Արտագրությունը՝ մեր անբաժանելի մասնիկ

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ երեխաների 90%-ը արտագրում է ստուգողական աշխատանքների ժամանակ։ Արտագրողների տոկոսային հարաբերակցությունը տարիներ շարունակ մնում նույն մակարդակի է, անկախ ուսումնական նոր մեթոդների կիրառումից և պատժամիջոցների խստացումից։ Առաջանում է հարց․ իսկ ո՞ր պահից սկսած ենք մենք սկսում արտագրել։

Այս անգամ DNA-ը խոսել տվյալ թեմայի շուրջ Երևանի դպրոցներից մեկի տնօրենի ու համալսարաններից մեկի ուսանողի հետ։ Առանձնացրել ենք մեկ ընդհանուր գիծ․ երկուսն էլ իրենց դպրոցական տարիներին սովորել են գերազանց։

Դպրոցական երկարուձիգ տարիներ

Ուսուցիչ․ «Զարմանալի կթվա, բայց դպրոցական տարիներիս ընթացքում արտագրել եմ ընդամենը մեկ անգամ, որի համար ինձ միշտ վատ եմ զգացել, քանի որ տվյալ աշխատանքի համար արժանացել եմ նույնիսկ գովեստի խոսքերի։ Միանշանակ նկատել եմ, որ դասընկերներս երբեմն դիմում են արտագրության հեշտ մեթոդին, սակայն դա երբեք ինձ չի հավատացրել, որ արտագրելը լավ բան է կամ դրանով կարելի է առանց ջանք թափելու գնահատական ստանալ»։

Ուսանող․ «Բոլոր տղաների մոտ էլ հասունանում է տարիք, երբ սկսում են չսովորել։ Ես նույնպես բացառություն չէի։ 6-7-րդ դասարանից սկսած զբաղվում էի այլ նախասիրություններով ու չէի գտնում ժամանակ տնայիններս մինչև վերջ կատարելու համար։ Իհարկե սկսվեց առավոտյան շուտ ու դասաժամերի ընթացքում արտագրելը, որը երբեմն ավելի հեշտ էր դարձնում բարձր գնահատական ստանալը։ «Կրկնեմ գամ» բոլորիս հայտնի արտահայտությունը վերածվեց «արագ սովորեմ գամ»-ի ու դասերը անելու ժամանակը շատ հաճախ փոխարինվեց արտագրելու նոր մեթոդներ զարգացնելուն»։

Բազմաշերտ պատճառներ

Ուսուցիչ․ «Երեխայի արտագրության մեջ վճռորոշ դեր են ունենում ծնողները, որոնք երեխային սովորելու ձևը սովորեցնելու փոխարեն, անում են ամբողջ աշխատանքը նրա համար։ Ուսուցիչները կամ դասընկերները վերաբերվում են անհարգալից ցածր գնահատական ստացողներին։ Ուսուցման և գնահատման համակարգը, թվում է, որ տրված խնդրի ամենակարևոր պատճառներից են, սակայն, ըստ իս, հիմնական պատճառը արժեքային համակարգի տարբերությունն է»։

Ուսանող․ «Գերազանցիկի վաստակած անունը պահելը և բարձր գնահատական ստանալու ցանկությունը տվյալ խնդրի հիմնական երկու պատճառներն են։ Անհատի ձևավորման շրջանում, այն առարկաները, որոնք առաջ կարող էինք առանց ցանկության սովորել, սկսում ենք ուղղակի չսովորել։ Գերազանցիկ լինելով` չես ուզում արտագրել, բայց չես ուզում նաև ցածր ստանալ։ Տվյալ պահին հասկանում ես, որ ինքդ քեզ ես խաբում ու տարիներ հետո սկսում ես նաև հասկանալ, որ այդ պահին ոչ մի օգուտ էլ չունեիր, բայց, միևնույնն է, արտագրում ես հնարավորության դեպքում։

Ծնողների երազանքն է մեզ առաջինը տեսնել ամեն ինչում ու ծնողի չափից դուրս հոգատարությունն էլ ստիպում է մեզ անընդհատ մտքում պահել բարձր գնահատական ստանալու ցանկությունը, որը երբեմն լինում է ամեն ինչի գնով»։

Հասարակությունը՝ ազդեցիկ գործոն

Ուսուցիչ․ «Մարդիկ, անկախ տարիքից, չափազանց մեծ ուշադրություն են դարձնում հասարակության վերաբերմունքին ինչ-որ փոփոխվող արժեքների վերաբերյալ, որը փոքր տարիքում ստացած բարձր գնահատականն է։

Մեր ընտանիքները սովորություն ունեն մեզ համեմատել բոլորի հետ՝ ընտանիքի և՛ ներսում, և՛ դրսում։ Դա մեզ ստիպում է՝ նույնիսկ արտագրության գնով, հասնել այդքան բաղձալի բարձր գնահատականին»։

Ուսանող․ «Մինչ դպրոց մուտք գործելը ընտանիքում դրված են լինում ճիշտ ու սխալի պատկերացումներ ու, դպրոց մտնելով` սկսում ես հետևել դրանց։ Սակայն միշտ չէ, որ մարդկանց ճիշտ ու սխալի պատկերացումները համընկնում են ,ու տվյալ տարբերությունը առաջ է բերում որոշ երևույթների՝ աչքին սովորական դառնալուն»։

Արտագրությունը քչացնելու միջոցներ

Ուսուցիչ․ «Դեռ մանկուց երեխաները պահանջում են արդարություն իրենց հանդեպ։ Ճիշտ ու սխալի, բարու ու չարի մասին պատկերացումների պարզաբանումը երեխաների հետ, պարբերաբար քննարկումների կազմակերպումը անարդարության ու դրա դրսևորումների վերաբերյալ, կօգնի նրանց ձեռք բերել հստակ տեսակետ արդարության մասին։ Գնահատականները հանելու տարբերակը նույնպես հնարավոր է արդյունավետ լինի տվյալ խնդրի լուծման գործում»։

Ուսանող․ «Դասերը ավելի հետաքրքիր ներկայացվելու դեպքում, կարծում եմ, նույնիսկ առարկայով չհետաքրքրվողները հաճույքով կսովորեն ու կուզեն իրենց իրական գիտելիքները տեսնել անգամ տվյալ առարկայի մեջ»։

Հեղինակ՝ Հեղինե Նավասարդյան