Բժշկի կյանքը. COVID-19-ի առաջ ու հետո

Երբեւէ հետաքրքրե՞լ է՝ ինչպես է լինում, երբ մի քանի գիշեր չես քնում, երբ մարդիկ քեզ պատմում են իրենց խնդիրների մասին՝ դրանցից ազատվելու հույսով, կամ երբ շարունակ հոգ ես տանում այն մասին, որ ընտանիքդ առողջ լինի։ Եթե սա այն է, ինչ ուզում ես, ապա կարող ես ռիսկի դիմել ու դառնալ առողջապահության ոլորտի աշխատակից, իսկ ավելի կոնկրետ՝ բուժաշխատող։ Ինչու՞ է բժիշկ լինելը միաժամանակ հիասքանչ ու դաժան։ Երեւի թե այն պատճառով, որ բժիշկները
կյանքեր են փրկում, սակայն, երբեմն, հենց իրենք փրկչի կարիք ունեն։

Վերոնշյալը տեղին է հատկապես վերջին 6 ամիսների իրադարձությունների ֆոնին։ Ինչպե՞ս COVID- 19-ը փոխեց բժիշկների կյանքը։ Փորձենք հասկանալ միասին։

Բժշկական համազգեստ՝ նոր ոճով

Բոլորս էլ գիտենք, որ բժիշկները չեն կարող գլուխ գովել իրենց նորաձեւ հագուստներով, քանի որ աշխատելիս պետք է հատուկ համազգեստ կրեն: Բայց համազգեստ կրելը երբեք այսքան ճնշող եւ ծանր չի եղել: Նրանց կրած հատուկ՝ COVID-19 պաշտպանիչ համազգեստները հաճախ մի քանի կիլոգրամ են կշռում, ուստի բժիշկների համար ավելի դժվար է աշխատել երկար հերթափոխերի ընթացքում: Հատուկ զգեստները ոչ միայն ծանր են, այլեւ նրանց մեջ չափազանց շոգ է: Զվարճալի փաստ. որոշ երկրներում բժիշկներին թույլատրվում է հատուկ զգեստները կրել հենց ներքնազգեստի վրայից, միայն թե հարմար լինի դրանցով աշխատելը:

Ցտեսություն հավաքներին ու խրախճանքներին

Լինել բժիշկ՝ նշանակում է շատ ժամանակ անցկացնել ընտանիքից եւ ընկերներից հեռու ՝ հավանաբար բաց թողնելով ընտանեկան բոլոր իրադարձություններն ու ընկերական հավաքները: Բայց կորոնավիրուսի պայմաններում իրավիճակն ավելի դժվար է դարձել: Վստահաբար տեսել եք լուսանկարներ, որոնցում բժիշկները քնած են հիվանդանոցների միջանցքներում, քանի որ նրանք շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ շարունակ տուն չեն գնացել: Եվ, նույնիսկ, երբ նրանք վերջապես տուն են հասնում, պետք է ավելի պաշտպանված լինեն: Ո՞վ գիտի ՝ վիրուսակիր են, թե ոչ, քանի որ 24 եւ 7 աշխատում են COVID հիվանդների հետ։

Առողջ սննդակարգ կամ քնի ռեժի՞մ. ժամանակ չկա

Բոլորս էլ գիտենք, որ բժիշկները միշտ խոսում են առողջ լինելու, առողջ սննդակարգ ունենալու եւ, առնվազն, 8 ժամ գիշերային քնի մասին: Իսկ ի՞նչ են անում իրենք: Թե երբ կճաշեն, սովորաբար, կախված է նրանից, թե ինչպես են իրենց զգում հիվանդները: Այնպես որ, շատ ժամանակ նրանց չի հաջողվում պահպանել լավ սննդակարգ կամ բավականաչափ քնել: Ներկայիս համավարակի օրերին բժիշկների գրաֆիկն ավելի խիստ է, ուստի նրանք ժամանակ չեն ունենում մտածելու իրենց բարեկեցության մասին: Եվ սա ամենաբարդ հարցերից մեկն է, քանի որ ուրիշներին խնամելու համար առողջապահության ոլորտի աշխատողները պետք է առաջին հերթին իրենց լավ զգան:

Կորոնավիրուսի կենդանի վկաները

Բժիշկ լինել՝ նշանակում է պատրաստ լինել տեսնել մեկին, ով տառապում է հիվանդությունից կամ, նույնիսկ, մահանում է: Եկեք չմոռանանք, որ բժիշկները նույնպես մարդ են, զգացմունքներ ունեն, եւ երբեմն, մարդկային մահ տեսնելով, կարող են հոգեպես սպառվել կամ մի քանի օր դեպրեսիվ տրամադրության մեջ ընկնել։ COVID-19 համաճարակի ավարտից հետո շատ բժիշկներ ոչ միայն արտաժամյա են աշխատում եւ ֆիզիկապես ուժասպառ լինում, այլեւ ականատես են լինում մեկը մյուսի հետեւից գրանցվող մահվան դեպքերին. երբեմն մի քանի տասնյակ մահ 1 օրում։

Վերեւում թվարկվածներից բացի, սակայն, մի դրական բան կա։ Մինչ կորոնավիրուսը, «բժիշկը» պարզապես մասնագիտություն էր, երբեմն՝ խիստ թերագնահատված: Բժիշկները միշտ հասանելիէին, միշտ պատրաստ՝ օգնելու կամ խորհուրդներ տալու առողջության հետ կապված խնդիրների վերաբերյալ: Մի կողմից, նրանց մասնագիտական պարտականությունը մարդկանց առողջությունն ապահովելն է, սակայն մյուս կողմից ՝ մարդիկ պետք է գնահատեն նրանց կատարած աշխատանքը, քանի որ, համեմատած այլ մասնագիտությունների հետ, այս մեկն ուղղակիորեն կապված է մարդկային կյանքի հետ, ինչն աշխարհում ամենակարեւորն է։ Կորոնավիրուսը մարտահրավեր է ինչպես հիվանդների, այնպես էլ բժիշկների համար: Բժիշկները հաղթում են մարտահրավերը ՝ առաջնագծում պայքարելով մարդկային կյանքի համար, ինչը մյուսներին ստիպում է վերաարժեւորել այս մասնագիտությունը՝ լինի դա ծափահարություն՝ տան պատշգամբից, թե Ռիո դե Ժանեիրոյում Քրիստոսի արձանի՝ բժշկի արտահագուստով լուսավորում:
Ավելի քան երբեւէ բժիշկներն այժմ հարգված են, եւ այսօր նրանց իսկապես վերաբերվում են որպես կյանք փրկողների։ Իսկ նրանք հենց այդպիսինն են։

Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան