DNA-ը, հանդիսանալով տեղական և միջազգային կամավորության հարթակ, նպատաստում է երիտասարդների զարգացմանն ու համայնքների ամրապնդմանը՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և սոցիալական ձեռնարկատիրության սկզբունքներին համապատասխան: Միջազգային կամավորության մասին կարող եք կարդալ այստեղ, իսկ տեղական կամավորության փորձով կկիսվի մեր կամավորներից Նելլի Մելքոնյանը:
Իմ կամավորական գործունեությունը մինչ DNA-ը
Կամավորությունը միշտ ավելին է քան վարձատրվող աշխատանքը, քանի որ դու քեզ կարողանում ես նայել այլ տեսանկյունից և նոր մարտահրավերներ նետել:
2014թ.-ից ներառված եմ կամավորության մեջ. աշխատել եմ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ և զբաղվել թարգմանություններով: Այդ ընթացքում ձեռք եմ բերել նոր ծանոթություններ, գիտելիքներ և հասարակության համար բարիք գործել: Կամավոր եմ եղել նաև լրագրության ոլորտում, իսկ ավելի եռուն շրջանը սկսվեց 2016թ.-ից մինչև 2019թ.-ը՝ որպես անգլերենի ակումբավար: Մասնակցել եմ մի շարք միջազգային ծրագրերի, ներկա գտնվել տարբեր թեմաների շուրջ քննարկումներին և ճամփորդել:
DNA-ում կամավորություն սկսել եմ կատարել համավարակի տարածման սկզբից: Ծանոթանալով թիմի հետ ես հասկացա, որ շատ ստեղծարար և նոր գաղափարներով լեցուն մարդկանց խումբ է և լիարժեք զարգանալու հարթակ:
3 հմտություն DNA-ի կամավորության ընթացքում
- Վերջնաժամկետների պահպանում
- Ժամանակի ճիշտ կառավարում
- Թիմային աշխատանքի հմտություն
DNA-ն ինձ օգնեց հասկանալու,որ թիմային աշխատանքը այդքան էլ բարդ գործ չէ, երբ բոլոր անդամներն իրապես գաղափարակից են:
DNA-ն ազատ ստեղծագործելու հարթակ
DNA-ը լավ հարթակ է ինքնազարգանալու և ինքնաարտահայտվելու համար, քանի որ այստեղ սահմանափակումներ չկան: Ունենք ստեղծագործելու թեմաների շրջանակ, բայց նույնիսկ այդ կոնտեքստում դու ունես ազատություն:
DNA-ի ազդեցությունն անձնային աճի վրա
DNA-ը ինձ հնարավորություն ընձեռեց փորձելու իմ հմտությունները content writer-ի ոլորտում: Շատ հետաքրքիր, կյանքով լեցուն մարդիկ ինձ է՛լ ավելի մոտիվացրեցին և դարձրին նպատակասլաց:
Կարծում եմ՝ ոչինչ չեմ փոխի կամավորության մեջ, քանի որ այստեղ կամավորի համար կան բոլոր հարմար պայմանները: Շատ կարևոր է որ այստեղ քեզ հասկանում են, ընդունում այնպիսին, ինչպիսին որ դու կաս, գնահատում են քո աշխատանքն ու քեզ՝ որպես կամավոր:
Հեղինակ՝ Անի Խաչատրյան