Գյուղատնտեսությունը՝ ժամանակակից ոլորտ

Այս անգամ DNA-ը փորձել է ավելի մոտիկից ծանոթանալ գյուղատնտեսության և, մասնավորապես, հիդրոպոնիկայի հետ։ Հիդրոպոնիկան բույսերի աճեցումն է առանց հողի` արհեստական լցանյութերի վրա սննդարար լուծույթի պարբերաբար մատակարարման եղանակով։ Ոլորտին առնչվող հարցերին ծանոթանալու համար զրուցել ենք  ՀՀ ԳԱԱ Գ.Դավթյանի անվ. հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն Աննա Թադևոսյանի հետ։

Ոլորտի առանձնահատկությունները

Ոլորտը սկսել է հետաքրքրել այն մարդկանց, ովքեր սիրում են աշխատել իրենց իսկ ստեղծած տարածքում, չլինել որևէ մեկի ենթակայության տակ, ունենալ ազատ օրվա գրաֆիկ և ինքնուրույն որոշել, թե ինչպես զբաղվել իրենց գործով։

Ոլորտը պահանջում է տեսական և գործնական գիտելիքների միախառնում։ Այստեղ կարևոր են ոչ միայն բազային գիտելիքները՝ բուսաբանական, ագրոքիմիական, կենսաբանական ուղղություններով, այլ նաև մշտական շփումը բույսերի հետ։

Պետք է մշտապես ուսումնասիրել շուկան և հասկանալ՝ տվյալ պահին որ բույսի պահանջարկն է ամենամեծը։ Խորհուրդ է տրվում ոչ ավանդական բանջարեղենների (կալե, պակչոյ, միզունա, ռուկոլա), թեյաբույսերի (կիտրոնադաղձ, պատրինջ, պղպեղային դաղձ) և համեմունքային բույսերի (կանաչ ռեհան(իտալական բազիլիկ), որը ձմռանը շատ մեծ պահանջարկ ունի) մշակումը։

Հնի ու նորի տարբերությունները

Մի քանի տասնամյակներ առաջ գյուղատնտեսական որևէ բաժնի ուսանողը համալսարանը ավարտելուց հետո կատարում էր մասնագիտական աշխատանք գյուղերում կամ շրջաններում, որին ուսանողները հիմնականում չէին մասնակցում։ Վերջին տարիներին լավ գյուղատնտեսի հեղինակությունը միանգամայն բարձրացել է։ Հիմա շատերն են փնտրում գյուղատնտեսի, ով պարբերաբար ստանում է նորանոր գիտելիքներ և տիրապետում է միջազգային փորձին։ Նույնիսկ գյուղատնտեսական կամ կենսաբանական կրթություն չունեցող մարդիկ կարողանում են անցում կատարել այս ոլորտ։ Կարևոր է նաև, որ մեր օրերում, լավ գյուղատնտես լինելով, կարելի է բավականաչափ բարձր վարձատրվել։

Ոլորտի նկատմամբ հետաքրքրությանը նպաստող գործոններ

Դեռ շատ տարիներ առաջ համապատասխան գյուղատնտեսական բաժիններում սովորող ուսանողներից շատերին չէր հետաքրքրքում գյուղատնտեսությունը (նույնիսկ գյուղական համայնքներում ապրողներին)։

Մեր օրերում երիտասարդների հետաքրքրությունը պայմանավորվում է նրանով, որ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ կարելի է ավելի շատ ուսումնասիրել գյուղատնտեսությունը ու հասկանալ՝ զբաղվել տվյալ ուղղությամբ, թե ոչ։ Բացի տեխնոլոգիաների զարգացումից, կա ևս մի օգնող գործոն, որն օտար լեզուների ավելի տարածված լինելն է։ Այժմ երիտասարդներն իրենց ուսմանը զուգահեռ, սովորում են մի քանի օտար լեզուներ, որով ավելի հեշտ է դառնում յուրաքանչյուր ոլորտի հետազոտությունը և մասնագիտական գրականության ուսումնասիրումը։

Ոլորտի տարածմանը խթանող միջոցներ

Փոքր տարիքից երեխային հողի հետ ծանոթացնելով, բույսերի մշակման յուրահատկությունների մասին պատմելով ու ավելի գործնական ձևով այդ ամենը ցույց տալով՝ կարելի է նպաստել գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրության առաջացմանը։ Գյուղական համայնքների կողմից ուսանողների վերապատրաստման ծրագրերի կազմակերպումը ևս կխթանի ոլորտի առաջխաղացմանը։

Ուրախալի է, որ վերջին տարիներին իրականացվում են ծրագրեր գյուղատնտեսական ոլորտում՝ իրազեկվածության մակարդակը բարձրացելու, արտասահմանյան մեթոդներին ծանոթանալու, փորձի փոխանակում կազմակերպելու համար։

Հեղինակ՝ Հեղինե Նավասարդյան