«Առյուծի ձագն առյուծ է. որձ, թե էգ». զենքը ձեռքին ու կարմիր շրթներկով հայրենիքը պաշտպանելու ավանդույթը

28 տարի առաջ, 1992-ին, երբ Արցախում պատերազմ էր, Աիդա Սերոբյանը 36 տարեկան էր, աշխատում էր պոլիկլինիկայում: Մի օր, աշխատանքից տուն գալով`լուրերի արտակարգ թողարկում է տեսնում, որտեղ հայտարարվում է, որ Արցախում բժշկական անձնակազմ է անհրաժեշտ:

Հաջորդ առավոտ, սովորության համաձայն` աշխատանքի գնալու փոխարեն Աիդան գնում է Առողջապահության նախարարություն և խնդրում, որ իրեն ուղարկեն Արցախ: Իմանալով, որ իր ընտանիքը ցնցվելու է լուրից և, միգուցե, դեմ է լինելու, որոշում է թագցնել եղելությունը: Մորն ասում է, որ իրեն ուղարկել են Ջերմուկ՝ աշխատլու տեղի առողջապահական կենտրոններից մեկում: Արդյունքում՝ մարտի դաշտում զինվորներին առաջին բուժօգնություն է ցույց տալիս․հենց այդպես էլ դառնում է ռազմի դաշտի «դոխտուրը» (բժիշկ), ինչպես իրեն զինվորականներն էին կոչում։

28 տարի անց ՝ 2020 թվականին, պատմությունը կրկնվում է: Միայն թե այս անգամ Աիդան արդեն գնդապետ է շատ ավելի փորձառու ու շատերին հայտնի։

«Այս անգամ հայերի գոյության, լինել-չլինելու հարցն է, ուստի պետք է գնանք մինչև վերջ», – ասում էր Աիդան: Գնդապետը, որն այսքան շատ մահեր է տեսել, այսքան արյուն, ցավ ու հիասթափություն, երբեք չի կորցրել ուժն ու կանացիությունը: Մազերը միշտ հարդարած, կարմիր շրթներկով, երբեմն բարձրակրունկներով և, ամենակարևորը, վարակիչ ժպիտով:

Երբ իրավիճակը ծայրաստիճան սրվեց Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև Աիդան առաջին իսկ օրվանից ռազմաճակատ ճամփա ընկավ: Կարմիր շրթներկն էլի  կա՝ նույնիսկ ռազմի դաշտում: Ժպիտը՝ նույնպես: Կնոջ ուժը պետք է ամուր մնա՝ անգամ պատերազմի օրերին:

«Ինձ դուր է գալիս, թե ինչպես էր նա պատերազմի մասին այդքան հանգիստ ձայնով խոսում՝ միշտ պահելով իր դրական և հզոր էներգիան», – հիշում է Աիդայի ուսանողներից Նարինեն, – «Երբեք չէր նվնվում պատերազմի մասին կամ լացում՝ որևէ բան պատմելիս: Կարծում եմ, Արցախն ու պատերազմն են նրան «պարգևատրել են» այդպիսի ուժով և սառնասիրտությամբ (լավ իմաստով) »։

Նարինեն խոստովանում է՝ գնդապետ Աիդայի դասերը ամենահետաքրքիրն էին քոլեջում, քանի որ այն ամենն, ինչ պատմում էր, հիմնված էր կյանքի իրական փորձի վրա, որը միշտ էլ ավելի լավ է, քան ցանկացած տեսական նյութ:

Մեկ այլ ուսանող՝ Աննան, վստահ է, որ այն, ինչ գնդապետ Աիդան սովորեցնում է երիտասարդ սերնդին, շատ կարևոր է: «Նա սովորեցնում է սիրել հայրենիքը և, անհրաժեշտության դեպքում, պաշտպանել այն: Հայրենիքի նկատմամբ սերը պետք է արտահայտել ոչ թե խոսքերով, այլ արարքներով», – ասում է Աննան:

Աննայի կարծիքով երկար ժամանակ երիտասարդ սերունդն ապրել է՝ մտածելով, որ պատերազմներ լինում են միայն ֆիլմերում, բայց այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերին, ցույց տվեց, որ նման դեպքերն ավելի քան իրական են:

«Հիմա մենք իսկապես հասկանում ենք, թե ինչի մասին է խոսքը, որովհետև ամեն ինչ արդեն մեր մաշկի վրա ենք զգում: Մեր քոլեջից այնքան շատ տղաներ գնացին ռազմի դաշտ, և, ենթադրում եմ, որ նրանցից ոմանք համարձակություն էին հավաքել հենց գնդապետ Աիդայի դասերի շնորհիվ: Մի ասացվածք կա, ճշգրիտ նկարագրում է տիկին գնդապետի պատմությունը. «Առյուծի ձագն առյուծ է, որձ, թե էգ», – ասում է Աննան։