Աղբ այրելը՝ վճարովի հաճույք

«Ի՜նչ հաճելի եղանակ է։ Կարելի է գնալ զբոսնելու ու վայելել արևը»,- մտածում էի ես՝ նայելով արդեն մեկ շաբաթ ջրի երես չտեսած չոր ասֆալտին։

«Կարոտում եմ անձրևի հոտը»,- բարձրաձայն ասացի ես։

«Ճիշտ ես անում»,- հանկարծ սարկազմով պատասխանեց մեծ քույրս՝ մի կում անելով իր կարամելային սուրճից։

«Բայց ինչու՞»,- զարմացա ես։

«Որովհետև դրսում հիմա միայն այրված աղբի զզվելի հոտն է։ Թաղամասում ամենուր այդ հոտն է»,- ասաց նա։

Չկարողացա թաքցնել հիասթափությունս, երբ արագ բացեցի պատուհանը՝ ստուգելու քրոջս ասածը։ Եվ իսկապես․ դրսում միայն այրված աղբի տհաճ հոտն էր։

«Ինչ զզվելի է»,- ասացի ես։

Միայն այն միտքը, որ աղբը կարելի է այրել, ինձ համար արդեն տհաճ էր։ Իսկ դրա հոտը․․․

Ինքս ինձ հարցրի՝ արդյոք աղբ այրելն օրինակա՞ն է։ Առանց ժամանակ կորցնելու, վերցրի դյուրակիր համակարգիչս ու թեմայի վերաբերյալ տեղեկություն փնտրեցի։ Բախտս բերեց․ պարզվեց՝ Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարությունը, օդի աղտոտվածության դեմ պայքարի շրջանակում, ներկայացրել է օրենսդրական նոր նախագիծ, որով նախատեսվում է տուգանել նրանց, ովքեր աղբ կայրեն։ Տուգանքը կկազմի 50-800 հազար դրամ։

«Ներկայացված նոր օրենսդրական նախագծով առաջարկվում է տուգանք սահմանել արտադրությունից, սպառումից, տերևաթափից առաջացած թափոնները բնակավայրերում ու դրանց շրջակայքում կամ դրա համար չնախատեսված վայրերում այրելու համար։ Այս գործողությունները կառաջացնեն նախազգուշացում կամ տուգանքի նշանակում, քաղաքացիների նկատմամբ` 50․000 դրամի չափով, պաշտոնատար անձանց համար՝ 200․000 դրամի չափով։ Չի շրջանցվի նաև արտադրության կամ սպառման թափոնները չարտոնագրված աղբավայրերում այրելու խնդիրը։ Այս դեպքում քաղաքացիները կտուգանվեն 100․000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ 400․000 դրամի չափով: Եթե տուգանքի նշանակումից հետո մեկ տարի ժամկետում իրավախախտումը կրկնվի՝ տույժն արդեն կկազմի 200․000 դրամ՝ քաղաքացիների համար, պաշտոնատար անձանց համար՝ 800․000 դրամ»,- նշված էր նախագծի մեջ։

Սա նոր հնարավորություն կտա՝ պահպանել շրջակա միջավայրը և նշանակալիորեն բարելավել ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ ամբողջ երկրի օդի որակը։

«Վերջապե՜ս»,- բարձրաձայն ասացի ես։

Քույրս շարունակեց․ «Իսկ դու գիտե՞ս՝ ինչպես են այս խնդրի դեմ պայքարում այլ երկրներում»։

Ես գաղափար անգամ չունեի, այնպես որ գլխով «Ոչ» ցույց տվեցի։

«Օրինակ՝ Ինդոնեզիայում մարդիկ աղբը կամ թափոնները փոխանակում են անվճար բուժօգնության հետ։ Բուժհաստատությունները նրանցից վերցնում են աղբը և վաճառում վերամշակողներին։ Հետագայում հավաքված գումարը հատկացվում է մարդկանց հիմնական առողջական ապահովագրությանը»,- ասաց քույրս։

Ինձ համար սա իսկական նորություն էր։ Շատ էի զարմացել։

«Իսկ ինչու՞ նման մի բան էլ Հայաստանում չենք անում»,- հարցրի ես։

«Դե, կարծում եմ դա կարող է լինել քո առաջին առաջարկը, երբ արդեն Ազգային ժողովում պատգամավոր կլինես»,- ասաց քույրս։

«Հիմա արդեն ավելի մեծ մոտիվացիա ունեմ երազանքիս աշխատանքին հասնելու համար»,- լայն ժպիտը դեմքիս եզրափակեցի ես։

Հեղինակ՝ Նելլի Մելքոնյան