Արկածային տուրիզմ՝ կանիոնինգ, ռաֆթինգ, դայվինգ

Արկածային տուրիզմը նոր զարգացող ոլորտ է Հայաստանում և մեր աշխարհագրական դիրքը այդ առումով բավական նպաստավոր է։ Տեսակնեը շատ են, բայց DNA-ի հերթական նյութում կներկայացնենք դրանցից երեքը՝ կանիոնինգ, ռաֆթինգ:

Կանիոնինգ/Canyoning

Canyoning-ը ակտիվ հանգստի և ամենահին սպորտաձևերից մեկն է, որը սերտ կապված է արշավների, լողի, ժայռամագլցման հետ: Կանիոնինգով զբաղվելիս ոչ միայն հաղթհարում եք բազմաթիվ խոչընդոտներ, անցնում կիրճեր, ցատկում, լողում, այլ նաև մարզում մարմնի մկանները:

Հատկանշական է, որ այս մարզաձևը կարող են վայելել մեծ թվով մարդիկ, քանի որ ունի դժվարության՝ 10-3 սանդղակ:

Մասնակիցներից պահանջվում է՝

-140 սմ -ից մինչև 190 սմ հասակ

-Մինչև 110 կգ քաշ

-Ցանկալի է նաև լողալ իմանալ, խուճապի չմատնվել վարար գետից և բարձրությունից

-Ունենալ սպորտային կոշիկներ

Canyoning-ի անցակացման վայրերը

Սատանի կամուրջ (հեշտ. 10 դժվարությունից 3-ը)

Գտնվում է Երևանից 250 կմ հեռավորության վրա՝ Սյունիքի մարզում, Տաթևի վանքի մոտ: Այստեղ առանձնանում է Որոտան գետի կիրճը՝ 500 մ խորությամբ: Այն համարվում է Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկը:

Խորսովի անտառ (հեշտ. 10 դժվարությունից 3-ը)

Երևանից 45 կմ հեռավորության վրա է գտնվում: Այստեղ կան ջրվեժներ, որոնք 5, 7 մ կամ նույնիսկ 25 մ բարձրություն ունեն:

Լիճք (միջինը ՝ 5-ից 10 դժվարություն)

Երևանից 350 կմ հեռավորության վրա է գտնվում: Ձորափորի  ջրվեժների կասկադը և ջրվեժներով միմյանց հետ կապված փոքր լողավազանները կարելի է անցնել պարաններով, սահելով կամ ցատկելով: 

Տաթև (Դժվար. 10-ից 8 դժվարություն)

Սա ծայրահեղ դժվար երթուղի է, որը հարմար է միայն ֆիզիկապես լավ մարզավիճակում գտնվող մարդկանց համար, ովքեր պատրաստ են նոր մարտահրավերներ հաղթահարել: Հետագծի երկայնքով հայտնաբերված են 16 ջրվեժներից բաղկացած կասկադ, որոնց միայն կեսը կարող եք մեկ օրվա ընթացքում անցնել:

Ռաֆթինգ/ Rafting

Ռաֆթինգը  ջրային սպորտի ամենէքստրեմալ տեսակներից է: Այն լեռնային գետերի հոսանքի ուղղությամբ ռետինե նավակով 4-20 հոգանոց խմբերով թիավարումն է։ Վերջինս իրականացնելու հիմնական գետերն են՝ Ձորագետը, Քասաղը, Թարթառը և Դեբետը: Ռաֆթինգի ուղևորություններն ուղեկցվում են նաև փոքր արշավներով և ջրային ջամփինգով (թռիչք կամրջից գետի մեջ):

Սովորաբար Դեբետ գետում երթուղին ներառում է 12 կմ և պահանջում 1 ժամ 20 րոպե:

Մի քանի օգտակար խորհուրդ

-Ծանոթացե՛ք անվտանգության կանոններին և ստորագրեք այն։

-Անպայման վերցրե՛ք փոխարինող հագուստ․հավանականություն կա, որ ամբողջությամբ կթրջվեք։

-Ունեցեք ջրակայուն տեխնիկական միջոցներ այդ խելագար պահերը ֆիքսելու համար։

Դայվինգ /Diving

Լինելով լեռնային երկիր՝ Հայաստանը երբեք չի ասոցացվել սուզվելու հետ, այնինչ Սևանը շատ հարմար վայր է սուզորդության համար: Սևանում դայվինգը կոչվում է բարձրադիր (altitude diving), որը հաճախ հանդիպող երևույթ չէ աշխարհում։ Ստորջրյա տեսանկյունից Սևանն առաջարկում է ոչ թե գունավոր ձկներ և կորալներ, այլ հետաքրքիր բուսականություն, չքնաղ ստորջրյա ժայռեր, հնագիտական տարբեր տեսարաններ, և յուրաքանչյուր ափից սուզվելիս կարող եք նոր բացահայտումներ անել։

Այսպիսով անդրադարձանք արկածային տուրիզմի տեսակներից երեքին, որոնք կարճ ժամանակահատվածում հասցրել են դառնալ հետաքրքիր ժամանցի տարբերակ:

Հատուկ շնորհակալություն՝  Diving in Armenia, Rafting in Armenia, Canyoning in Armenia

Հեղինակ՝ Անի Խաչատրյան