Դասարան՝ տան պատերից ներս

43-ամյա Արուսիկը վաղ առավոտյան արթնանում, ընտանիքի համար նախաճաշ է պատրաստում ու սկսում սովորականի պես պատրաստություն տեսնել։ Շպարվելն ու գեղեցիկ հագուստ կրելը պարտադիր է՝ նույնիսկ եթե իրեն էկրանից այն կողմ են տեսնելու։

Արուսիկը մեկն է Հայաստանի հարյուրավոր ուսուցիչներից, որոնք այս օրերին հեռավար ուսուցում են իրականացնում, քանի որ բոլոր դպրոցները փակ են, իսկ երեխաները, կարանտինի պատճառով, ողջ օրը տանն են։

«Օրական 3-4 առցանց դաս եմ ունենում՝ յուրաքանչյուրը 45-60 րոպե տևողությամբ։ Նման ձևաչափով դաս անցկացնելու փորձ չունեի, թեև միշտ հետևել եմ այն հարթակներին, որոնք նման դասեր են կազմակերպում․ օրինակ՝«Իմ դպրոց»-ը, Dasaran.am-ը»,- ասում է Արուսիկը։

Նրա խոսքով՝ նման ձևաչափով առաջին դասն իսկապես անսովոր էր թե՛ իր, թե՛ աշակերտների համար։

«Աշակերտներիս թվում էր, թե խաղ ենք խաղում։ Նրանցից մեկը նույնիսկ կատակեց․ «Ընկե՛ր Մուրադյան, ինչու՞ մեզ դպրոց չեք կանչում։ Չլինի՞ մեզնից նեղացել եք»։ Ես նրան ասացի, որ այս ամենը, թեպետ, ժամանակավոր է, ընթացքում մեզ համար սովորական կդառնա»,- պատմում է Արուսիկը։

Մարտի 16-ին Հայաստանի կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարեց, ինչը նշանակում էր, որ մինչև ապրիլի 16-ը փակ էին լինելու նաև կրթական հաստատությունները։ Երկու օր անց, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարեց, որ դասերը տեղափոխվում են առցանց հարթակ։ Շուտով նախարարը հրապարակեց երեխաների համար նախատեսված առաջին դասացուցակը։

Դասերից շատերը պետք է հեռարձակվեին Հայաստանի հանրային հեռուսատաընկերությամբ, իսկ մյուս մասը՝ ուսուցիչներն անձամբ պետք է կազմակերպեին։

«Երեխաների հետ կապվելու համար սկզբում Ֆեյսբուքի մեսենջերն էի օգտագործում, բայց հիմա արդեն Zoom-ից եմ օգտվում։ Այն ավելի հարմար է»,- նշում է Արուսիկը։

Առցանց դասերից մի քանի զավեշտալի դրվագ է հիշում․

«Ծնողներից մեկն ինձ պատմեց, որ աշակերտս առցանց դասի մեկնարկից առաջ պայուսակն ուսին է գցում ու հանդիսավոր կերպով սենյակ մտնում այնպես, ինչպես դասարան կմտներ։ Աշակերտներիցս մեկն էլ դասի ընթացքում կողքին ջրով լի բաժակ է դնում, բայց երբեք այն չի խմում՝ առանց իմ թույլտվությունը հարցնելու։ Երեխաներն այնքա՜ն լավն են՝ նույնիսկ երբ նրանց էկրանից այն կողմ ես տեսնում։ Մեր մեջ հատուկ կապ ու մտերմություն կա, որը հեռավորությունը չի կարող կոտրել»,- անկեղծանում է Արուսիկը։

Նրա համար առցանց դասերն ահռելի պատասխանատվություն են, քանի որ աշակերտների ընտանիքի անդամները միշտ ներկա են դասապրոցեսին։ Իսկ թե ինչպես են առցանց դասերին վերաբերվում իր ընտանիքի անդամները, համբերության հարց է։

«Երեխաներս ու ամուսինս ինձ շարունակ ասում են, որ դասերի ժամանակ շատ բարձր չխոսեմ։ Խնդիրն այն է, որ ականջակալներ եմ օգտագործում, հետևաբար՝ չեմ լսում, որ իրականում բարձր եմ խոսում»,- ասում է Արուսիկը։

Պարտադիր ինքնամեկուսացման ժամանակն արդյունավետ օգտագործելն ու ինչ-որ նոր բան սովորելը շատ կարևոր է։ Այս օրերին, սակայն, կենսական կարևորություն է նաև տեղեկացված լինել, թե ինչ է կատարվում մեր հարմարավետության գոտուց՝ տանից դուրս։ Շրջակա միջավայրին առնչվող խնդիրները լուծելը մեզնից յուրաքանչուրի համար պետք է առաջնահերթություն լինի։ Այնպես որ՝ երեխաների մեջ վաղ տարիքից բնությանը սիրով ու խնամքով վերաբերվելու հատկությունը ներարկելը նշանակալիորեն կնպաստի ավելի առողջ շրջակա միջավայր և, իհարկե, ավելի լավ քաղաքացիական հասարակություն ունենալուն։

Հասարակության մեջ այս փոփոխությունը կարելի է կատարել ոչ ֆորմալ կրթության միջոցով։

Հենց այս նպատակով՝ DNA-ի թիմը ստեղծել է շրջակա միջավայրին վերաբերող թեմաների շուրջ հինգշաբաթյա անվճար առցանց դասընթաց՝ 5-րդ դասարանի աշակերտների համար։ Սա երեխաներին թույլ կտա ավելի խորը ուսումնասիրել շրջակա միջավայրին առնչվող այնպիսի հարցեր, ինչպիսիք են աղտոտումը, վերամշակումը և բնական աղետները, ինչպես նաև մտածել հնարավոր լուծումների շուրջ։ Դասընթացները կվարեն DNA-ի փորձառու և հմուտ կամավորները։ Դրանց ավարտին երեխաները հավաստագրեր կստանան։ Ծրագիրն արդեն հաջողությամբ իրականացվել է Հ․ Կոջոյանի անվան դպրոցում, որտեղ երեխաները մեծ ոգևորությամբ են մասնակցել դասերին։ Առցանց դասերը կմեկնարկեն առաջիկա երեք շաբաթվա ընթացքում, այնպես որ չմոռանաք հետևել հետագա թարմացումներին։

Պարտադիր ինքնամեկուսացման շրջանն առավել արդյունավետ օգտագործելու համար բազմաթիվ հրաշալի հնարավորություններ կան։ Այնպես որ, առանց օր անգամ կորցնելու, որևէ նոր բան ձեռնարկեք, որպեսզի «կորոնավիրուսային օրերի» ավարտից հետո տանից դուրս գաք ավելի լավ, ավելի խելացի և ավելի պատասխանատու քաղաքացի դարձած։

Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան