ՀՀ մարզային համայնքներում կան տարբեր խնդիրներ, որոնց լուծման համար բնակչությունը՝ մասնավորապես երիտասարդությունը, հանդես է գալիս իր նախաձեռնողականությամբ կամ ոչ: Իսկ որո՞նք են այդ խնդիրները, ո՞ր
մարզերի երիտասարդներն են առավել ակտիվ, և ո՞ր կազմակերպությունն է, որ օգնում է նրանց ինքնակազմակերպման հարցերում:
Այս առիթով DNA-ը Ձեզ համար պատրաստել է հետևյալ բովանդակային նյութը, որի շրջանակներում զրուցել ենք Ուրբանիսատա կայքի լրագրող և սոցմեդիայի պատասխանատու՝ Անահիտ Մինասյանի հետ:
Հարգելի՛ Անահիտ, ե՞րբ է ստեղծվել Ուրբանիստան և ինչու՞ հենց Ուրբանիստա:
«Մեր թիմը, որ սկզբում բաղկացած էր 3 հոգուց, լրագրությամբ էինք զբաղվում տարբեր մեդիա հարթակներում՝ լուսաբանելով մշակութային, սոցիալական, ժամանակակից տեխնոլոգիաների, բնապահպանության վերաբերյալ նյութեր: ՀՀ-ում գրանցված 49 քաղաքներից առնվազն խոսում էին 2-ի մասին՝ Երևանի և Գյումրիի Լուսաբանում էին՝ գյուղատնտեսություն, քաղաքականություն, իսկ քաղաքների կյանքը՝ նամանավանդ քաղաքաշինական տեսանկյունից, դուրս էր այս ամենից: Այդ պատճառով մենք որոշեցինք հիմնել մի մեդիա հարթակ, որը ոչ միայն կլուսաբանի հայաստանյան քաղաքների խնդիրները, այլ նաև կօգնի մարդականց գտնել ճիշտ լուծումներ՝ հիմնված մեր մասնագետների և միջազգային փորձի վրա: «Ուրբան» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է քաղաք,
որտեղից էլ բխում է անվան բացատրությունը»:
Անահիտը նշում է հստակ օրինակներ, որոնցից այսօր կխոսենք ուկրանիական Իվանո-Ֆրանկիվսկ քաղաքի մասին: Ուկրաինայի արևմուտքում գտնվող Իվանո-Ֆրանկիվսկը երկրի փոքր մարզային կենտրոններից է, որն ունի հարուստ պատմություն: Այն հիմնադրվել է 1662 թվականին՝ երկու գյուղերի տեղում: Խորհրդային ժամանակաշրջանում Ֆրանկիվսկը նաև արդյունաբերական քաղաք էր․ այստեղ գտնվող խոշոր գործարաններից էր Պրոմպրիբոր (Պրոմպրիլադ) սարքավրումների գործարանը: Ինչպես այլ հետսովետական երկրներում, 1990-ներից հետո գործարանների մի մասը կանգնել է, իսկ մյուս մասը կորցրել էր հզորության մեծ մասը: Տնտեսությունն անկում էր ապրել:
Ներկայացնեք քաղաքում իրականացված 3 նախաձեռնություն, որոնք ունեցել են մեծ հաջողություն:
1.Նախկին արդյունաբերական տարածքների վերաիմաստավորում
Ճարտարապետներ Աննա Պաշինսկան և Աննա Դոբրովան այն երիտասարդ մասնագետներից են, որոնք, բնակվելով Վիեննայում, որոշել են տեղափոխվել Իվանո-Ֆրանկովսկ: Այստեղ նրանք հիմնել են ՄետաԼաբ քաղաքաշինական լաբորատորիան: Սկսել են Պրոմպրիլադ գործարանի վերաիմաստավորման նախագծային աշխատանքներից, հետո՝ ձեռնարկել գործարանի տարածքի զարգացմանն ուղղված աշխատանքները:
Այս վայրը քաղաքի բնակիչների, տարբեր երկրներից ժամանած փորձագետների և տեղի իշխանությունների համախմբման կետն է, որտեղ քննարկվում է քաղաքի ապագան:
2. Հեծանվային ցանցի ստեղծում
Հեծանվորդ, ակտիվիստ Միրոսլավ Ֆեդորկիվի ջանքերով 2015թ.քաղաքում ստեղծվում է հեծանվային ենթակառուցվածքների զարգացման հնգամյա ծրագիր: Հեծանվային երթուղիները միացնում են քաղաքի ծայրամասերը և կենտրոնը: Հեծանվավազքի երկար ուղին անցնում է քաղաքում հոսող գետի երկայնքով:
3.Հին պատմական դռների վերականգնում
Մի մարդ էլ, հետաքրքրվելով քաղաքի հին դռների պատմությամբ, հավաքել էր իր շուրջ 7000 մարդու և 4 տարվա ընթացքում վերականգնել են մոտ 30 պատմական փայտե դռներ:
«Այս ամենը տեսնելով մենք պատրաստել ենք մի նախագիծ, որի շրջանակներում տեքստի, վիդեոների և ինֆոգրաֆիկաների միջոցով լուսաբանել և այն դարձրել ենք ձեռնարկ՝ հայաստանյան երիտասարդության համար»- հավելեց Անահիտը:
Մեր այն հարցին, թե որոնք ենք մարզերի գլխավոր խնդիրները, Անահիտը նշեց հանրային գոտիների բացակայությունը և տրանսպորտային հիմնախնդիրները: Օրինակ բերելով Թալին քաղաքը՝ նշեց որ, ստեղծվել է մի գեղեցիկ զբոսայգի, իսկ մյուսը վերածվել է տղամարդկանց հավաքատեղիի: Ալավերդի քաղաքում առկա մի քանի զբոսայգիներ էլ անխնամ ու մոռացված են, իսկ վայրի բնությունը վերցնում և գրավում է այն տարածքները, որոնք մարդը չի խնամում: Ինչ վերաբերում է տրանսպորտային խնդիրներին, դրանք առկա են բոլոր մարզերում, և ըստ Ուրբանիստայի ուսումնասիրության՝ ՀՀ 600 համայնքից 86-ում հանրային տրանսպորտ չի գործում:
-Արդյո՞ք մարզերի երիտասարդները ձեռնամուխ են լինում այդ խնդիրների լուծմանը: Եթե այո՛, ապա ինչպես:
«Մեզ դիմել են Իջևանից, Հրազդանի, Չարենցավանից, Նոյեմբերյանից, Մարտունուց, Վանաձորից, Թալինից բազմաթիվ երիտասարդներ, որ ցանկանում են զարգացնել իրենց քաղաքները: Սակայն կան մարզեր, որոնց երիտասարդությանը դեռ պետք է համախմբել: Մենք ունենք երիտասարդների մեծ ներուժ մեր մարզային քաղաքներում և սերտ համագործակցում ենք ինֆոտների հետ, որի միջոցով երիտասարդները ստանում են ոչ ֆորմալ կրթություն: Մենք բազմիցս հանդիպել ենք այդ հզոր երիտասարդության հետ զրուցել, ոգեշնչել»-ասաց Անահիտը։
-Ի՞նչ ծրագրերի վրա եք հիմա աշխատում և որքանո՞վ են համայնքի երիտասարդները ներգրավված:
«Ներկա դրությամբ աշխատում ենք մի շարք ծրագրերի վրա, որոնցից կառանձնացնեմ ‹‹Կարդալ քաղաքը››: Դրա միջոցով մարդկանց ցույց ենք տալիս քաղաքը ճարտարապետի, սոցիոլոգի, մարդաբանի հայացքով՝ լի անցյալի հիշողություններով և պատմությամբ: Այդպիսիք են՝ Կոնդը, Նորքը, Ֆիրդուսը:
Օրինակ՝ հիմա պայքար է մղվում Ֆիրդուսի թաղամասի համար, որն ունի առնվազն 120 տարվա պատմություն: Այս ծրագրի միջոցով մենք ուզում ենք ցույց տալ, որ քաղաքը դա զուտ շենքները չեն, և այն մենք տարածում ենք ինֆոտների միջոցով»-ասաց Անահիտը։
Ցանկանում ենք հավելել, որ ներկայիս երիտասարդները շատ վստահ են իրենց քայլերում, ինչը հրաշալի է, բայց պետք են մարդիկ, որ նրանց կուղղորդեն, կօգնեն, որպեսզի չկոտրվեն:
Հեղինակ՝ Անի Խաչատրյան