
- իրենց որոշումները կայացնում են կախված զուգընկերոջ ցանկությունից կամ արձագանքից;
- արդարացրում են զուգընկերոջը` ասելով, որ ինքը վարվում է այնպես, ինչպես նախկինում հայրը վարվել է մոր հետ:
Կինը, ով ամուսնական հարաբերություններում անընդհատ ենթարկվում է ֆիզիկական և հուզական բռնության, ի վիճակի չէ հստակ պատկերացնել, թե ինչ է ուզում, ինչ է սիրում, ինչպես է իրեն զգում և ինչին է հավատում: Նա չի կարող «ոչ» ասել ուրիշներին և պասիվորեն սպասում է, թե երբ իր նկատմամբ շրջապատողների պահանջները կդադարեն:
Կին-զոհերը չունեն հստակ պատկերացումներ այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվեն ուրիշներին, նրանք չգիտեն, թե որտեղ են ավարտվում իրենց անձի հոգեբանական և սկսվում իրենց զուգընկերոջ անձնական սահմանները, նրանք ուշադրություն չեն դարձնում իրենց զգացմունքներին և կարիքներին:
Ընտանեկան բռնության պայմաններում կինը ապրում է հակասությունների և հետևյալ իրար բացառող համոզմունքների համակարգում. «Ես ոչինչ չեմ ձեռնարկել, որպեսզի արժանի լինեմ նման վերաբերմունքի» և «Ես ինքս եմ մեղավոր կատարվածի համար»: Սակայն միտքը, որ ինքը կարող է շատ բան փոխել իր կյանքում անհասանելի է իր համար:
Կարևոր է հիշել, որ նման հոգեբանություն ունեցող անձինք (ավելի հաճախ հենց կանայք), կազմում են իրավական մի առանձին խումբ, որոնց հոգեբանությունը ուսումնասիրելու համար կա քրեաբանության հատուկ բաժին, ավելին՝ հատուկ գիտություն. վիկտիմոլոգիա՝ հանցագործությունների զոհերի մասին, որը կանխարգելման նկատառումներով ուսումնասիրում է զոհի անձը, վարքային առանձնահատկությունները, հոգեբանական ասպեկտները, ինչը կարևոր է պարզելու, թե ինչպիսի անձնային, սոցիալ-դերային և այլ պատճառների ուժով են նրանք դարձել տուժող,տուժողների դերը հանցավոր վարքագծի մեխանիզմում և այն և այն իրավիճակներում, որոնք նախորդել կամ ուղեկցել են հանցավոր վարքին, հանցագործին և տուժողին կապող հարաբերությունները, ընդ որում՝ ինչպես տևական, այնպես էլ ակնթարթորեն ձևավորված, որոնք հաճախ նախորդում են հանցավոր ոտնձգությանը, տուժողի վարքը հանցագործության կատարումից հետո, որը նշանակություն ունի ոչ միայն հանցագործության քննության և մեղավորների բացահայտման, այլև նոր հանցագործությունների կանխարգելման համար:
Շատերի մոտ կա այնպիսի մի թյուր կարծիք, որ հանցագործությունը՝ դա միայն կողոպուտն է կամ սպանությունը, իսկ զոհը, այն մարդն է, ումից գողանում են, կամ ում սպանել են: Բայց ինչպես տեսնում ենք, դա այդքան էլ պարզ և հեշտ չէ և ցանկացած կին, նույնիսկ չգիտակցելով դա, կարող է լինել զոհ իր <<սեփական>> ընտանիքում: Եթե գոյություն ունի մի ամբողջ գիտություն, ապա ակնհայտ է, որ անձը հաճախ չի կարող օգնել ինքն իրեն և գիտակցել, թե ինչ է կատարվում իր կյանքում: Այդ իսկ պատճառով, ցանկացած կին, տեսնելով իր իրավունքների ոտնահարումը, պետք է ուզենա օգնի ինքն իրեն և դիմի օգնության:
Հեղինակ՝ Անի Բուդաղյան, Լիլիա Սիմոնյան