Ի՞նչ կլինի, եթե մի օր ռոբոտները փոխարինեն մարդկանց, իսկ տեխնոլոգիաներն աշխարհում ամենահզոր ուժը դառնան: Եթե գոնե մեկ անգամ մտածել եք այս հարցի շուրջ, ապա ՏՏ ոլորտը ձեզ ինչ-որ չափով հետաքրքրել է: Հենց դրա համար էլ DNA-ի թիմը Ձեզ տալիս է հիանալի հնարավորություն՝ ուսումնասիրելու ՏՏ ոլորտը եւ ձեռք բերելու նոր, օգտակար հմտություններ:
«Effective Web Programming»-ի հետ համագործակցության շրջանակում DNA-ն առաջարկում է ՏՏ ոլորտին վերաբերող 5-անգամյա անվճար դասընթաց ՝ Հայաստանի մարզերի 12-15 տարեկան երեխաների համար: Գրանցվել կարող եք ։ Գրանցման վերջնաժամկետն օգոստոսի 6-ն է:
Այժմ տեսնենք, թե ով է կանգնած «Effective Web Programming»-ի հետեւում եւ ի՞նչ պատմություն ունի ընկերությունը: Ձեզ ենք ներկայացնում մեր հարցազրույցը «Effective Web Programming»-ի հիմնադիր Գեւորգ Աբրահամյանի հետ:
Որքա՞ն ժամանակ է՝ ՏՏ ոլորտում եք եւ ինչի՞ց սկսեցիք։
– IT-ն ինձ հետաքրքրում էր 2007 թվականից, սակայն համալսարանի դասերը եւ զուգահեռ աշխատանքը թույլ չէին տալիս այս հրաշք ոլորտ մուտք գործել: 2017-ին հասկացա, որ կայուն ապագա ունենալու համար պետք է խորանալ այս ոլորտի մեջ: Նույն տարում սովորեցի մասնավոր ընկերությունում, սակայն հասկացա, որ այստեղ հաջողության հասնելու համար պետք է շեշտն ավելի շատ ինքնակրթության վրա դրվի, եւ քանի որ համացանցը հեղեղված էր տեղեկատվությամբ, շատ արագ հասկացա, թե ինչ է ինձ պետք: Մի քանի ամիս քրտնաջան ուսումից հետո սկսել եմ աշխատել որպես դասախոս եւ մինչ այժմ սիրով կատարում եմ իմ աշխատանքը:
Դժվարություններ ունեցե՞լ եք աշխատակիցներ գտնելիս եւ, ընդհանրապես, ձեր նախաձեռնության սկզբում ի՞նչ մարտահրավերներ եք ունեցել։
– Սկզբնական շրջանում աշխատակիցներ չեմ ունեցել, քանի որ Հայաստանում շատ են այս տեսակ ընկերությունները, եւ ինձնից շատ ժամանակ, ջանք ու եռանդ պահանջվեց, որպեսզի կարողանամ կայանալ ոլորտում։ Մեծ ցանկությունը եւ սերն առ ՏՏ ոլորտ ինձ ստիպեցին ավելի լուրջ մոտենալ այս ամենին, եւ ես կարողացա հաղթահարել առաջին փուլը։ Հետո, երբ արդեն անհրաժեշտ էին աշխատակիցներ, որոնք հիմնականում ծրագրերի ժամանակ պետք է ինձ օգնեին, արդեն ունեի ուսանողների եւ գործընկերների մեծ խումբ, եւ հեշտությամբ կարողանում էի ընտրել, թե ում վստահել։ Աշխատել եմ միշտ ինքս դասավանդել։ Իհարկե, եղել են այնպիսի փուլեր, որոնց ժամանակ ուղղակի անհնար էր միայնակ աշխատել, եւ իմ խելացի ուսանողները ինձ օգնության են հասել։
– Նախ այս ոլորտը բավականին հետաքրքիր է. ամեն ժամ հայտնվում են նոր տեխնոլոգիաներ, որոնք ավելի են հետաքրքրացնում աշխարհը, եւ դու ակամայից տեղյակ ես լինում աշխարհում կատարվող բոլոր նորարարություններց, իմանում, թե իրականում ինչպես են աշխատում բոլոր այն սոցիալական կայքերը, որտեղ մենք բոլորս անցկացնում ենք մեր օրվա մեծ մասը: Կարծում եմ, անկախ մասնագիտությունից, մարդը պետք է գոնե նվազագույն չափով տեղյակ լինի ՏՏ ոլորտի ձեռքբերումներից, ինչով եւ անհամեմատ կհեշտացնի իր կյանքը։ Աշխարհում արդեն ցանկացած աշխատանք սկսել են վստահել համակարգչին։ Եթե այսպես շարունակվի, ապա մոտակա տարիներին տասնյակ մասնագիտություններ կվերանան, եւ նրանց կփոխարինեն համակարգիչները։ Դե իսկ համակարգիչներին էլ պետք են խելացի եւ բանիմաց ծրագրավորողներ։
Ի՞նչ առավելություն է տալիս ՏՏ ոլորտում ներգրավված լինելը եւ, ըստ Ձեզ, ինչու՞ պետք է երիտասարդներն այս ոլորտով հետաքրքրվեն։
Ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը DNA-ի հետ։
– DNA -ի մասին տեղեկացել եմ իմ ուսանողից։ Առաջարկը եղավ իրենց կողմից եւ, քանի որ ժամանակին ինքս զբաղվել եմ բարեգործական կրթությամբ, համագործակցության գաղափարը հետաքրքրեց։ Եվս մեկ կարեւոր հանգամանք է այն, որ ուսանողները, անցնելով պրակտիկա, կարողանում են միաժամանակ եւ՛ ոլորտում հմտանալ, եւ՛ բարի գործ կատարել։ Ըստ իս՝ յուրաքանչյուր հայ պետք է իր հնարավորության սահմաններում օգտակար լինի մնացածին, առավել եւս՝ երեխաներին, քանի որ նրանք են մեր հզոր երկրի երաշխիքը։
Ի՞նչ ծրագրեր են սպասվում DNA- ի հետ համագործակցության շրջանակում։
– DNA- ի հետ նախատեսում ենք կազմակերպել ամբողջական կուրսեր, իսկ համագործակցության շրջանակում առաջին 5 դասերը կլինեն ծանոթություն այս ոլորտի հետ: Այնուհետեւ ցանկացողները կգրանցվեն մեր ընկերությունում եւ կստանան լիարժեք ուսում՝ արդեն վճարովի, սակայն հատուկ զեղչով:
Ի՞նչ 5 խորհուրդ կտաք ոլորտի սկսնակերին (օր՝ սկսնակ ծրագրավորողներին)։
- Նախ, սկսելուց առաջ, պետք է որոշակի հետաքրքրվածություն ունենան այս ոլորտի հանդեպ, որպեսզի հանդիպելիք դժվարությունները կարողանան հաղթահարել։
- Երբ առաջին փուլը հաղթահարեն, պետք է հնարավորինս շատ ժամանակ տրամադրեն աշխատանքին։ Կոպիտ ասած՝ մի քանի ամսով կտրվեն աշխարհից, ինչից հետո կհայտնվեն ՏՏ հրաշք աշխարհում։
- Խորհուրդ կտամ սկսել վաղ տարիքից, քանի որ այս ոլորտը շատ ծավալուն է, այդ իսկ պատճառով վաղ տարիքից սկսած ուսանողները ավելի շատ լեզուներ (խմբ. ծրագրավորման) են հասցնում ուսումնասիրել։
- Սովորելու ընթացքում շատ կարեւոր է, որ ուսանողը նաեւ ակտիվ ինքնակրթությամբ զբաղվի, անընդհատ նոր բաներ սովորի, նոր տեխնոլոգիաներ կիրառի։
- Ավարտելուց հետո խորհուրդ կտամ հենց սկզբից չփնտրել բարձր աշխատավարձով աշխատանք։ Պետք եղած ժամանակ նույնիսկ անցնել անվճար պրակտիկա, եւ այդ ժամանակն օգտագործել որպես վերապատրաստում, իսկ դրանից հետո կյանքն ինքն իրեն կդասավորվի։
Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան